Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական դաշնակցի ռազմավարական ճնշումները

Մայիս 24,2013 14:00

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ գազային ճնշմամբ ՌԴ-ն փորձում է կասեցնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումը:

– Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, հետընտրական փուլը ինչո՞վ է առանձնանում:

– Մեկ տարվա ընթացքում երեք ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքական ողջ համակարգը բացահայտեց իր սպառվածությունն ու  սնանկությունը: Քաղաքական համակարգը ներկայիս իր վիճակով անկարող է ապահովել որեւէ դրական տեղաշարժ: Թե իշխանական, թե ընդդիմադիր, թե ոչ իշխանական հատվածները փաստացի չունեն քաղաքական բովանդակություն ու գործելակերպ եւ իրենց տարանջատել են հասարակությունից: Իշխանությունը շարունակում է մնալ օլիգարխիկ, չի իրականացնում քաղաքական կառավարում, քաղաքական փոփոխությունների խոստումները մնում են օդում կախված, եւ գործող իշխանությունը առայժմ որեւէ քայլ չի կատարում, որով կապացուցեր, որ մտադիր է Հայաստանը բնականոն զարգացման ուղով տանել, թեեւ ունի դրա բոլոր հնարավորությունները:

Ընդդիմադիր դաշտում գերիշխում են սելեկտիվ սկզբունքայնությունը, ոչ հրապարակային, ստվերային գործառույթներն ու գործարքները: Ընդդիմադիր հատվածը հեղափոխական սցենարներից բացի՝ իրավիճակին համարժեք որեւէ քաղաքական օրակարգ այդպես էլ չի ձեւավորել: Անմխիթար է եւ չկայացած ժողովրդավարական ընդդիմությունը, որի կայացումը ժամանակի հրամայական է:

– Ի՞նչ օրակարգ պետք է ձեւավորեին ընդդիմադիր ուժերը:

– Ընդդիմադիր դաշտում գերակայում են ցնցումային, անհնազանդության, հեղափոխական եւ ոչ գաղափարական մոտեցումները: Կարեւորագույն խնդիրը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատումն է, բայց նախեւառաջ անհրաժեշտ է հասնել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը, եւ ոչ միայն իշխանության ներսում, այլեւ քաղաքական համակարգի ոչ իշխանական եւ ընդդիմադիր հատվածներում:

Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը պետք է լինի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման պայմանագրի ստորագրումը եւ այդ պայմանագրից բխող պարտավորությունների հետեւողական իրականացումը: Հայաստանի համար սա աննախադեպ հնարավորություն է՝ կատարել անցում քրեաօլիգարխիկ երկրից դեպի զարգացող պետության: Սա զուտ հնարավորություն է, շանս, որն իրականացնելու համար պետք է անցնել բարդ ու դժվարին ուղի, որի համար քաղաքական հստակ կամք պետք է ունենա թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Մինչդեռ ներկայիս քաղաքական համակարգը իր այսօրվա վիճակով անընդունակ է դա կատարելու: Եթե կորցնենք այս հնարավորությունը, ապա Հայաստանը հետ կշպրտվի, եւ կարմատավորվեն այն բարքերը, որոնք կան Ռուսաստանում՝ հալածանքներ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ: ԵՄ Ասոցացման անդամությունը պետք է դառնա վերկուսակցական նպատակ, որում ահռելի դեր պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը:

– Ընտրություններից հետո ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, բայց հիմա էլ թեժ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է հասկանալ այդ գնահատականը, ամեն մեկը յուրովի է բացատրում ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինել-չլինելը։ Դուք բազմիցս արտահայտել եք ԲՀԿ-ի նկատմամբ Ձեր վերաբերմունքը, այնուամենայնիվ՝ ի՞նչ կասեք ԲՀԿ-ի շուրջ վերջին զարգացումների առիթով:

– ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ` անիմաստ հարցադրում է, քանի որ ԲՀԿ-ն ընդհանրապես քաղաքական կառույց չէ, որպես այդպիսին չի ստեղծվել ու երբեւէ եղել: Քաղաքական ուժը չի կարող խուսափել պատասխանատվությունից, ինչը բնորոշ է հենց ԲՀԿ-ին թե այն ժամանակ, երբ իշխանություն էր, թե հիմա, երբ ձեւականորեն իշխանություն չէ: Չի կարող ընդդիմություն լինել մի ուժ, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից, որի ներկայացուցիչները հանդես են գալիս իրարամերժ գնահատականներով, խուսափում են քաղաքական պատասխանատվությունից: Քաղաքական շահ հետապնդող բարեգործության, տնտեսական մենաշնորհների, բիզնեսի եւ կրիմինալի համատեղումը եւ ընդդիմադիր դաշտի վրա ազդեցությունների միաժամանակյա համադրումը ոչ միայն քաղաքականության հետ անհամատեղելի են, այլեւ ավելին՝ կործանարար են ցանկացած երկրի քաղաքական համակարգի համար:

ԲՀԿ-ն համարում է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները սկսվել են վերջին մեկ տարում, այսինքն՝ այն պահից, երբ ինքը դուրս եկավ իշխող կոալիցիայից: Ակնհայտ է, որ ռուսաստանյան որոշ շրջանակների ներկայացուցիչների հետ նրանք էլ են համակարծիք, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգը 2009-2010թթ. է ձեւավորվել…  Ի դեպ, ԲՀԿ-ն եւ նրան հարող ուժերը Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ջատագովներն են:

– Գազի սակագնի թանկացման շուրջ թոհուբոհի հիմքում կարո՞ղ ենք տեսնել Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին գործընթացները: ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը ձգտելու արդյունքո՞ւմ է ռուսական կողմը գազի սակագների փոփոխություն առաջարկում, ինչպես այս օրերին շատերն են նշում:

– Սա նախորդ իշխանությունների` Քոչարյանի եւ Օսկանյանի արտաքին քաղաքականության ուղղակի հետեւանքն է, որոնց իշխանավարման ընթացքում ռազմավարական կարեւորագույն օբյեկտներ, այդ թվում՝ գրեթե ողջ էներգետիկ համակարգը, մասնավորապես Իրան-Հայաստան առանց այն էլ փոքր տրամագծով կառուցված գազամուղը հանձնվեց Ռուսաստանին:

Ռուսաստանի կողմից գազի սակագների կտրուկ բարձրացումը քաղաքական ճնշում է Հայաստանի վրա, որի նպատակն է խափանել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումը: Սա Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից ռազմավարական նպատակներ հետապնդող ճնշում է Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից այս ճնշումները կլինեն շարունակական եւ չեն սահմանափակվի միայն գազային լծակների օգտագործմամբ:

Իշխանությունը թաքցնում էր հասարակությունից գազի սակագների թանկացումը, եւ ընդհանրապես իշխանությունը խուսափում է հրապարակայնորեն խոսել այս մարտահրավերների մասին, քանի որ հանդես չի գալիս որպես Հայաստանի հասարակության ներկայացուցիչ: Ռուսաստանի այս գազային, ինչպես նաեւ սպասվող հետագա այլ որակի ճնշումներին դիմակայել հնարավոր կլիներ, եթե իշխանությունները քաղաքական գործունեություն ծավալեին, առաջնորդվեին բացառապես մեր պետության ու հասարակության շահերով: Հայաստանի իշխանությունների ապաքաղաքական գործունեությունը համարժեք չէ թե արտաքին, թե ներքին մարտահրավերներին:

Կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի՝ գոյություն ունեցող իրանական գազամուղին զուգահեռ` նոր, 1400 մմ տրամագծով գազամուղ կառուցելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տարանցիկ դառնալ, եւ այն չպետք է տրվի որեւէ երրորդ երկրի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031