Լրահոս
Օրվա լրահոսը

Հերհերի ճանապարհը՝ նախագահի եւ պատգամավորի թեկնածուների շահարկման առարկա

Մայիս 24,2013 13:55

Vayoc_1Ընտրությունից ընտրություն ճանապարհը վերանորոգելու խոստումներ են տալիս, ընտրվելուց հետո ասում՝ դրա համար մեծ գումարներ են պետք:

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ 10 հազար դրամով քեզ չի հասցնի գյուղ: Համաձայնվելու դեպքում էլ այդ 10 հազար դրամը վարորդի վրա շատ թանկ կնստի. մեքենան գյուղ գնալ-գալուց հետո վարորդը եռակի-քառակի ավելի ավտոմեքենայի վրա ծախս պիտի անի, որ Հերհերի ճանապարհի թողած հետեւանքները վերացնի, ձորը գլորվելու եւ ժայռերից պոկված քարերի տակ մնալու վտանգն էլ դեռ չհաշված: Հերհերի քարուքանդ, տեղ-տեղ փլուզված ու մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի զարգացմանը խոչընդոտող հանգամանք, իսկ նախագահի, պատգամավորի թեկնածուների համար փայլուն առիթ՝ ընտրությունից ընտրություն դրա վերանորոգումը շահարկելու եւ հերհերցիների ձայները շահելու: Ի տարբերություն Վայոց ձորի մարզային իշխանությունների, որոնք, գումարի բացակայությամբ պայմանավորված, «ռիսկ» չեն անում հստակ ժամկետներ նշել, թե ճանապարհը երբ կհիմնանորոգվի, հերհերցիների պատմելով՝ վերջին անգամ իրենց հետ հանդիպման ժամանակ ճանապարհի հարցը կրկին վերհանել է ու խոստացել լուծել Վայոց ձորից ընտրված պատգամավոր Աշոտ Արսենյանը:

Հանրապետությունում միջհամայնքային նշանակության նման ճանապարհ գրեթե գոյություն չունի։ Հերհերի ճանապարհը, որը նաեւ այս մարզի մեկ այլ՝ Կարմրաշեն գյուղն է սպասարկում, վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի 80-ական թվականներին։ Ճանապարհի ասֆալտե ծածկույթր քայքայված է, ողջ երկայնքով գրեթե բացակայում են պաշտպանիչ եզրաշերտերը: Ճանապարհի մեծ մասն անցնում է Հերհեր գետի առափնյա հատվածով, որի բարձրությունը կազմում է մոտ 75-80 մետր: Ճանապարհի այն հատվածը, որն անցնում է Հերհերի ջրամբարի եզրով, առավել վտանգավոր է, քանի որ ժայռերից անընդհատ, հատկապես գարնանը եւ անձրեւներից հետո, քարաթափում է կատարվում, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներով կարող է միայն մեկ մեքենա անցնել: Ճանապարհի՝ գետի կողմի եզրը, զրկված լինելով պաշտպանության բոլոր միջոցներից, քայքայվում է՝ մի շարք տեղերում առաջացնելով եզրային փլուզումներ: Ինչպես գյուղի բնակիչները պատմեցին, վերջերս մի մեքենա  հազիվ են փրկել ձորը գլորվելուց, որը ճանապարհի փլուզված հատվածից կախվել էր դեպի ձորը եւ, բարեբախտաբար, այդպես մնացել:

Հերհերցիների խոսքերով՝ ճանապարհի նման վիճակը իր հետ բերում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Արդեն տասնյակ տարիներ է՝ գյուղը ոչ մի կերպ զարգացում չի ապրում, քանի որ զուտ ճանապարհի պատճառով շատ գործարարներ, ձեռնարկատերեր եւ լուրջ առեւտրային ընկերություններ հաճախ հրաժարվում են Հերհեր ու Կարմրաշեն գալ եւ գյուղացի մենատնտեսների հետ պայմանավորվել որեւէ հարցի շուրջ։ Հատկապես մեծ է դժգոհությունը ավտոմեքենա ունեցողների շրջանում, քանի որ ճանապարհի պատճառով մեքենաների վրա կատարվող ծախսերը մի քանի անգամ ավելանում են։ Իսկ ցածր, գետնից քիչ բարձրություն ունեցող ավտոմեքենաներ ընդհանրապես գյուղ գալ չեն կարող։

Հերհեր գյուղից 7 կմ հեռավորությամբ է գտնվում Կարմրաշեն գյուղը, որը նույնպես այդ ճանապարհի միջոցով է կապվում հանրապետության մնացած բնակավայրերին: Հերհերցիների հաշվարկներով՝ երկու գյուղը միասին 1500 բնակիչ են, սակայն համայնքները ի վիճակի չեն սեփական ուժերով անգամ մասնակի բարեկարգել ճանապարհը: Թեեւ հերհերցիները պատմեցին, որ իրենց գյուղապետն անցյալ տարի ճանապարհի առավել խոցելի հատվածներում հողալցման աշխատանքներ է կատարել, սակայն անձրեւների, ձնհալի սեզոնին այդ հողն էլ ջրի հետ հոսել է, եւ փոսերը նորից բացվել են:

Ճանապարհը հերհերցիներին անհանգստացնող միակ խնդիրը չէ. Հերհերը սնուցող խմելու ջրի ջրամատակարարման արտաքին ցանցը շուրջ 50 տարվա հնության է, խողովակները ցինկից կամ ասբեստից են՝ տեղ-տեղ վնասված, ինչը բնակիչների համար սանիտարական վտանգ է ներկայացնում: Ջրագիծն ընդհանուր առմամբ 12 կմ երկարություն ունի, իսկ ջրագծից օգտվում է գյուղի շուրջ 330 տնտեսություն։ Համայնքն ունի բազմաթիվ այլ խնդիրներ եւս՝ մշակույթի տուն, մանկապարտեզ, դպրոցական գույք, գյուղտեխնիկա, սերմացու եւ այլն։

«Առավոտի» հարցին, թե ե՞րբ են լուծելու մարդկանց համար այդքան կարեւոր ճանապարհի հարցը, Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը հստակ ժամկետ չնշեց, միայն ասաց, որ որպես առաջնահերթություն՝ բոլոր ծրագրերում այդ հարցը ներկայացված է. «Ճիշտ եք, անհավանական վատ ճանապարհ է, եւ մեր մարզի թիվ 1 խնդիրն այսօր այդ ճանապարհն է: Քարաթափումներ կան, ասֆալտից հետքեր են մնացել: Եկող տարվա ծրագրերը հստակեցված չեն, բայց ես կարծում եմ, որ եկող տարվա՝ 2014 թվականի ծրագրում այդ ճանապարհի հիմնանորոգման հարցը կընդգրկվի, եւ պետբյուջեից դրա համար գումարներ կհատկացվեն»:

Մեր հարցին, թե ճանապարհին այս պահին վթարավտանգ հատվածներ էլ կան, եւ մինչ կապիտալ վերանորոգումը հնարավո՞ր չէ գոնե ժամանակավոր լուծումներ տալ, փոխմարզպետն ասաց. «Այդպիսի բաներ սովորաբար նախատեսվում են, դա արդեն մտնում է շահագործման մեջ: Բայց այդ ճանապարհի շահագործումն ահագին դժվար է, պիտի ճանապարհը կապիտալ կառուցվի, սարքվի, իր բոլոր տեսակի խնդիրները վերացվեն, որ դրանից հետո հնարավոր լինի նորմալ շահագործել, եւ շահագործման ծախսերը կերեւան, ու նաեւ դրանք այդքան շատ մեծ չեն լինի, իսկ այսօր այդ ճանապարհը շահագործելը նշանակում է դրա վրա կառուցման ծախսեր անել»:

Արամ Գրիգորյանի կարծիքով՝ գյուղի «մնացած խնդիրներն այդքան ցայտուն չեն, որքան ճանապարհի հարցը», ինչի հիմնանորոգումն, ըստ փոխմարզպետի, բավականին թանկ արժե: Հարցին, թե արդեն նախահաշիվ ունե՞ն, թե ինչ գումարների մասին է խոսքը, պարոն Գրիգորյանն ասաց, որ նախահաշիվ դեռ չկա, բայց մոտավոր հաշվարկներով 1 միլիարդ դրամ եւ ավելի գումար կպահանջվի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aza says:

    Հավատս չի գալիս, որ երբևէ կվերանորոգեն այդ ճանապարհը: Ես շատ լավ ծանոթ եմ տեղանքին, ահավոր է… և հուսով եմ, որ իրոք մեր կառավարությունը կհասկանա այդ ամենի լրջությունը, և ընհանրապես գոնե գիտեն? , որ այդպիսի գյուղ կա…

  2. Aza says:

    Բրավո Լուսինե Բուդաղյան ջան…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031