Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամիրխանյանական գաղափարը համախմբել է հինգ կոլեկտիվի

Մայիս 24,2013 13:50

«Սիրելիս, ես կյանքը սիրում եմ նույնիսկ առանց քեզ, բայց քեզ հետ հասկանում եմ՝ թե ինչու…»

Բոլոր ժամանակներում մասնագետների միջեւ եղել է, կա ու կլինի հակամարտություն, ինչն, անխոս, ավելի ցայտուն է դրսեւորվում արվեստի ոլորտում: Սակայն, երբ այդ հակամարտող արտիստները հավաքվում են մեկ գործի շուրջ,  արդյունքում ստեղծվում է իսկապես բացառիկ մի երեւույթ: Հիշենք ժամանակին Մայքլ Ջեքսոնի իրականացրած ակցիան՝ Աֆրիկային, Շարլ Ազնավուրինը՝ Հայաստանին օգնելու համար եւ այլն:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը, որտեղ առաջին անգամ հնչելու է Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը, օգնելու նպատակ չի հետապնդում, այդուհանդերձ, սա  յուրատեսակ «ակցիա» է, որտեղ համախմբված են հայաստանյան պետական չորս կոլեկտիվներ՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը,  Պետական, Երեւանի, «Հովեր», կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբերը: Մենակատարն է երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը, դիրիժորը՝ Ռոբերտ Մլքեյանը:

Նախօրեին «Առավոտը» ներկա գտնվելով գլխավոր փորձին՝ զրույցի հրավիրեց որոշ երգչախմբի ղեկավարներին: Նախ՝ խնդրեցինք ներկայացնել Ամիրխանյանի կանտատը: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը հայտնեց, որ այս մեծակտավ երկը ստեղծվել է գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի պատվերով՝ անգլիացի կոմպոզիտոր Կարլ Ջենկինսի «Խաղաղության մեսսայի» հետ նույն համերգում կատարելու համար: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ հայտնեց, թե հիշյալ երկի պրեմիերան տեղի է ունեցել 2012թ. Հայդնհայմի «Կոնգրես հոլլում», դիրիժոր Թոմաս Քամելի ղեկավարությամբ՝ Շտուտգարտի սիմֆոնիկ  նվագախմբի, 140 հոգանոց երգչախմբի եւ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի մեկնաբանմամբ՝ անգլերեն, գերմաներեն եւ հայերեն: Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը նշեց, որ կանտատի նվիրական սիրո գաղափարն է՝ որպես հավերժի խորհրդանիշ, բանաստեղծական տեքստերն էլ գրված են Ամիրխանյանի աֆորիզմային գրառումների հիման վրա, որոնցից կենտրոնականն է՝ «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ նույնիսկ առանց քեզ, բայց քեզ հետ հասկանում եմ՝ թե ինչու…»: Պարոն Մլքեյանը հավելեց, որ կանտատն ընթանում է երգչախմբի եւ մեներգերի իրար հաջորդելու սկզբունքով՝ վեր հանելու համար այն գաղափարը, թե իրական սերը տրված է վերապրել միայն ու միայն անհատին, անցնելու համար սիրո տառապանքի ու փորձության, ինչպես նաեւ անհուն երջանկության ճանապարհը: Իսկ ամբոխի համար պարզ սերը ընդամենը միջոց է դեպի հաճույքը, ժամանցն ու սիրո խաղերը…

Մեր զրուցակից մասնագետներն ասացին, որ կանտատի մասին կա այն թյուր կարծիքը, թե այն լինում է միայն հոգեւոր, մինչդեռ ամիրխանյանականը աշխարհիկ բարձրակարգ ստեղծագործություն է, շեշտելով, թե մինչ օրս կանտատի նման նմուշ չենք ունեցել:

Դիտարկմանը՝ ողջունելի է, որ հայաստանյան կոլեկտիվները վերջին շրջանում անդրադառնում են մեր հեղինակների գործերին, մեր զրուցակիցները միաձայն հակադարձեցին: Մլքեյանն, օրինակ, հավաստիացրեց, որ ուղիղ 13 տարի ինքը երգչախմբի հետ, տարին գոնե երկու անգամ, անդրադառնում է հայ կոմպոզիտորներին եւ այսօր իրենց երկացանկում ունեն հայ հեղինակի 70 երկ: Թոփչյանն ասաց, թե մշտապես Ֆիլհարմոնիկն անդրադարձել է հայ հեղինակներին, բայց միշտ չէ, որ ցանկացել են նկատել: Թոփիկյանն էլ շեշտելով, թե իր ղեկավարած երգչախմբի գործունեության  հիմնական նպատակը Կոմիտաս հնչեցնելն է, այդուհանդերձ, իրենց երգացանկում մշտապես տեղ ունեն թե հայ դասական եւ թե ժամանակակից հեղինակների գործերը:

Անդրադառնալով Ամիրխանյանի կանտատին, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե դիրիժորական վահանակի մոտ կանգնելու համար «հակամարտություն» չի՞ եղել: Մեր զրուցակիցները ժպտալով ասացին, որ թեեւ նախանձը կարծես հայերի շարժիչ ուժն է, այդուհանդերձ, իսկապես ստեղծագործող արվեստագետները իրար գտնում են ու համախմբվում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ռոբերտ Մլքեյանը (ձախից), Էդուարդ Թոփչյանը

եւ Հարություն Թոփիկյանը: 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թյուր կարծիք է, թե իբր գոյություն ունի արվեստագետի նախանձ: Կայացած արվեստագետը Անհատ է, նա որևե մեկի տեղը չի զբաղեցնում և ուրիշ մեկը՝ չի կարող իր տեղը զբազեցնել: Ուրեմն, ում և ինչու պետք է նախանձի… այլ է, չկայացածների պարագայում… Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031