«Նախագահական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ները բավականին աչալուրջ էին և աշխատում էին այնպիսի նյութեր տարածել, որոնք քաղաքացիներին չեն կողմնորոշում: Այլ էր իրավիճակը խորհրդարանական և ավագանու ընտրություններում. այստեղ այդ կարգի դեպքերը բավականին շատ էին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց մայիսի 4-19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման՝ իրենց կատարած մշտադիտարկման արդյունքները: Նա նշեց, որ առաջին անգամ իրականացվել է նաև լռության օրերի և ժամերի, հետընտրական գործընթացների մշտադիտարկում: Գրանցվել է հակասական մոտեցում այն պատճառով, որ օրենքի թերի լինելու արդյունքում չի սահմանվում, թե ինչ է քարոզչությունը: Բայց Բ. Նավասարդյանը նաև հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լռության ժամերի ընթացքում գրանցված խախտման համար պատասխանատվության ենթարկվեց «Կենտրոն» հեռուստաընկերությունը, այնինչ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այդպիսի 60 դեպք է գրանցվել, բայց ոչ մի լրատվամիջոց պատասխանատվության չի ենթարկվել: Պարոն Նավասարդյանը հարց է հնչեցնում. «Այն ժամանակ ՀՌԱՀ-ի համար պա՞րզ էր՝ քարոզչությունը ինչ է, այս անգամ պարզ չէ՞, այդ անհետևողականությունը մտահոգիչ է»: Այդպիսի 14 դեպք է գրանցվել Հանրային ռադիոյի եթերում, 12՝ «Երկիր մեդիայում», 10 «Արմռադիոյում», Հանրայինում՝ 8, «հ2»-ում և «Կենտրոնում»՝ չորսական: Շարունակելով՝ Բ. Նավասարդյանը նշեց. «Բոլորից շատ կային նյութեր, որտեղ հնչում էին տարբեր խոստումներ քաղաքական ուժերի կողմից, մյուսը, երբ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը ներկայացնում էր կոչ՝ քվեարկել իրենց համար, կամ արտահայտում էր մտադրություն՝ քվեարկել իր քաղաքական ուժի համար: Նյութեր կային, որտեղ, օրինակ, հիշեցվում էր Ս. Սարգսյանի տոկոս խփելու արտահայտությունը ու քանի որ դա արդեն բացասական տպավորություն ուներ, ուստի ծառայում էր որպես կողմնորոշում»: Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասում փորձագիտական հանրույթի այնպիսի ներկայացուցիչներ էին հրավիրվում, որոնք բացասական գնահատական չէին տալիս ընտրություններին: Հիմնականում ընդդիմադիր ուժերի կողմից էին հնչում բացասական գնահատականներ, այնինչ ներկայացված չէին այն մարդկանց գնահատականները, որոնք կարող էին չեզոք համարվել, օրինակ՝ փորձագետներ, դիտորդներ: Անդրադառնալով կուսակցությունների լուսաբանմանը՝ Բ.Նավասարդյանը նշեց. «Կուսակցությունները յոթից հինգը լուսաբանվել են հիմնականում չեզոք, ակնհայտորեն բացասական են լուսաբանվել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Այդ նյութերը կապված են ընտրակաշառքի, ճնշումների, վարչական ռեսուրսի օգտագործման հետ: Նույնիսկ պաշտոնական մարմինների գնահատականներում կրկնվում էին այդ բացասական երևույթները»:
Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ ընդհանուր առմամբ լուսաբանման դաշտում հետընթաց է գրանցվել համեմատած ՀՀ նախագահական ընտրությունների հետ: Հետևություններ կատարելով՝ պարոն Նավասարդյանը նշեց. «Համարում եմ, որ երևի մեր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները ոչ ֆորմալ կերպով ճշտում են ՀՌԱՀ-ի հետ՝ արդյոք քարոզչության այդպիսի դրվագներ արձանագրվելո՞ւ են և պատժվելո՞ւ: Ուստի, ենթադրում եմ, որ նրանք տեղեկացվել են, որ քանի որ հստակ չի սահմանված, թե ինչ է քարոզչությունը, ապա նաև պատասխանատվություն չի կիրառվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ