Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի առեղծվածը

Մայիս 24,2013 13:22

Րաֆֆի  Հովհաննիսյանի  մասին  շատերն  են  ծաղրանքով  ու  արհամարհանքով  խոսում:  Մանավանդ  պաշտոնյաներն  ու  նամանավանդ  կուսակցականները:  Մանավանդ  իշխանամետներն  ու  նամանավանդ  ընդդիմադիրները:  Իսկ   ժողովուրդը   շարունակում  է  համակրել  Րաֆֆի  Հովհաննիսյանին:  Ավելի  ճիշտ`  ժողովրդի  մի   մասը  շարունակում  է    հավատալ   Րաֆֆիին:   Համակրելով  ու  հավատալով`  ցավում  ու  ափսոսում  է  Րաֆֆիի  համար:  Վատագույն  դեպքում`  խղճում  է  Րաֆֆիին:  Մանավանդ  այն  օրվանից  հետո  սկսեցին  խղճալ,  երբ  Րաֆֆին   հայտարարեց,  որ  Սերժ  Սարգսյանը  միայն  իր  դիակի  վրայով  իշխանության  կգա:  Այդ  օրերին  հացադուլավոր  Րաֆֆիից  չհեռացող  չափազանց  տարեց  և  չափազանց  հեղափոխական  մի  կին  հուզված  ասաց.  «Թող  իշխանությունն  ու  ամեն  ինչ  մնա  Սերժին,  մենակ  թե`  Րաֆֆիիս  գլխից  մազ  չպակասի»:

Ասացի,  որ  շատերը  ցավում  ու  ափսոսում  են  Րաֆֆիի  համար,  ոմանք  էլ  խղճում  են  նրան:  Այսուհանդերձ,  ինչու  են  ցավում,  ափսոսում  ու  խղճում.  չէ  որ  Րաֆֆին  սոցիալական  ու  ամեն  տեսակետից  անհամեմատ  լավ  վիճակում  է,  քան  իրենք`  նրան  խղճացողներն  ու  նրա  ցավը  տանողները:

Բանն  այն  է,  որ  Րաֆֆիին  սիրող,  Րաֆֆիին  հավատացող  և  Րաֆֆիի  համար  անհանգստացող  ժողովուրդն  ապրիլի  9-ին  տեսավ  ու  համոզվեց,  որ  քաղաքական  ուժերն  ու  քաղաքական  գործիչները  Րաֆֆիին  թողել  են  ժողովրդի  հետ  մենմենակ.  ապրիլի  9-ին`  ամենակարևոր  ու  ամենավճռական  օրը  Րաֆֆիի  կողքին  մնացել  էին  հատուկենտ  քաղաքական  գործիչներ`  հիմնականում  «Ժառանգությունից»:  Հացադուլավոր  Անդրեասին  չհաշված:

Դեպքերի  հետագա  ընթացքը,  փաստորեն,  Րաֆֆի  Հովհաննիսյանի  պարտությունն  էր.  ավելի  ճշգրիտ`  Րաֆֆի  Հովհաննիսյան   քաղաքական  գործչի  պարտությունն  էր,  այլ  ոչ  թե`  Րաֆֆի  Հովհաննիսյան  մարդու.  այն  էլ`  նայած  թե  ո՞ր  պահի  համեմատ  ենք  Րաֆֆի  Հովհաննիսյան  քաղաքական  գործչի  ընթացքը  դիտարկում:

Հետընտրական  ժամանակահատվածի  թոհուբոհի  և  հուսավառության  համեմատ`  Րաֆֆի  Հովհաննիսյանն  ու  «Ժառանգությունն»  իսկապես  պարտություն  կրեցին`  Ազատության  հրապարակի  ժողովրդի  մեծ  մասի  հույսերը  չարդարացնելով:  Բայց  անցած   տարեվերջի  ու  նախընտրական  իրավիճակի  համեմատ`  Րաֆֆիի  ու  «Ժառանգության»  քաղաքական  առաջընթացը  չափազանց  էական  ու  չափազանց  տեսանելի  է:

Ամենակարևորն  ու  ամենաէականն  այն  է,  որ  գործիչներից  շատերի  ճակատին  հեշտությամբ  դավաճանի  պիտակ  կպցնող  ժողովուրդը  Րաֆֆիի  համար  էդ  պիտակը  հարմար  չգտավ,  և  դա  իր  հիմնավոր  պատճառներն  ուներ:  Բանն  այն  է,  որ  ապրիլի  9-ին  Րաֆֆիի  հետ  Ազատության  հրապարակում  մենմենակ  մնացած  ժողովուրդն  ակամա  Րաֆֆիի  ու  «Ժառանգության»  հետ  կիսեց  իրավիճակի  գրեթե  ողջ  պատասխանատվությունը,  և  իրավիճակի  պատասխանատվությունն  ակամա  ստանձնած  ժողովրդի  համար  արդեն  Րաֆֆիի`  ոստիկանապետի  հետ  Ծիծեռնակաբերդ   աղոթքի  գնալը  ոչ  թե  ընդամենը  երգիծական  տեսարան  էր,  այլ`  բարդագույն  իրավիճակից  ելք:

Առավել  հասկանալի  ասած,  ապրիլի  9-ի  առավոտից  Ազատության  հրապարակում  հավաքված  ժողովրդի  առավել  լուրջ  ու  գիտակից  մասը  լավագույնս  գիտակցում  էր  պահի  լրջությունն  ու  լարվածությունը,  որովհետև  էդ  օրը   հարթակի  մատույցներից  բացակայում  էին  մարդիկ`  ովքեր  օրեր  շարունակ  և  հացադուլի  ողջ  ընթացքում  Րաֆֆիին  հեղափոխության  էին  մղում:  Անդրեասին,  իհարկե,  չհաշված:  Անդրեասը  ներկա  էր,  ավելի  քան  ներկա  էր,  բայց  նրա  ներկայությունն,  ըստ  ամենայնի,  «Ժառանգությանն»  ու  անձամբ  Րաֆֆիին  ավելի  շուտ  անհանգստություն  էր  պատճառում,  քան`  ոգևորություն,  և  սա  արդեն  Անդրեասի  հանդեպ  անձամբ  Րաֆֆիի  հետագա  վերաբերմուքից  ենք  եզրակացնում:

Ապրիլի  9-ին  Ազատության  հրապարակում  Րաֆֆիին  չլքած  այլ  քաղաքական  գործիչներ   ու  մտավորականներ  էլ  էին  ներկա,  բայց  էդ  օրը,  ի  տարբերություն  նախորդ  օրերի,  նրանք  Րաֆֆիի  հետ  մեկ  միասնական  թիմ  չէին,  և,  իմ  տպավորությամբ,  էդ  օրը  Րաֆֆին  միանձնյա  ու  միայնակ  էր  որոշումներ  կայացնում:  Անդրեասին,  իհարկե,  չհաշված:

Ամեն  ինչ  վերջացավ  աղոթքով:  Համոզված  եմ,  որ  էդ  օրը  թե՛  Րաֆֆին  և  թե՛  Գասպարյան  Վովան  նախքան  Ծիծեռնակաբերդ  գնալն  էլ  էին  իրենց  մտքի  մեջ  «Հայր  մերը»  մի  քանի  անգամ  մրմնջացել,  որովհետև  էդ  օրվա  ողջ  լարվածությունն  առաջին  հերթին  էդ  երկուսին  էր  առնչվում  ու  վերաբերում,  և,  ըստ  ամենայնի,  օրվա  ամենավերջում  երկուսն  էլ  գոհ  էին,  Րաֆֆին`  մի  քիչ  քիչ,  ոստիկանապետը`  ավելի  շատ:  Գոհ  էին,  որ  երկուստեք  խուսափեցին  վատթարագույնից:

Դժգոհը  Րաֆֆիի  ու  ոստիկանապետի  հետևից  չգնացած  և  Բաղրամյան  պողոտայում  կայանած  ժողովուրդն  էր,  որը,  ի  վերջո,  նույնպես  չընդդիմացավ  ու  համակերպվեց  իրադարձությունների  խաղաղ  ընթացքին:

Համենայն  դեպս,  Րաֆֆի  Հովհաննիսյանը  դավաճան  չհռչակվեց`  ոչ  ժողովրդի  կողմից,  և  ոչ  էլ  նույնիսկ  իր  քաղաքական  հակառակորդներից,  որոնք  ընդամենը  ծաղրեցին  նրան:

Էս  անգամ  դավաճանի  փնտրտուք  չեղավ,  որովհետև  էս  անգամ  բոլորը  մի  քիչ  ուրիշ  էին:  Գուցեև`  որոշ  չափով  նաև  Րաֆֆի  Հովհաննիսյանի  շնորհիվ:

 ՈՍԿԱՆ  ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Spartak says:

    …Որովհետև հանճարեղ խաղաց իր դերը և հաջողությամբ կատարեց բոլոր հանձնարարականները: Ես հավատում էի Րաֆֆին ու նրա ճիշտն ապացուցելու համար շատերի հետ եմ վիճել,բայց…տացվում է,որ ասպիսի բաներ էլ են լինում:

  2. Վելո Պողոսյան says:

    մեծամասամբ համաձայն եմ, բայց կուզենաի ավելի շատ խոսվեր ապագա անելիքների մասին , քան անցած գնացած ու շատ ծեծված մի քանի ժամի մասին:

  3. Նազիկ says:

    Երևի դա Ձեր ցանկությունն է,իսկ արդարացումը թե Րաֆֆին ժողովրդին փրկեց,երևի չեք էլ հասկանում ինչ անհեթեթ բան եք ասում:Ժողովուրդը իր համար հանգիստ տանը նստած էր ու եթե Րաֆֆին ոչինչ չուներ անելու,ուրեմն նրանց չպիտի հրապարակ կանչեր,ժողովուրդն էլ ոչ կգար,ոչ էլ Րաֆֆին փրկիչ կդառնար:Հետաքրքիր ա էդ հեքիաթն ում համար եք գրել:

  4. Galust Yenokyan says:

    Ես համաձայն եմ Նազիկի հէտ եվ համոզված եմ որ դեռ Րաֆֆին դեռ «նորից Ժողովրդին պիտի կանչի հրապարակ», դեռ ամեն ինչ առջեվում է: Ես կարծում եմ որ եթե Րաֆֆին իր, ընտրյալ Նախագահի, հեղինակությամբ միավորի Նախախորհրդարանին եվ նոր ստեղծված ՀՇՇ ին նաեվ մեր կռիվ տված բայց չգնահատված ազատամարտիկներին, հնարավոր կլինի շատ բան փոխել:

    • Նուռ Անի says:

      Նախախորհրդարանը առաջարկ արեց,բայց Րաֆֆին չընդունեց.իզուր…կիսում եմ ձեր տեսակետը,և հույս հայտնում,որ գոնե այս անգամ Րաֆֆին կորոշի միանալ Նախախորհրդարանին:Պետք չէ թողնել,որ պայքարի ոգին թուլանա:Ամեն մեկն իրենն է առաջ տանում,մինչդեռ մարդիկ սկսում են ձանձրանալ:

  5. Armine G says:

    Քննադատելն ու քարկոծելը մեր ժողովրդի ամենավատ հատկությունն է: Եկեք հեռու մնանք դրանից: Այլ դրա փոխարեն մեր լուման դնենք մեր պայքարի գործընթացի մեջ:
    Եթե յուրաքանչյուրս ազնվորեն ու հայրենասիրաբար անենք այն ինչ կարող ենք հանուն ժողովրդի փրկության, կազատվենք մեր ներկա թշվառ վիճակից ու մեզ սպառնացող հետագա ճգնաժամից: Րաֆֆին ու շատ-շատերը անում են դա: Եկեք թողնենք քննադատությունն ու բամբասանքները, և ուս ուսի տված տանենք մեր պայքարը մինչև կհասցնենք մեր երկիրը զարգացած երկրների մակարդակին:
    Րաֆֆին անում է այն ամենը ինչ կարող է: Թե ինչպես է դա անում կարևոր չէ, կարևորն այն է որ ազնվորեն նվիրված է իր ազգի պայքարին: Եկեք վերջապես ընդունենք որ Րաֆֆին կամ Նախախորհրդարանը ինչ էլ անեն, առանց ժողովրդի ոչինչի չեն կարող հասնել:
    Ցավալի իրականությունը այն է որ ժողովուրդի մեծ մասը դեռ պատրաստ չէ պայքարելու: Ստրկամիտ ու վախկոտ մասսան գերակշռում է: Երբ որ այս վիճակից դուրս գանք, երբ որ էլ չվախենանք թաղի տղեքից, չհանդուրժենք ապօրինությունները ու մերժենք կաշառքը, այն ժամանակ էլ կհասնենք ինչ որ արդյունքի: Եթե ուզում ենք օգտակար գործ անենք, եկեք մեր ուժերը չծախսենք անարդյունք սրան նրան մեղադրելու մեջ, այլ միանանք Նախախորհրդարանին կամ ում որ հավատում ու վստահում ենք և օգնենք ինչպես կարող ենք, որ երկիրը ազատենք ՀՀԿից ու իր մանկլավիկներից:

  6. Արշակ says:

    Րաֆֆու պատվերով Ժառանգության տպած դատարկ հոդված «խղճացեք ու ներեք մեզ, որ էլի խաբենք ձեզ» միտումով: Ու՞մ եք խաբում…

  7. Spartak says:

    Չեմ հասկանում,համացանցում չեք տեսե՞լ Րաֆֆիի հոր հակահայկական գործունեությանը նվիրված տեսաֆիլմը:Ես դիտեցի ու անճարակությունից, զայրույթից չգիտեի ինչ անել:Զարմանալին այն էր, որ այդ մասին ոչ ոք չբարձրաձայնեց,գոնե Րաֆֆին, Սյունիք գնալուց, մարզպետին ժամադրելուց առաջ, բացատրություններ տար,հերքեր, որին ես այնքա~ն էի սպասում:Գոնե ,,ԱՌԱՎՈՏ,,-ի կայքը, եթեր տալուց հետո, հերքող մի որևէ բան գրեր:Գուցե գրվե՞լ է:Ես չեմ պատկերացնում մի հայի,ով այս փաստի կողքով անտարբեր կանցնի:

  8. Simonian Lilit says:

    Նախ նյութն ու ապա արձագանքները կարդալով մի տեսակ տարակուսանքի մեջ եմ: Տպավորություն ունեմ, թե այլեւս կամ մտածող մարդիկ չունենք, եւ կամ նրանք այս տարածքներ չեն այցելում: Թե չէ ինչպե՞ս կարելի է բացատրել այն չտրամաբանված ու գրեթե անհասկանալի պահվածքը, որ հատկապես բնորոշում է սպառողին ու ոչ երբե՛ք մտածող ու առավել եւս ԱԶԱՏ մարդուն:
    Րաֆֆի Հովհաննիսեանն ասաց, թե Սերժ Սարգսյանն իշխանության կգա միայն իր դիակի վրայով: Եւ այդպես էլ եղավ: Որովհետեւ եթե ոմանք իսկապես սպասում էին որեւէ մեկի դիակին, ուրեմն չնկատեցին թե այդ դիակը հենց իր՝ օրինական նախագահ ընտրած ժողովրդի դիակն էր: Որովհետեւ ի՞նչ է կատարվում այն բանից հետո, երբ իրենք իրենց ընդդիմություն կոչողները աքլորակռիվ տալուց հետո թաքնվեցին իրենց հավաբներում: Կատարվում է, կամ ավելի ճիշտ՝ շարունակվում է հայ ժողովրդի հետեւողական սպանդն ու կեղեքումը: Եւ որեւէ մեկը տեսա՞վ, որ հենց իր դիակն է մեջտեղում փռված Սերժ Սարգսյանի իշխանությունը զավթելուց հետո: Որեւէ մեկն ինքն իրեն առաջիկա ձմռան ցրտից սառցահարված չի՞ տեսնում: Որեւէ մեկը գոնե մեկ ակնթարթ անդրադառնու՞մ է, թե ինչ եւ ինչու ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Չասա՞ց, թե Ռուսստանը Արցախը Ադրբեջանի կազմի մեջ է տեսնում (այս մասին սակայն, հայաստանյան մամուլը լուռ է, իսկ ռուսախոս հայերը բացի ռուսերենը որպես մայրենի լեզու սովորելը՝ միեւնույն է կարդալու վրա ժամանակ չեն ,,վատնում,,)…
    Որեւէ ողջամիտ մարդ ոչ թե համակրում է Րաֆֆի Հովհաննիսեանին, ոչ թե հավատում է Րաֆֆի Հովհաննիսեանին, ոչ թե հասթափվել է նրանից կամ ազգային ազատագրական պայքարից, ոչ թե զբաղված է ներշնչել իր միջավայրին, թե ժողովրդի վստահության քվեն շահած օրինական նախագահը ,,հուսախաբ,, արեց ժողովրդին, այլ ուս ուսի եւ իր օրինական նախագահի քաղաքական ծրագրին հավատարիմ շարունակում է իր ազատագրման պայքարը: Այս ընթացքին, անշուշտ, հայտնվեց ,,նախախորհրդարան,, կոչվող անհասկանալի ու միայն հանձնառականների կետերով ,,հարուստ,, մի ,,կառույց,, որի անդամներից շատերի քաղաքական կենսագրությունն ու ներկան առնվազն իրենց հանդեպ, իրենց խոսքի նկատմամբ վերապահումի առիթ է տալիս: Բանն այն է, որ երբ խոսում ենք այն ,,առաջարկությունների,, մասին, որ արել է ,,նախախորհրդարան,,-ը (որ նույն տրամաբաությամբ կարող էր կոչվել խորհրդարան կամ հետխորհրդարան, որովհետեւ ասելիք այսպես թե այնպես չունի) անպայման է նշել ու մանրամասն բացատրել թե այդ ի՞նչ առաջարկություն է արել, որ երկրի օրինական նախագահը չի համաձայնել: Որովհետեւ ինքս արդեն մի բավականին հետաքրքիր նյութ գրելով եմ զբաղված, որտեղ անպայման բացահայտումներ արել եմ, ու բնական է նաեւ իմանալ թե արդյոք մյուսներն ինչ գիտեն: Եւ իրականում որեւէ բան գիտե՞ն արդյոք: Օրինակ գիտե՞ն թե ով եւ ինչու է ստեղծել այդ ,,նախախորհրդարան,, ասվածն ու ինչու են հատկապես շահարկում մի ազնիվ մարդու՝ Ժիրայր Սեֆիլյանի անունն ու վարկը: Գիտե՞ն արդյոք, թե ինքը Ժիրայրը դեռեւս (իմ կարծիքով) գլխի չի ընկել, թե ինչ սոսկալի թակարդ է իրեն սպասում:
    Ուրեմն անպայման ավելի հստակ ու առարկայական զրուցենք: Որովհետեւ այն բոլոր զազրախոսություններն ու կեղծիքը, որ այստեղ եւ ոչ միայն այստեղ տարածվում են՝ տարածվում են նախեւառաջ հենց ազգային մեր ազատագրության պայքարը ոտնատակ տալու համար: Արվում է նաեւ հերթական անգամ հային ընկճելու ու հուսահատեցնելու համար: Եւ արվում է արդեն չակերտավոր ընդդիմության միջոցով:Իսկ Րաֆֆի ՀՈվհաննիսեաը իր բոլոր առաքինություններով հանդերձ նաեւ լաքմուսի թուղթ դարձավ վերջնականապես հասկանալու ու տեսնելու համար ,,ընդդիմությանը,,՝ կասկած չկա: Բոլորը մեջտեղ եկան իրենց անբանությամբ ու նույնիսկ՝ ,,մասնակցությամբ,,: Այլեւս որեւէ խնդիր բացահայտված է: Հենց օրերս տեղեկացա նաեւ, որ Ֆրանսայի Մարսել քաղաքում առաջիկային ,,հայ մշակույթի օրերն,, նախաձեռնող պարոնայք Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը հերթական անգամ լարախաղացի իրենց պարտականությունը կատարելու ոգեւորությամբ իբր ,,ընդդիմություն,, եւ իբր դաշնակցություն լինելով պատրաստ են հայաստանյան իշխանությունների հանձնարարությունները կատարելու համար հյուրընկալել կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի երբեմնի առաջին քարտուղար, բայց նեոսովետական Հայաստանի սփյուռքի նախարարին: Սա ի՞նչ է: Հայրենազրկվող հայերի քարավանները առատացնող քաղաքականությո՞ւն է, թե՞ հայ դատով մտահոգված կուսակցության սկզբունք: Ի հարկե՛, ի հարկե չեկիստական Մոսկվան այլեւս ոչ միայն իր 11-րդ ,,ազատագրող,, բանակով, այլեւ տարաշխարհի ու Հայաստանի ,,հայրենասերներով,, պետք է ամրացնի իր ոտքը Հայաստանի մեջ ձուլելով հային, նրան իր լեզուն ու բարքերը պարտադրելով: Նրան որեւէ կերպ օգտակար չլինելով ու իրականացնելով օսմանական Թուրքիայի ու ռուսական կայսրության (իշխան Գոլիցին) դարավոր ծրագիրը՝ Հայաստանն առանց հայի: Սա չի՞ նշանակում թե Սերժ Սարգսյանը իշխանությունը ժողովրդի դիակի վրայով անցնելով նվաճեց: Սա չի՞ նշանակում, թե հայը միայն իր հոգու հանգստության համար թերեւս պետք է աղոթի: Սա չի՞ նշաակում, թե Րաֆֆի Հովհանիսեանին ընտրած ժողովուրդը նույնիսկ որպես դիակ չի արժանանում հարգանքի, այլ միայն որպես ճամբաբաժնի վրա շպրտած լեշ: Եւ սա չի՞ նշանակում, թե այս օրհասական պահին, երեւի թե հարկավոր է իսկապես համախմբվել մեկ ՀՈԳՈՒ շուրջ, եւ հատկապես առանց նրան ,,առաջարկություններ,, անելու ու հետո էլ ասելու, թե ,,վայ-վայ, մենք ասացինք՝ ինքը չհամաձայնեց,,…Ախր ո՞վ եք դուք եւ ո՞վ է ընտրվել որպես երկրի նախագահ: Մասնակցեիք ընտրություններին, փոխանակ հայտարարված ու չհայտարարված բոյկոտներ անելու: Որովհետեւ այն ինչ հնարավոր է արվելու է: Արվում է: Համոզմունքով ու վստահությամբ, վճռականությամբ ու անվարան է արվում: Արդյունքում այնպես չստացվի, որ ավելի ,,նեղվեք,, ավելի նվնվաք, թե ձեր առաջարկները չընդունվեցին: Որովհետեւ եթե որեւէ առաջարկ ու ծրագիր իրականացնելու ենք, ապա միայն ու միայն Հայաստան Պետության օրինական նախագահ ու գլխավոր հրամանատար Րաֆֆի Հովհաննիսեանի: Մյուսներդ պատրաստվեք, այսօրվանից պատրաստվեք առաջիկային բոլոր նախագահական ընտրությունների համար: Եթե կընտրվեք, ուրեմն գոնե դրա համար երախտագետ կլինեք այսօրվա ընտրյալ նախագահ Րաֆֆի Հովհաննիսեանին, որ չնայած ձեր զազրախոսություններին, բամբասանքին ու դասալիքությանը կարողացավ առաջին անգամ լինելով Հայաստանում ԿԱՅԱՑՆԵԼ ընտրության իրավունքը, որ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն պարտավորություն է դարձել: Մտածեք նաեւ սրա մասին:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Լիլիթ, Րաֆֆիի վերաբերյալ ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ինքս էլ այս նույն թերթում փորձել եմ իմ ձայնս բարձրացնել նրա օգտին իսկ ինչ վերաբերում է Նախախորհրդարանին լավ կլիներ փնովելուց առաջ ինչ որ փաստարկներ բերեիք թե ինչու են նրանք ինչ որ «հերետիկոսների» պատվեր… թե չե Ձեր ասածը հիշեցնում է Րաֆֆու հայրիկի հարգարժան Ռիչարդ Հովհաննիսյանի վերաբերյալ տխրահռչակ տեսահոլովակը, որի «գիտականությանը» կարող են հավատալ կիսագրագետ վայ «հայրենասերները»: Ես ուշադրուդրությամբ դիտեցի պարոն Չուգասզյանի հարցազրույցը Նոյան Տապանին, եվ ինձ բավական տրամաբանական թվաց նրանց ծրագիրը: Ես իհարկե քաղաքական հարցերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ որ Րաֆֆուն որեվե «վտանգ չի սպառնում» Նախախորհրդարանի գործունեությունից, ճիշտ հակառակը, հիմա ժամանակն է որ բոլորը իրենց լուման բերեն մասնակցելով քննարկումներին եվ սա կոչվում է իսկական ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, հատկապես որ Րաֆֆու անմիջական շրջապատում բացի Զարուհի Փոստանջյանից, Նախախորհրդարանի մակարդակի մտածող անհատների առանձնապես չեմ նկատել:

  9. aragast says:

    Ես լիովին համաձայն եմ Որսկան Երևանցու հետ, և շնորհակալ եմ նրա վերլուծության համար։ Ուրիշ կերպ չեր էլ կարող լինել, բայց ավաղ մեր արյան մեջ կան շատ վատ “վիրուսներ”, Իսկ Րաֆֆիի արյան մեջ չկան։ Նա անկեղծ մղումներով լծված է բարեփոխելու գործին և ցանկանում է որ մենք ինքնամաքրվենք։

  10. Մարգարիտ says:

    Շատ լավ հոդված է, եթե մարդիկ կան, որ ապրիլի 9-ից այլ լուծումներ էին ակնկալում պետք է մաքսիմալ աջակցեին շարժման, ու այդ օրը պետք է ավելի շատ լինեինք, իսկ այդ օրը իրոք սակավաթիվ էինք ներկաների մեծ մասի ակնկալվող փոփոխությունը անելու համար, այդ պարագայում Րաֆֆին արեց մաքսիմումը…P.S. Րաֆֆին նման պատվերներ չի իջեցնում, դրա ապացույցը ժամանակն է տվել, Ժառանգությունն էլ թերթ չունի որ տպի

  11. Sofya says:

    Հարգարժան ,, լրագրող,, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառ հայերենում չկա

  12. Ոսկան Երևանցի says:

    Հարգարժան ընթերցող, ցավոք սրտի, հայերենում «նամանավանդ» բառ կա. տես` https://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4

  13. Թոմաս ղարախանյան Սիրաքի says:

    Հավատում ենք որ Րաֆֆին եւ Բարեվ Հայաստաբ շարժումը ազնիվ պայքար է եւ վերա-մաինալով Նախախորհրդարանի պայքարին, կարելի է փրկել երկիր եւ ժողովորդը:

  14. Պարզապես մարդ says:

    Sofya Այ քեզ բաաաաան: Մարդիկ էստեղ լուրջ հարցերեն քննարկում մեր դարդից ու ցավից խոսում իսկ դուել քեզ դրելես հայագետի տեղ ու առանց իմանալու, բառարանը նայելու ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ից ես խոսում? Գոնե մի կարգին բան գրեյիր հետո հետեվիցել եդ անհեթեթությունդ գրեիր էլի կասեինք ոչինչ, վերցրելես առանց ամաչելու “հայերենում եդ բառը չկա” թե չէ դու հայերենը հենց իրա ամենամաքուր ձևովեսելի օգտագործում: Հիմա բա որ մենքել էս բոլոր ընթերցողներս միասին հելնենք ու ասենք որ դու անգրագետ ես ու հայերեն չգիտես լավ կլինի? Մարդը եդքան լուրջ բաներա գրում ու լուրջ թեմայա քննարկում իսկ դու ձվի մեջ մազես մանգալիս? Դու թուրքերեն գրի բայց մի լավ բան գրի մենք կթարգմանենք ու չենք քննադատի, մենակ մեր ժողովրդին օգուտ լինի դրանից… Ծիծաղելիես ուղակի, խղճում եմ քեզ….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031