Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Մայիս 24,2013 13:45

«Միշտ պատրաստ էր բոլորին օգնել»

Eduardy-yntaniqi-het

Էդուարդը` ընտանիքի հետ:

banakum-grac-banasteghcutyu

Էդուարդ Միրզոյանի ընկերը՝ Նարեկ Մնացականյանը, հիշում է, որ շատ ուրախ ու անմոռանալի մանկություն են ունեցել միասին. «Կյանքը եռում էր Էդգարի մեջ, աշխույժ էր, երբեք չէիր ձանձրանա նրա հետ: Շատ բարի էր»:

Էդուարդ Միրզոյանը (հարազատները նրան Էդգար են դիմում) ծնվել է 1987թ. սեպտեմբերի 13-ին: Ծնողների եւ երկու քույրերի հետ միասին ապրել է Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում: Այստեղ, ինչպես պատմում են հարեւանները, կենցաղն ունի իր առանձնահատկությունները: «Հանրակացարանում կյանքն ուրիշ ա: Հանրակացարանի երեխեքն իրար հետ են մեծանում, իրար աչքի առաջ, ու մեկ ընտանիքի պես: Էդգարն ու որդիս մտերիմ ընկերներ էին. Էդգարը շատ բարի ու աշխատասեր տղա էր: Դեռ փոքր տարիքից Էդգարն ու տղաս անտառ էին գնում, որ փայտ բերեն, որ կարողանանք տունը տաքացնենք, ճաշ եփենք»,- հիշում է հարեւանուհին՝ Նելլին:

Էդգարենց տանը մի գեղեցիկ կիտրոնի ծառ է աճում ու անուշ բույրով լցնում սենյակը: Վարդիթերը՝ Էդգարի մայրը, հիշում է, թե ինչ սիրով որդին տնկեց այս ծառը. «4-րդ դասարանում էր դեռ սովորում, մի օր մի պուճուր ճյուղ բերեց տնկեց, ասեցի՝ Էդգա՛ր ջան, դա ինչ ա՞, ասեց՝ մա՛մ ջան, կմեծանա, կտենաս, թե ինչ լավ լիմոնի ծառ ա դառնալու: Հիմա ամեն տարի լիմոն ա բռնում, ամբողջ սենյակում անուշ բույր ա ընկնում: Ծաղիկներ շատ -շատ էր սիրում. կբերեր, կդներ հողի մեջ ու սիրով կմշակեր»:

Մայրը նաեւ պատմում է, որ Էդգարը, դպրոց գնալիս, հաճախ էր ծաղիկներ տանում ուսուցչուհիների համար. «Միշտ ծաղիկներ էր տանում հետը դպրոց: Գնում էր, ձնծաղիկ էր քաղում, որ դասատուի համար տաներ: Շատ էր սիրում ֆիզկուլտուրան եւ կենսաբանություն առարկան: Ուսուցիչները երբեք Էդգարից չեն բողոքել, նույնիսկ ասում էի՝ Էդգա՛ր ջան, կարող ա՞ դու դպրոց չես գնում, որ ինձ չեն կանչում դպրոց: Բայց այդ ժամանակ շատ դժվար տարիներ էին: Ամուսինս ռազմադաշտում էր, ես էլ հազիվ էի հասցնում երեխաներին պահել: Էդգարս ամեն ինչ անում էր, որ ինձ օգնած լիներ»:

Էդգարը միշտ հատուկ պատրաստվում էր մոր ծննդյան տարեդարձին՝ անձամբ ինքն էր նվերն ընտրում եւ ծաղիկներ էր նվիրում: Վարդիթերը հիմա հատուկ խնամքով է պահում որդու նվիրած սուրճի բաժակները:

Նարեկն էլ պատմում է, թե ինչպես Էդգարը մի օր որոշեց նշել նրա ծննդյան տարեդարձը. «2003-ի մայիս ամիսն էր, մի օր որոշեց, որ իմ ծնունդը պետք ա նշենք: Առավոտյան ժամը 9-ին այնպես կազմակերպեց, որ ամբողջ դասարանով դասից դուրս եկանք, բոլորս գնացինք «պոնչիկանոց»՝ իմ ծնունդը նշելու: Ճիշտ ա, իմ ծնունդը հունիսին ա, բայց մենք մայիսին նշեցինք: Անմոռանալի օր էր բոլորիս համար»:

Հարեւաններն ասում են, որ ամբողջ թաղամասում բոլորը հիանում էին Էդգարի մաքրասիրությամբ ու կոկիկությամբ: Նաիրան, ով նույնպես բնակվում է նույն հանրակացարանում, հիշում է, որ Էդգարն այնքան ամաչկոտ էր, որ մարդկանց հետ խոսելիս՝ ակամայից կարմրում էր, բայց միշտ պատրաստ էր բոլորին օգնել, ամեն գործ կթողներ, եթե որեւէ մեկը նրան մի բան խնդրեր:

Հարազատները նշում են նաեւ, որ Էդգարը սիրել է փայտի հետ աշխատել եւ փայտից թզբեհներ է պատրաստել:

2005-ին Էդուարդ Միրզոյանը զորակոչվում է ժամկետային զինծառայության:

«Դպրոցն ավարտելուց հետո Ռուսաստան էր մեկնել, հետո վերադարձավ, որ ժամկետային զինծառայության անցնի: Տան մի սենյակի պատերը վերանորոգեց ու գնաց բանակ. ասում էր՝ մա՛մ ջան, սարքեմ, որ մեր տները լավ վիճակում տեսնեն: Վերջին օրերին, որ խոսում էինք, ասում էր՝ 4 ամիս ա մնացել, մինչեւ հաշվես, արդեն կողքիդ կլինեմ»,- հիշում է մայրը:

«Զինծառայությունից արձակուրդ էր եկել: Մի օր տեսավ, որ տղայիս հետ վիճել ենք, եկավ տղուս ասաց՝ ես գնում եմ. հա՛մ իմ մամային լավ կնայես, հա՛մ քո մամային: Երբ արձակուրդ էր եկել, շատ տխուր էր: Ինքն առհասարակ տխուր էր, շատ լուրջ էր: Շենքում շատ մարդիկ են ապրում, ում տանն էսքան տարվա մեջ չէր էլ եղել, բայց արձակուրդի վերջին օրը գնաց բոլորին տեսության»,- հիշում է հարեւանուհի Նոննան:

«Բանակից շատ հաճախ էր նամակներ գրում, բանաստեղծություններ էր գրում: Ձեռքին ինչ թուղթ ընկներ՝ գոնե մի քանի տող գրում էր, ուղարկում՝ մեզ»,- որդու նամակները հերթով թերթելով՝ պատմում է Էդուարդի մայրը:

Էդուարդ Միրզոյանը զոհվել է 2007թ. հունիսի 12-ին, ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031