Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրիժառության ախտը

Մայիս 24,2013 13:35

Խորապես ցավելով պետք է խոստովանենք, որ մեր ժողովրդի մեջ սաստիկ զարգացած է վրեժխնդրության զգացմունքը, եւ մեր մարդը, վրեժ առնելու համար, հաճախ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ։ Եվ ավելի եւս զզվելին այն է, որ նա սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով, ինքը միշտ մութի մեջ։

Ասիական այս գարշելի հատկությունը առանձնապես աչքի ընկավ եւ շատ ոճիրների պատճառ դարձավ մանավանդ վերջին շարժման խառնակ տարիներում, երբ իրար թշնամի մարդիկ իրենց ձեռքին գործիք էին դարձնում այս կամ այն կազմակերպության մարդկանց ու «գաղափարի» անունով իրենց հաշիվները մաքրում ամենայն անգթությամբ։

Բայց միայն խառնակ տարիները չեն. միշտ էլ գործի վրա են այդ չար, անհանգիստ հոգիները եւ չեն քաշվում մոլորության մեջ ձգելու նույնիսկ կառավարության պաշտոնյաներին։ Եվ որքա՜ն ջանք ու եռանդ, որքա՜ն, նույնիսկ, նյութական միջոցներ են գնում դրանց սարքած դավերի վրա, թե ինչ է՝ այսինչը ուզում է վրեժ հանել այնինչից։

Եվ ի՛նչ խորամտություն, ի՛նչ սուր հայացք, ի՛նչ խոր ծանոթություն է հարկավոր գործի ու սովորությունների՝ այդ բոլոր մեքենայությունների տակից ճշմարտությունն ու արդարությունը հանելու համար։

Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլեւ կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։

Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում, ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է։

Չար վերաբերմունք

Տարիներ շարունակ հետեւելով մեր մամուլին՝ մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը՝ նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները, եւ խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեեւ միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով եւ զանազան նման գեղեցիկ յարլիկներով։ Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ո՛չ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ո՛չ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ո՛չ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք եւ ոչինչ։ Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ։ Այլեւս ոչ մի փրկություն։ Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի հռչակն ու հաջողությունը նա վնաս է համարել իր փառքին եւ միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել, խանգարել, խեղդել։

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե որտեղի՞ց է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք՝ որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին եւ ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները, եւ, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1910

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Ա էլետ էկե՞լ ես, Օհաննես ջան: Այ տա, կարոտըմ ենք`խի՞ չէս թեզ-թեզ գալի: Այ տա, բայց էս հետ թարս-մարս բաներ էս ասըմ: Ա, մե՞նք ենք վրիժառու, այ տա: Էտ ումիցն ենք վրեժ լուծե՞լ: Թուրքերի՞ց` ա հա էլ մեզ սպանըմ են, թե՞ ղարաբաղցի գեղացոնցից`որ էկել երգիրը զանիտ են արել ու մեզ վըռընդըմ են ստիյան: Մուտիլովշիկ ենք, մենք, մու-տի-լով-շիկ: Դրուստն եմ ասըմ, Օհանես ջան: Վրեժ ոռց ազգերն են լուծըմ`նապրիմեր չեչեննին: Ոչ վախըմ են, ոչ էլ էն ա: Մի հանգի կըռվըմ են: Այ տա, մենք որդի, վրեժը որդի: Կարողա՞ “Աղքատի պատիվը” դու չես գրե՞լ: Պահոոո…

  2. Կարո Մելիքյան says:

    Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչին դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ, իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք` լույս, անոնք տգետ են, և մենք գիտուն, անոնք սուր են, մենք` գրիչ, անոնք ատելություն են, մենք` սեր, անոնք կրակ են, մենք` ջուր, անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր, անոնք փուշ են, մենք` վարդ. անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը անդին կերթար, կու գար…

    – Այո, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չէր գիտեր, որու երթալ և որու բողոքել:
    Հ. Պարոնյան.

  3. Հայկ says:

    Թումանյանին սիրում ենք, նա մեր մեծերից է, սակայն բնականաբար միշտ չէ, որ համամիտ ենք լինում նրա կամ այլ մեծերի արտահայտած կարծիքներին: Կարծում եմ, եթե մենք վրեժխնդրության մեծ ռեսուրս ունենայինք, ապա առ այսօր օր ու արև չէինք տա մեզ ցեղասպանած-բնաջնջած ու մեր Հայրենիքը խլած օտարներին: Ես համոզված եմ, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք, և մեր մեջ գտնվող արատավոր խուժանը, որն ազգություն չի ճանաչում, չի կարող ստվեր գցել մեր ինքնության վրա: Աշխարհի բոլոր ծայրերում չարը մնում է չար, իսկ բարին՝ բարի…

  4. Մարգար Մախսուդյան says:

    Սովետի լճացման տարիներին, երբ արդեն չէին կարողանում թաքցնել, թե տնտեսապես որքան հետ ենք մնացել արևմուտքից, տնտեսության առաջընթացի տպավորություն ստեղծելու նպատակով համեմատություններ էին անում 1913 թ. ցարական ժամանակաշրջանի ցուցանիշների հետ, ասենք՝ մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի, 1000 հոգուն ընկնող հեռախոսների, վերելակների և այլնի վերաբերյալ, և պատկերացրեք, որ տպավորիչ արդյունքներ էին ստացվում:
    Ամեն անգամ, երբ պրն Աբրահամյանը մեզ մատուցում է մեծ հայի՝ 100 ամյա վաղեմության պատմական ժամանակաշրջանի մտահոգությունները, չգիտես ինչու՝ հիմնականում ազգին բնորոշ վատ հատկանիշների՝ այսպես ասած մենթալիտետի վերաբերյալ, ակամա մեղքի զգացողություն եմ ապրում, թե այդ ինչքան վատն եմ ես, որ այսօրվա մեր ղեկավարները ջանք ու եռանդ չեն խնայում երկիրը ծաղկեցնելու, սակայն չար, փոքրոգի, ապերախտ, տեղ-տեղ նաև վրիժառու քաղաքացիներս, բերկրանքով և երախտագիտությամբ խանդավառվելու փոխարեն, վայրահաչում ենք մեր ազգի սերուցքի դեմ լցված նախանձից, սակայն տրամադրությունս փրկում է Հրանտ Մաթևոսյանի հերոսի՝ թաքնված հեգնանքով ասված խոսքը.
    ՛՛ … Կանեն, կանեն, դրանք գող, անպետք մարդիկ են, մարդ էլ կուտեն…՛՛

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վաղը գիշերը, Հ1-ով ես պատմելու եմ Անտոնին Դվորժակի «Ջրահարսը» օպերայի մասին: Ես այդ ստեղծագործությունը դիմել եմ հատուկ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նպատակով:

  5. Armine G says:

    «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում:» – Գալուստ Սահակյան

  6. Nem says:

    Խանդ, վրիժառություն, ախտեր են կործանարար եղբորդ նկատմամբ, և զարմանալի է, թե ուսյալ մարդիք ինչպես են վերաբերվում լուրջ խնդիրներին:
    Ակամա հիշեցի ադրբեջանցի տարեց մարդու ասածը`/ հայը հաչան ա կծում չի/

  7. Հրանուշ Խառատյան says:

    1910թ. գրած այս մտահոգությունից հետո, 1921թ., նույն Թումանյանը Ա.Իսահակյանին գրած նամակում պիտի վրդավված ասի. ”Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես։
    Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը։
    Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։

    Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…
    Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։
    1921 թ.”::Թումանյանի այս նամակի մասին հիշեցնում եմ, որպեսզի մի փորձ անեմ անդրադառնալու ՛՛Վրիժառության ախտի՛՛ վերջին պարբերությանը. հասարակությունների արժեքները ձևավորում են այդ հասարակություններին առաջնորդեղները: Անիմաստ է հասարակությանը կոչ անել ՛՛նվիրում՛՛, ՛՛անձնուրացություն՛՛, ՛՛արժանապատվություն՛՛, ՛՛բարություն՛՛, ՛՛արդարամտություն՛՛, ՛՛մեծահոգություն՛՛, ՛՛երախտագիտություն՛՛, ՛՛լայնախոհություն՛՛ և այլ կարևոր առաքինություններ: Պարզապես մեր հասարակության առաջնորդները պետք է առաջնորդվեն այս որակներով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031