Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ընդդիմության աշխատանքը այս քառօրյայում գնահատեց համախմբված, կոորդինացված եւ փայլուն. «ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ցույց տվեցին փաստարկներով, որ այս կառավարությունը ձախողել է, ցույց տվեցին, որ այս կառավարության օրոք տեղի է ունենում արտագաղթ, այն էլ շատ աղետալի չափերի: Դուք էլ տեսաք, որ իշխանությունը շատ նյարդայնացած էր, արդեն անցան անձնական վիրավորանքների: Մենք մի կարեւորագույն փոփոխություն ենք նկատում պառլամենտում, եւ ես դա կհամարեմ ՀԱԿ-ի ռազմավարական կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, որ պառլամենտը դարձել է պառլամենտ: Թեեւ ունի կեղծված մեծամասնություն, գող ավազակներ, բայց դարձել է խորհրդարան, որովհետեւ հնչում է սուր քննադատություն: Այս իշխանությունները տարիներ շարունակ սովորել էին, որ իրենք կարող էին հափշտակել մեր ազգային հարստությունը, բայց գային խորհրդարան եւ ներկայանային որպես սոլիդ, հարգված պաշտոնյաներ: Այդ հաճույքից մենք իրենց զրկեցինք: Իրենք հասկանում են, որ խորհրդարանում հնչում է ճշմարտացի խոսք: Մենք չենք կարողանում դադարեցնել այդ կողոպուտը, բայց գոնե կարողանում ենք ճշմարտությունը նետել նանց դեմքերին: Այսինքն, եթե իրենք գողանում էին՝ հաճույք էին ստանում, հիմա գողանում են՝ հաճույք չեն անում: Մյուս էտապը կլինի, որ նրանք ուղղակի հեռանան»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ դժգոհեց, որ կանոնակարգ օրենքով իրեն հնարավորություն չտվեցին ԱԺ նիստի ընթացքում արձագանքել, երբ իր անունը հնչել էր «Նրանք այնքան նյարդայնացած են, որ գնում են կանոնակարգի կոպտագույն խախտումների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ