Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին «Վերջին զանգի» տոնական առիթով:
Սիրելի շրջանավարտներ,
Ավարտելով ուսումնառության շրջանը` դուք այսօր Տիրոջ կամքով կյանքի մի նոր հանգրվանի եք հասել: Ձեր առջև բացվում են լայն ճանապարհներ, որոնցով դուք` երիտասարդներդ պիտի ընթանաք դեպի իրագործումը նվիրական Ձեր իղձերի ու երազանքների: Նոր հաջողությունների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջև հառնելու են նաև նոր խնդիրներ, գուցե և` դժվարություններ: Ահա թե ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատվիրում է Տիրոջ խոսքով առաջնորդվել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118:9):
Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով և իմաստությամբ շնորհազարդի` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիվ զավակներն ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի և լուսավոր ապագա, արդար ու քաջարի գործեր:
Կարդացեք նաև
Հայրապետական մեր սերն ու գնահատանքն ենք բերում նաև կրթության ոլորտի երախտավոր մշակներին և ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զավակներին կրթելու և բարձր արժանիքներով դաստիարակելու համար:
Տիրոջ շնորհները, սերը և աստվածային սրբարար զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. ամեն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ