Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դրդել սպանված զինվորի հարազատներին

Մայիս 24,2013 11:36

«Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչն է ստիպել զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի ծնողներին մայիսի 18-ին տղային հուղարկավորելու փոխարեն նրա դին տեղափոխել Երեւան։ Այս հարցերի շուրջ նախ զրուցեցինք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի հետ։

Գյուղապետի վստահեցմամբ՝ մայիս 17-ին զինվորի ընտանիքի անդամները սպանված զինվորի դին Երեւան տեղափոխելու մտադրություն ընդհանրապես չեն ունեցել. «Այդ գիշեր՝ մինչեւ երեկոյան ժամը 23:00–ն, եղել եմ Ստեփանյանների տանը, ու լրիվ որոշված էր, որ առավոտյան պետք է լինի զինվորի հուղարկավորությունը։ Նույնիսկ զինվորական նվագախմբի հետ պայմանավորվածություն կար, որ նրանք պետք է գան ու նվագեն։ Այդպես ամեն ինչ կազմ-պատրաստ էր թաղման արարողության համար»։

Ծնողների մտադրության փոփոխությունը, ըստ խոսակցությունների, կապված է «Զինվորի մայր» կազմակերպության ներկայացուցչի այցելության հետ։ Մինչ ծնողների մտադրության փոփոխության պատճառներին անդրադառնալը, նախ նկարագրենք, թե ինչ զրկանքների գնով են զոհվածի հարազատները փորձել հասնել Մարտունի-Երեւան ավտոճանապարհ։ Նրանց ճանապարհը նախ փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները՝ ամեն կերպ փորձելով խոչընդոտել նրանց մուտքը Երեւան։ «Տանում եմ, որդուս դիակը տամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին»,-ասում էր սպանվածի հայրը։ Թափորը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից արդեն հասել էր Երեւան-Սեւան մայրուղու «Գայի պոստ»-ին, երբ ՌՈ եւ ոստիկանության ներկայացուցիչները փակեցին նրանց ճանապարհը, քաշքշուկ տեղի ունեցավ, ոստիկանները հրեցին ու բռնություն գործադրեցին սպանվածի հարազատների, համագյուղացիների նկատմամբ, կոտրեցին տեղում աշխատող լրագրողների տեսախցիկները, եւ այս ամբողջ ընթացքում զինվորի դագաղը կա՛մ համագյուղացիների ձեռքին էր, կա՛մ ուղղակի ասֆալտի վրա դրված, կա՛մ մեքենայի մեջ։

Քանի դեռ այս մասին լրատվամիջոցները չէին գրել, ոչինչ չէր հրապարակվել, իրավապահներն «ուղտի ականջում քնած էին»։ Իսկ երբ հրապարակվեց այս ամոթալի դեպքերի նկարագրությունը, երեկ նոր հայտարարվեց, թե ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Երեւան-Սեւան մայրուղում զինվորականների կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ։

Հիմա անդրադառնանք սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին այցելած «Զինվորի մայր» հ/կ-ի ներկայացուցչին, որը, ըստ գյուղապետի, կարող էր ծնողներին դրդել դին տեղափոխել Երեւան։ Պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»–ը դիմեց վերոնշյալ հ/կ-ի նախագահ Անահիտ Հովնանյանին, սակայն վերջինս վստահեցրեց, որ ինքը հանրապետությունից այդ օրերին բացակայել է. «Նոր եմ վերադարձել Ուկրաինայից եւ դեպքի մասին նոր եմ իմացել ու հաստատ կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունից մարդ չի եղել։ Հաճախ մեր կազմակերպությունը շփոթում են «Զինվոր» հասարակական կազմակերպության հետ, միգուցե նրա՞նք են եղել»։

Ո՞վ է եղել իրականում, արդյո՞ք շփոթվել է գյուղապետը կազմակերպության անունը տալիս։ Մեր կասկածները փարատելու նպատակով զրուցեցինք նաեւ «Զինվոր» հ/կ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, սակայն վերջինս վստահեցրեց, որ իրենք այդ գիշեր չեն այցելել հարազատներին։

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ կազմակերպությունն է եղել զինվորի դին փողոց հանելու մտքի հեղինակն ու իրականացնողը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031