Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի տարածքում գտնվող «Նոր Վարագավանք» վանական համալիրը նորոգվում է: Վերանորոգման գումարը տրամադրել է «Իդեալ համակարգ» խանութների ցանցի սեփականատեր Նորայր Խաչատրյանը: Որոշ տվյալներով՝ այդ նպատակով տրվել է մեծ գումար՝ շուրջ 1 միլիոն դոլար: Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, վերանորոգման առաջին փուլի համար տրամադրվել է 120 միլիոն դրամ: Նորոգման աշխատանքները կատարվել են անորակ, եւ այդ առթիվ Բերդի տարածաշրջանից բողոքներ են եղել: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 4-5 ամիս առաջ եւ կտեւեն մի քանի տարի: Նրան հարցրեցի շինարարական աշխատանքների որակի, դրա հետեւանքով նշանավոր կառույցի հնամենի տեսքի աղճատման մասին:
«Դե ճարտարապետներ են գնում-գալիս: Ես ճարտարապետությունից ի՞նչ եմ հասկանում»,-պատասխանեց գյուղապետը: Նրան հարցրեցի, թե վերանորոգումը ո՞ր կազմակերպությունն է կատարում:
«Տարբեր տեղերից շինարարներ կան, մեր մարզից կան, Եղեգնաձորից կան»,ասաց Սամվել Մանուչարյանը:
Նշենք, որ 2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է վանական այդ համալիրում, քննարկել դրա նորոգման խնդիրը: Վանքը 1193-1198 թվականներին հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը, հետագայում՝ 1234-1237 թվականներին նրա թոռը՝ Վասակ Բ-ն վանական համալիրն ընդարձակել է: Այն «Նոր Վարագավանք» անունը ստացել է հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերվելու պատճառով: Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թվականին այստեղ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում՝ Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ