Հայկական բանակում գրանցված սպանությունների ու որպես ինքնասպանություն ներկայացված դեպքերի մեծ մասի հետ կապված պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ պատճառը զինվորների միջեւ միջանձնային հարաբերություններն են։ Լյուքս Ստեփանյանի դեպքում եւս սկզբնական շրջանում ՊՆ ներկայացուցիչները հենց այս շեշտադրումն էին առանձնացնում։ Անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւան-Սեւան մայրուղու վրա բանակցելով սպանված զինվորի ծնողների հետ՝ զինվորի դագաղի մոտ, ասաց, որ կատարվածը զինծառայողների միջեւ ծագած վիճաբանության արդյունք է, այսինքն՝ դարձյալ միջանձնային հարաբերություններում առկա խնդրի, եւ հետեւաբար՝ ոչ սպայական անձնակազմի դրսեւորած անգործության։ Մինչդեռ հիմա ՊՆ խոսնակը հայտարարում է, թե ծառայողական քննությանը հաջորդելու են պաշտոնանկություններ։ Հետաքրքիր է՝ Արծրուն Հովհաննիսյանը որտեղից գիտի, թե ինչպիսի բացահայտումներ են լինելու ծառայողական քննության արդյունքում, որ ի սկզբանե վստահեցնում է, թե դրան հաջորդելու են պաշտոնանկություններ։ Արդյոք այդ հայտարարությունը չի կարելի ընկալել որպես ի սկզբանե ծառայողական քննությունն իրականացնող մարմինների վրա գործադրվող ճնշում։ Սրանք հարցեր են, որոնք, ցավոք, կմնան անպատասխան։ Իսկ ՊՆ-ն լավ կաներ մի ծառայողական քննություն էլ սկսեր՝ պարզելու համար, թե ում հրահանգով են զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչները հայտնվել Երեւան-Սեւան մայրուղու վրա՝ խոչընդոտելու սպանված զինվորի դիակը Երեւան բերելը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում