Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրապարակել է այն գումարները, որոնց դիմաց է պատրաստ բաց թողնել իր ակումբի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանին եւ Ֆերնանդինիոյին:
Վերջերս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ուկրաինական ֆուտբոլի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, թե մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո կարիերան շարունակել եվրոպական որեւէ գրանդ ակումբում, իսկ Ֆերնանդինիոյի մասին մամուլը գրում է, թե նրանով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը եւ հրապարակել այն գումարները, որ պիտի իր թիմի երկու առաջատարների համար վճարվեն: «Հիմա մենք պետք է նախապատրաստվենք Չեմպիոնների լիգային եւ պետք է ամրապնդենք թիմը: Մեր նպատակը եվրոպական ասպարեզում եւս մեկ առաջընթաց քայլ գրանցելն է: Դրա համար հարկավոր է պահել թիմի առաջատար խաղացողներին: Հետաքրքրությունը Մխիթարյանի եւ Ֆերնանդինիոյի նկատմամբ ակումբին զրկում են հանգստությունից: Ուզում եմ ասել, որ Ֆերնանդինիոյի հավանական գնորդը պետք է վճարի 50 միլիոն եվրո, իսկ Մխիթարյանին բաց թողնելու գինը 30 միլիոն եվրո է: Դրանցից ցածր գնով մենք նրանց չենք վաճառի», – հայտարարել է ռումինացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ