Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, և հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն