Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Եսայանի հայր. «Վլադիմիր Գասպարյանը դիշովի շուոներ է սարքում»

Մայիս 23,2013 19:36

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատավարությունը: Սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, ով երեկ մի ամբողջ աշխատանքային օր ցուցմունք էր տվել, այսօր դարձյալ ասելիք ուներ դատարանին: Սակայն նրա ասելիքը վերածվեց ելույթի, որդեկորույս հայրը անչափ վրդովվեց, վիրավորվեց , երբ կարճ ցուցմունքից հետո դատավոր Մարտին Սարոյանը նրան դուրս հրավիրեց` պատճառաբանելով, որ հարցաքննված վկաները իրավունք չունեն դատարանի դահլիճում նստելու: «Ես տղայիս դատին ուզում եմ ներկա լինել, առանց այն էլ տարիներով դրսերում ենք, ամբողջ օրը աշխատում ենք (վերջինս բնակվում է ԱՄՆ-ում Ա.Ն.): Ի՞նչ վատ բան էինք արել. տղուս հայրենիք բերեցինք, սպանեցին մարդակեր լկտիները, ճիճուները, ու այդպես էլ հանցագործությունը չպարզեցին: Ես գնում են Կարեն Բաբակեխյանի մոտ (խոսքը Շիրակի մարզի ոստիկանապետի մասին է), ասում եմ, թե ով է հանցագործության վայրից հետ բերել Հարություն Սարգսյանին, ինչ մեքենայով, տվյալներ եմ տալիս, ասում է գնա, տղաները զբաղվում են էդ գործով: Գնում եմ Երեւան, քննիչն ասում է` Կարեն Բաբակեխյանը զբաղվում է էդ հարցով: Ի՞նչ պարզեցիք, ինչո՞ւ եք վերցրել քննության թերի գործը», -դատավորին դիմելով` ասաց որդեկորույս հայրը:

Դատավորը փորձեց նրան դուրս հրավիրել` պատասխանելով, որ իր մեղադրանքները դատարանին չեն հասցեագրված,  եւ որ Ռազմիկ Եսայանի հարցաքննությունն ավարտվել է, սակայն վերջինս բացականչեց. «Ոչ, թողեք ես ելույթ եմ ունենում, էս ի՞նչ դարձրեցիք էս երկիրը, էս մեր հայրենիքը, էս ո՞ւր հասավ անպատժելիությունը, զենքը կասկածյալի վրայից հանում են, բա ինչո՞վ սպանեց իմ որդուն, ավտոյո՞վ: Մարդը թասիբ, նամուս պիտի ունենա, էս ի՞նչ դիշովի շուո սաքեցին, էն Վլադիմիր Գասպարյանը գալիս է, թե նախորդ հանցագործությունները պիտի բացեմ, բա բաց, ինչո՞ւ չես բացում, ո՞ւմ ես սպասում, դատախազությունն էլ քնած է»:

Այուհետեւ ցույց տալով իր որդու սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին` Անիի նախկին ոստիկանապետի որդուն, Ռազմիկ Եսայանն ասաց. «Էս լկտին պիտի նստի, բա մյուսնե՞րը, որ սպանեցին իմ անմեղ որդուն, ինձ ի՞նչ հետաքրքիր է, թե էս տղան մեքենաների առուվաճառքով է զբաղվել, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել ու նա եւ դրա համար է դատվում, ջհանդամ տնտեսական գործունեությամբ չի զբաղվել, ինձ ի՞նչ, ինձ իմ տղու սպանության գործն է հետաքրքիր»:

Դատավորը, տեսնելով, որ նրա ելույթը խանգարում է դատական նիստին, կարգադրչիներին հրահանգեց դուրս տանել նրան: Վերջինս հուսալքված, գրեթե արտասվելով լքեց դատարանի դահլիճը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031