Փախուստի գործով ցմահների պաշտպանը «փոխարինվում» է մեկ այլով` ճաղավանդակի դեմ ընդվզելու համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցմահ ազատազրկման դատապարտվածների փախուստի փորձի գործով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակում է իր արտագնա նիստերն անցկացնել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Երեկ նույն հիմնարկի կալանավորներ, ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արտակ Ճաղարյանի, Արարատ Մուրադխանյանի եւ Հովսեփ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության ժամանակ գրանցվել է անակնկալ:
Ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը փոխարինվել էր հանրային պաշտպանով, առանց ամբաստանյալի համաձայնության:
Կարդացեք նաև
Ըստ մեր տեղեկությունների, ամբաստանյալը հրաժարվել է նորահայտ պաշտպանից, պահանջելով իր նախկին պաշտպանին: Անգամ գրիչ է նետել ճաղավանդակներից դուրս ի նշան բողոքի:
Հիշեցնենք, որ նրա պաշտպանը` ճանաչված փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մի քանի անգամ դատական նիստերի ժամանակ ահազանգել էր մեկուսարանի «դատական նիստերի դահլիճի»` ճաղավանդակի դեմ, այնտեղ նիստի ողջ ընթացքում պահվող ամբաստանյալների ձեռնաշղթաների դեմ:
Ըստ մեր աղբյուրի, պաշտպանն անգամ առաջարկել էր հավասար մրցակցության իրավունքի հարգման սկզբունքով դատախազին նույնպես ճաղավանդակ հատկացնել;
Նշենք, որ երեկ դատարանը լսել է ՔԿՀ երեք աշխատակից-վկաների, իսկ Արարատ Մուրադխանյանի եւ Արտակ Ճաղարյանի դեմ կիրառել սանկցիա` հեռացնելով «դատական նիստերի դահլիճից»` ճաղավանդակից:
Ազատազրկվածները ըստ մեղադրական եզրակացության, իրենց խցում վերանորոգում կատարելու պատրվակով, վարչակազմից օրինական կարգով ստացել էին մուրճ, պտուտակահան, «զուբիլ», փորձել էին բացել խցի սանհանգույցի առաստաղը:Այնտեղից նրանք մտադիր էին դուրս գալ ՔԿ հիմնարկի զբոսասրահ:
Անցյալ տարվա ապրիլին «իրենց կամքից անկախ», խցում իրականացված խուզարկության ժամանակ խորշը հայտնաբերվել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ