Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների ուղերձը ՀՀ նախագահին

Մայիս 23,2013 17:33

Պարոն Նախագահ

Մենք, ՀՀ Նախագահին առընթեր հայրենական ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհման հանձնախմբի անդամներս, խորապես մտահոգված հանրապետության ողջ տարածքով մեկ ճարտարապետության ազգային ժառանգության հանդեպ սեփականատերերի նախաձեռնությամբ ու պետական ատյանների թողտվությամբ վերջին տարիներին սկիզբ առած ու հաղթարշավի վերաճած վարյագ վերաբերմունքից, փաստելով խնդրո առիթներով հանրությունում օր օրի հնչեցվող տագնապի ու պահանջի հանդեպ պետության թևաթափ կեցվածքն ու անտարբեր պահվածքը, ինչի հետևանքով չքացան, աղավաղվեցին կամ կորստյան շեմին են հայտնվել պետական պահպանման ցուցակներում գրանցված “Սևան” հյուրանոցը, Երիտասարդների պալատը, Ծածկած շուկան, Հանրապետության հրապարակի ողջ համալիրը, բնակելի ու հասարակական բազմաթիվ այլ շենքեր ու շինություններ, այժմ էլ “Զվարթնոց” օդանավակայանի հոյակերտ հորինվածքը, որի սեփականատերն արդեն իսկ դիմել է այն քանդելու թույլտվություն ստանալու հայցով, վկայելով, որ այս ամենով նաև կոպտորեն խախտվում են միջպետական մեր պարտավորությունները, որոնք ամրագրված են ճարտարապետական ժառանգության պաշտպանության Եվրոպական համաձայնագրում և վավերացված ՀՀ Կառավարության կողմից, և, վերջապես, գիտակցելով, որ մշակութային ժառանգության շարունակական կորուստը սկիզբն է ազգային ինքնության անէացման կամ, որ նույնն է, ազգային պետականության կործանման և, որ մենք, առաջին հերթին` ճարտարապետներս, կամա թե ակամա մեղսակիցն ու մասնակիցն ենք դառնում արատավոր այս գործընթացի,

հորդորում ենք Ձեզ

Հրահանգել պատկան ատյաններին վերջ դնել անարգանքին և օրենքով սահմանված կարգով ` հասցված վնասի հատուցմամբ, նաև ի ցույց վաղվա ընդվզողներին` Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան վերադարձնել Երևանի համայնքին` այն վերականգնելու և նախնական նշանակությամբ օգտագործելու նպատակով:

Հրահանգել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին , նաև շահառու այլ կազմակերպությունների` հատուկ քննության ենթարկել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման ու օգտագործման խնդիրներում երկրում տիրող ներկայիս անհանդուրժելի վիճակը և օրենսդրական առաջարկություններ ներկայացնել այն բարելավելու համար:

 

Պարոն Նախագահ

Մեր խորին համոզմամբ ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին պետք է որ միտված լիներ մեր ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրներին: Սակայն երբ պետությունը մի ձեռքով խթանում է մշակույթը, մյուսով` արտոնում նրա կործանումը, ապա իմաստազրկվում է ոչ միայն բնագավառում պետական մրցանակներ շնորհելու գաղափարը, այլև ընդհանրապես մեզանում ոլորտի կրթական համակարգի առկայությունը, քանզի անհնար է կրթել ազգային ոգով տոգորված սերունդ, եթե նա հետադարձ հայացքի իր հորիզոնում նախնյաց արարումներ այլևս չունի:

Ճարտարապետական արժեքի կորուստն անվերադարձ է և վիճակը շտկելուն ուղղվելիք կտրուկ քայլեերի ձեռնարկումը` անհետաձգելի: Հապաղման ժամանակ այլևս չունենք:

 

Հանձնախմբի անդամներ, ճարտարապետներ `

 Սաշուր Քալաշյան /հանձնախմբի նախագահ/, Մկրտիչ Մինասյան, Հրաչյա Պողոսյան, Ալբերտ Զուրաբյան, Անուշ Տեր- Մինասյան Մհեր Չերքեզյան , Սարգիս Սարդարյան , Աշոտ Արշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031