Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8–12–րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381–ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։
Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է նկատում։ «Հանձնաժողովի կազմն ամեն տարի փոփոխվում է։ Այս տարի հանձնաժողովում ընդգրկված են եղել ուսուցիչներ ու բուհերի դասախոսներ։ Մասնակիցներին հնարավորություն էր տրված բողոքարկելու արդյունքները, սակայն փաստը, որ թե՛ օլիմպիադայի ընթացքում, թե՛ ավարտից հետո որևէ բողոք չի արձանագրվել, նշանակում է, որ դպրոցականների օլիմպիադան տարեցտարի ավելի լավ է կազմակերպվում։ Ի դեպ, այս տարի այն անցկացվել է դեռևս 2011 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաստատված կարգով»։
Կազմակերպիչները նկատել են նաև, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվեղ առարկաներից։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն