Կայացավ 2013 թվականի Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի իրականացման համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի ծրագրի իրականացման համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Տարին հոբելյանական է, 5-րդ անգամ ենք ընդունում «Արի տուն» ծրագրով Հայաստան եկող երեխաներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել գերատեսչություններին, վարչական շրջաններին, նրանց ղեկավարներին և հյուրընկալող համայնքներին ու ընտանիքներին: Այս ծրագիրը մեր բոլորի ծրագիրն է, ամբողջ հայ ժողովրդի ծրագիրը: «Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև»:
Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ «Արի տուն» ծրագրի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:
Կարդացեք նաև
Նիստի մասնակիցներին ներկայացվեց «Արի տուն» ծրագրի 2009-2012թթ. ամփոփիչ հաշվետվությունը, 2013թ. ծրագրում տեղ գտած փոփոխությունները, նախապատրաստական աշխատանքները և ծրագրային փաթեթը:
Ներկաները դիտեցին «Արի տուն» 2012թ տեսաֆիլմը, որից հետո ծավալվեց ծրագրի խնդիրներին առնչվող քննարկում ծրագրի պատասխանատուների և գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:
«Արի տուն» 2013թ. ծրագրով նախատեսված են ճանաչողական, շրջայցային, մշակութային միջոցառումներ: Ծրագրի մասնակիցները 9 օր կանցկացնեն հյուրընկալող ընտանիքներում և 5 օր Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում: Ակնկալվում է շուրջ 1000 երիտասարդի մասնակցություն:
Ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 16-ին և 8 փուլով շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը: Նախորդ 4 տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայրենիք է այցելել շուրջ 3000 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:
Այս տարի ծրագիրը համալրվել է բովանդակային նոր բաղադրիչներով՝ հայոց լեզվի ամենօրյա դասընթացներով, որոնք կանցկացվեն Երևանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Ընդլայնվել է շրջագայությունների աշխարհագրությունը:
2013թ ծրագրում կա ևս մեկ փոփոխություն՝ բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին կուղեկցեն մասնագետ զբոսավարները:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ