Այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցավ Օշական համայնքի երաժշտական դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը։
Օշական համայնքի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը Հայ օգնության ֆոնդի ազգանվեր գործերից է, որը հնարավոր դարձավ Ֆլորիդայում բնակվող հայազգի բարերար տիկին Նատիա Փոլատեանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ, ինչը հայրենիքի հանդեպ ունեցած նրա մեծ սիրո նշան է։ Նրա և ՀՕՖ-ի համատեղ ջանքերի շնորհիվ Օշական գյուղի երեխաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ և բարեկարգ կրթօջախում, իսկ Փոլատեան ընտանիքի բարի անունը կգրվի ՀՕՖ-ի բարերարների ցանկում։
Արարողությանը ներկա էին Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրենությունը, մի շարք սփյուռքահայ հայրենակիցներ, ովքեր ուղեկցում էին բարերարի ներկայացուցիչ տիկին Թամար Կայսերյանին, ինչպես նաև Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպս. Պռոշյանը, Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը։
Տիկին Թամար Կայսերյանը, ով անգնահատելի աջակցություն է ունեցել նվիրատվության կազմակերպման գործընթացքում, հույս հայտնեց, որ տիկին Փոլատեանի ամուսնու հիշատակին նվիրված այս բարեգործությունը կծառայի սերունդներին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և դպրոցի անձնակազմը Օշական համայնքի անունից խորին շնորհակալություն հայտնեցին բարերարին և Հայ օգնության ֆոնդին՝ Օշականի երաժշտական դպրոցին նոր կյանք պարգևելու համար։
Կարդացեք նաև
ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին