Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ,
Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու:
Այդ տեսակետից, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մեր անցած ճանապարհին: Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988 թվականից և այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս անցած ճանապարհից: Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում և Լևոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա: Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ կայանում է հետևյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:
Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից: Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է՝ դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:
Կարդացեք նաև
Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք և կգնանք առաջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ:
Չորրորդ դասը, որ ես ինձ համար քաղել եմ. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Եվ եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ`մենք պետք է նաև ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, դա նշանակում է, որ մենք պետք է անենք բաներ, որ մինչ օրս չենք արել, եթե ուզում ենք նոր արդյունք ստանալ: Իսկ խնդիրները, որոնք մեր առջև կանգնած են` տրիվիալ խնդիրներ չեն:
Պարզունակ լուծումներ չկան, հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները և ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսևորվելու են:
Հինգերորդ իմ համոզմունքը և դասը, որ քաղել եմ, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի մեր գաղափարների հետ և դա նույնպես համագործակցության ձև է:
Մեր երկրի նախագահը կողմնակիցն է համագործակցության: Դա նրա քաղաքական գաղափարախոսության հենքն է: Մենք կողմնակիցն ենք համագործակցության, մենք կողմնակիցն ենք կամուրջներ կառուցելու իշխանության և ընդդիմության միջև: Եվ սրա մասին մեր քաղաքական ղեկավարը մշտապես հանդես է գալիս իր հրապարակային ելույթներում: Եվ սա այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան:
Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում տեղի ունեցավ մտածողության փոփոխություն: Մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար:
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ