Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի թանկացումը քաղաքական որոշում է

Մայիս 23,2013 15:57

Գագիկ Մակարյանի կարծիքով, Ազգային ժողովում գազի թանկացմանը վերաբերող քննարկումը, որ փակ է անցկացվելու, նպատակաուղղված է նրան, որ լինի քաղաքական որոշում, ոչ թե տնտեսական:

«Բոլոր հաշվարկներն իրականացվել էն 189 դոլար՝ հազար խորանարդ մետրով սահմանին: Նախնական գնահատականներով բնակչության սակագինը մենք հիմնավորված ենք համարում 156 դրամ`1 խորանարդ մետրի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը:»,-այսօր «Մեդիա կենտրոնում» գազի հնարավոր թանկացման վերաբերյալ ասուլիս-քննարկման ընթացքում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Մինչ բուն քննարկումը սկսելը, պարոն Բաղրամյանն ու հանձնաժողովի մեկ այլ ներկայացուցիչ լրագրողներին հորդորեցին քաղաքական հարցեր չտալ եւ չքաղաքականացնել գազի թանկացման թեման: Իսկ ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց` «Այնուամենայնիվ քաղաքական կողմ կա, ենթադրում եմ որ այսօրվա Ազգային ժողովում գազի թանկացմանը վերաբերող քննարկումը, որ փակ է անցկացվելու, նպատակաուղղված է նրան, որ ավելի շատ լինի քաղաքական որոշում, ոչ թե տնտեսական: Ինձ համար անհասկանալի է, որ հանձնաժողովը հապճեպ հայտարարեց այդ 20%-ի սահմաններում բարձրացումը, 5 աշխատանքային օրվա ընթացքում հասցնել փաթեթի լիարժեքությունը ստուգել, 790 էջը գնահատել, կարծում եմ`իսկապես քաղաքական ֆակտոր կա»:

Պարոն Մակարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած փաթեթը պետք է վերադարձնել. «Ես գտնում եմ, որ հիմա էլ կարելի է այդ վերադարձնել, որովեհետեւ կառավարության սուբսիդավորման 30% հանգամանքը փոխեց գազի արժեքը եւ դրա վրա կառուցված ամբողջ հաշվարկը պետք է վերանայել»:

Սակագնային քաղաքականության վարչության պետն էլ հապճեպ որոշում կայացնելու վերաբերյալ ասաց, որ իրենք չեն սպասել «ՀայՌուսգազարդի» հայտի ներկայացնելուն, քանի որ դեռեւս նախորդ տարվանից խոսվում էր գազի սակագնի շուրջ տարվող բանակցությունների մասին, հանձնաժողովը չի սպասել  պաշտոնական հայտի մուտքին ու ամբողջ փաթեթն ինքնակամ ուսումնասիրել է:

Հարցին, թե կոնկրետ Ռուսաստանից որքանո՞վ ենք գնում, քանի որ Էնեգետիկայի նախարարությունը շարունակում է խոսել 180 դոլարի մասին, իսկ  «ՀայՌուսագազարդի» տնօրենը, այս գինը շեշտելով հանդերձ, երբ նրան հարց են ուղղել որ այլ գին է, տնօրենն ասել է` դա կբացահատվի մեկ երկու շաբաթ անց:

«Ըստ հայտի, Հայաստան ներմուծվող գազի գինը կազմում է 270 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց այս տարվա ապրիլի 1-ից»,-պատասխանեց հանձնաժողովի ներկայացուցիչը:

Գագիկ Մակարյանի խոսքերով էլ` գազի թանկացումը միկրո եւ փոքր բիզնեսին հսկայական վնասներ կտա, քանի որ այս բիզնեսը հիմնականում օգտագործում է մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ. «Մեր հարցումներով, այդ բիզնեսների շահութաբերությունը շատ ցածր է, համարյա 0, եւ ամեն մի լրացուցիչ ծախսը բեռ է այդ բիզնեսի համար: Մենք չենք կարող ասել, որ այդ գների պայմաններում նրանք կկարողանան աշխատել: 3.5% շրջանառու հարկն արդեն առաջացրել է խնդիրներ, հիմա դրան էլ գումարվում է միանգամից 24 դրամ գազի արժեքը, մոտ՝ ընդհանուր 16-17% տոկոսով թանկացումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031