Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս ես ապրեմ այստեղ». Երիտասարդները՝ արտագաղթի մասին

Մայիս 23,2013 16:04

Տարբեր տվյալներով՝ facebook սոցիալական ցանցում գրանցված են մոտ 400 հազար հայ օգտատերեր, որոնք իրենց հուզող բոլոր թեմաների մասին բարձրաձայնում են նույն սոցցանցում՝ սեփական հայացքներն ու կարծիքները դարձնելով հասարակության սեփականություն: Եվ ահա, վերջին շրջանում տարածված քննարկման թեմաներն են՝ գազի թանկացումը, տրանսպորտի հավանական, ինչպես նաև, տրամաբանական թանկացումը և, իհարկե  արտագաթղը:

Անդրադառնանք այս հարցերի մասին facebook-յան մի քանի ստատուսներին և հայ երիտասարդ օգտատերի կարծինքներին:

22-ամյա Մարգարիտա Ղազարյանն ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այժմ աշխատում է իր մասնագիտությամբ, սակայն, ինչպես ինքն է ասում, ստանում է նվազագույն գումար, որը նույնիսկ գյուղից աշխատանքի հասնելու համար ճանապարհածախսին չի բավարարում: Սակայն արտագաղթելը չի համարում որպես լավագույն լուծում. «Որ արտագաղթելով լիներ, հիմա մենք վաղուց էստեղ չէինք լինի… Պատկերացնենք, որ հայրենիքն էլ նման է ընտանիքին` ամեն դժվարության դեպքում չենք հավաքի չէ՞ մեր ունեցած-չունեցածը ու գնանք հարևանի տուն ապրելու»,-ասում է:

Գոհար Փիլիպոսյանը նույնպես լրագրող է, աշխատում է իր մասնագիտությամբ, սակայն, ինչպես ինքն է պնդում, Հայաստանում «բարձր աշխատավարձ» ասվածը շարքային քաղաքացիների համար չէ. «Ես երբեք կողմ չեմ եղել արտագաղթելուն, սակայն հիմա, երբ ավարտել եմ, աշխատում եմ, ինչպես ցանկացած երիտասարդ, ես էլ զգում եմ, որ այս երկրում գնահատված չեմ: Իսկ այդ պարագայում ավելի լավ է գնալ մի տեղ, որտեղ քո հալալ քրտինքով վաստակած գումարը քեզ թույլ կտա ապրել ավելի մարդավարի»:

21-ամյա Արմեն Գրիգորյանը սովորում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում, Երևանում ապրում է վարձով: Հիմա չի աշխատում, ինչպես քաղաքում ապրող բազմաթիվ ուսանողներ, ունի մի շարք ֆինանսական դժվարություններ ու իր ապագան մեր երկրում չի տեսնում. «Չեմ ցանկանում ապրել այնպիսի երկրում որտեղ չեն գնահատում մարդու ուղեղը և հմտությունները: Աշխատել եմ երկու լրատվական կայքերում, որոնցից և ոչ մեկում նորմալ չեմ գնահատվել և չեմ վարձատրվել իմ կատարած աշխատանքի դիմաց, իսկ սնունդն ու հագուստը օրեցօր թանկանում է, և մի տրամաբանական հարց՝ ինչպե՞ս ես ապրեմ այստեղ»: Թեև Արմենը սխալ է համարում առանց որևէ լուրջ ու հանգամանալից պատճառի արտագաղթելը, սակայն «Մինչև չկայանաս դրսում, տանը քեզ տեղ չեն տա» սկզբունքով որոշել է.  «Առաջին իսկ հնարավորությունը կօգտագործեմ այս գաղջ Հայաստանից հեռանալու համար, չնայած, միևնույն է, չեմ կարող երկար ժամանակ ապրել առանց իմ հայրենիքի»:

Աղավնի Նավասարդյանն այն երիտասարդներից է, ովքեր արդեն արտագաղթել են: Հայաստանում նա ուսումը կիսատ էր թողել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում՝ առաջին կուրսից դուրս գալով և տեղափոխվելով Գորիսի Մանկավարժական համալսարանի մասնաճյուղ, և աշխատում էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում. «Ես հեռացա, որովհետև աշխատում էի նվազագույն 35.000 դրամ աշխատավարձով և կես տարի գումար էր հավաքում վարձս վճարելու համարը: Մեր երկրում ապրելը ամենաթանկ հաճույքն է: Իսկ հեռանալիս, անգամ վերջին պահին, օդանավակայանում այնքան տհաճ քաշքշուկներ են լինում, որ հեռանում ես լիովին զզված և այլևս չվերադառնալու մտադրությամբ»,- ցավով հայտնում է աղջիկը:

Հայաստանում ապրելու և, հատկապես, կրթություն ստանալու դժվարությունների մասին իր էջում հետաքրքիր գրառում է կատարել 21-ամյա Թագուհի Ղազարյանը, որը որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանող է: «Հիմա ես ազգիս նորընտիր կառավարության անդամներին եմ հարցնում, պարոնայք կառավարության անդամներ, ես` գյուղացիս, ինչպե՞ս շարունակեմ կրթությունս, եթե ուսման վարձը առնվազն 400.000 դրամ է, օրական էլ 2.000 դրամ պիտի ճանապարհածախս տամ, իսկ եկամտիս միակ աղբյուրը փչացրեց Թուրքիայից եկած կարկուտը: Գուցե գեթ մի վայրկյան տեղերով փոխվե՞նք: Այլընտրա՞նք: Իհարկե, կա: Ուսանողը կարող է զուգահեռաբար, ասենք, աշխատել, բայց ցավոք սրտի, էս երկրում, այո՛, այո´, հենց էս երկրում, ձեր սարքած էս երկրում, ոչ թե իմ, մեր երկրում, կա՞ այնպիսի աշխատանք, որով ուսանողը կարողանա էսքան ծախսը հոգալ:

Հ. Գ. Մարդ, իսկապես, թողնի ու էս երկրից ջհանդամվի մի ուրիշ տեղ` մարդավարի ապրելու, հեչ էլ թե Տիգրան Քոչարյանը հետո հեգնախառն ստատուսներ չի ձոնի…»,-կարդում ենք նրա էջում:

 

 Հռիփսիմե Գալստյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031