«Վաղը՝ մայիսի 24-ին հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Շուրջ 30 հազար շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները»,-այսօր այս մասին «Ուրբաթ ակումբում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ աշակերտներն իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի:
Բանախոսի փոխանցմամբ` միջոցառումներ կլինեն դպրոցների դահլիճներում, դասարաններում, բակերում, ինչպես նաև բոլոր դպրոցները և դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ. «Իրենք կորոշեն՝ ինչպիսի հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը։ Այնուամենայնիվ, հանձնարարություն է տրվել, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն դպրոցին վայել ձևով և զերծ մնան ճոխություններից»:
Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում Ազատության հրապարակում՝ ժամը 20-00-ին, բոլոր միջոցառումների ընթացքում վերահսկողություն է իրականացվելու ոստիկանության աշխատակիցների կողմից:
Վերջինս անդրադառնալով` 12-րդ դասարանցիների բացակայություններին ասաց. «Այն աշակերտները, ովքեր ունեն շուրջ 200 և ավելի բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցել քննություններին, թե քանի այդպիսի աշակերտ կա, այս պահին ասել չեմ կարող»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է դպրոցներում հնարավոր դրամահավաքին, Նարինե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ վերջին դասի հետ կապված դրամահավաքություն չի իրականացվել, իսկ եթե եղել են, ապա բացառիկ դեպքեր են և դրանք նախաձեռնել են աշակերտների ծնողները:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ