Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ից բողոքող քաղաքական գործիչը նման է նավաստու, որը բողոքում է ծովից

Մայիս 23,2013 15:17

Նման պատկերավոր համեմատության հեղինակը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն էր, որը երեկ նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ պետք է ծնկի իջնեն լրագրողների առջեւ ու թույլ տան ինչ ասես՝ անել:

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն (լուսանկարում) երեկ հանդես գալով Լոնդոնում ընթացող ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի կազմակերպած «Ազգային խորհրդարանների դերը Եվրոպայում մեդիա կարգավորման հարցերում» համաժողովում՝ արեց մի շարք, իր իսկ բնութագրմամբ՝ սադրիչ հայտարարություններ:

Համայնքների պալատի խոսնակը նախ հայտարարեց, թե խոսքի ազատությունը եւ հանրության շահերը ոչ միշտ են համընկնում: Ըստ նրա՝ ԶԼՄ-ների ազատությունը չի նշանակում, թե լրագրողները կարող են անել՝ ինչ մտքներով անցնի: Եվ մասնավորապես որոշակի սահմանափակումներ կան, երբ խոսքը մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին է:

Իրենց հարաբերությունները մամուլի հետ նա բնութագրեց  «բարդ» բառով. «Ատելության եւ սիրո մի խառնուրդ՝ այսպիսին է վերաբերմունքը: Բայց վերջին հաշվով՝ գիտակցում ենք ԶԼՄ-ների կարեւորությունը: Քաղաքական գործիչները միշտ բողոքում են ԶԼՄ-ներից: Նույնն է թե՝ նավաստիները բողոքեն ծովից»:

Նրա պատմածների մի մասը առավել արտառոց կարող է թվալ հայաստանյան իրականության հետ համեմատության պարագայում, երբ հայտնի է՝ բրիտանական մամուլն ազատ է, իսկ մեր մամուլը լավագույն դեպքում վայելում է մասնակի ազատություն:

Մի օրինակ. խոսելով լրագրողների համար բրիտանական խորհրդարանի մատչելիության մասին՝ խոսնակն ասաց, թե դեպքեր են եղել, երբ զրկել են հավատարմագրումից, երբ չեն հարգել հաստատված  կանոնները: Ասենք, իրավունք չունեն լուսանկարել, թե պատգամավորներն ինչպես են ուտում-խմում եւ ընդհանրապես՝ իրենց հատկացված տեղերից նիստերի ընթացքը: Սա տարակուսանքի առիթ տվեց Ուկրաինայի ներկայացուցիչներից մեկին, որը նկատեց՝ իրենց խորհրդարանում լրագրողները երբեմն  նկարում են, թե պատգամավորները նիստի ընթացքում ինչպես են Ipad-ով Pleyboy նայում. «Իսկ ինչո՞ւ ձեզ մոտ չի կարելի նկարել»:

Համայնքների պալատի խոսնակը դարձյալ պնդեց, թե նման նկարահանումներն անհրաժեշտ չեն, եւ առավել կարեւոր է նկարագրությունը, թե ինչպես են ընթանում քննարկումները, «քան նման լուսանկարները, թե ինչպես է պատգամավորը սրբում իր քրտնած ճակատը»: Հավելեց. «Այն, ինչ օգտակար է կամ հետաքրքրություն է ներկայացնում մամուլի համար, անպայման չէ, որ հանրության հետաքրքրության առարկա լինի: Չեմ կարծում, թե ծնկի պետք է իջնենք լրագրողների առջեւ ու թույլ տանք ինչ ասես՝ անել»:

Մինչդեռ նախօրեին միջազգային իրավունքի պրոֆեսոր Դոուվ Կորֆը ասում էր, թե լրագրողներն ունեն մարդկանց շոկի, անհարմար վիճակի մեջ գցելու իրավունք:

«Մի երկրպագեք հարյուր տոկոսանոց թափանցիկության աստվածներին,- հորդորում էր Ջոն Բերքոուն՝ նշելով, որ եթե, ասենք, կառավարության նիստերն ուղիղ հեռարձակվեն՝ քննարկումները այդքան անկեղծ չեն ընթանա:- Իմ կարծիքով՝ վնասակար կլինի արդյունավետության համար, եթե սպիտակեղենը միշտ ցուցադրվի հանրությանը»:

Համաժողովի հետագա աշխատանքից մի քանի միջանկյալ դիտարկումներ: Վերջին տարիներին լուսաբանելով ԵԽԽՎ աշխատանքը՝ առաջին անգամ ականատես եղանք, որ Վրաստանի ներկայացուցիչը հանդես գա ռուսերեն: Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդրե Քանթարիան էր, որի ելույթի իմաստը Բիձինա Իվանիշվիլիին մամուլի ոլորտում իր քայլերի՝ մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունում անակնկալ ֆինանսական ստուգումների որոշման կապակցությամբ ԵԽԽՎ քննադատությունից պաշտպանելն էր:

Իսկ Ադրբեջանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Սահիբա Գաֆարովան էլ ելույթ ունենալով «Մամուլի ազատության պաշտպանությունը Եվրոպայում» հարցի շուրջ՝ հայտարարեց, թե իր պետությունն ապահովում է խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, գրաքննությունն արգելված է, աջակցություն է ցուցաբերվում բոլոր ԶԼՄ-ներին, այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր, հեռուստաընկերությունը վերահսկողության ներքո չէ եւ այլն:

Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավապաշտպան Ռեբեքա Վինսենթը հեգնեց, թե ուշագրավ էր լսել Գաֆարովայի ելույթն այն պայմաններում, երբ լրագրողներ են բանտում, զրպարտության ու վիրավորանքը չապաքրեականացվեց, խորհրդարանը որոշեց քրեականացնել համացանցում վիրավորանք հասցնելու համար պատասխանատվությունը (հիշեցնենք, որ նա այդ մասին խոսել էր նաեւ նախօրեին՝ հարց ուղղելով զեկուցողներին): Իրավապաշտպանը դեռ շարունակում էր թվարկումը, սակայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը սկսեց աղմուկով ընդհատել նրան:

Գաֆարովայի պատասխանն ավելի զուսպ էր:  «Նման կարգավորումներ, որոնք մեզ մոտ կան, կան նաեւ աշխարհի շատ երկրներում»,- ասաց նա՝ հայտնելով նաեւ, թե սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

Նրան շարունակեց քննադատել նաեւ բրիտանական «Գրաքննության ինդեքս» կազմակերպության ղեկավար Մայքլ Հարիսը՝ Գաֆարովայի ելույթը համեմատելով խորհրդային տարիների զեկույցների հետ՝ պլանների գերակատարման մասին, նշելով, թե նրա ներկայացրած պատկերը չի համապատասխանում իրենց ստացած տեղեկություններին: Ի դեպ, ներկաները նաեւ Թուրքիային քննադատեցին բանտում գտնվող լրագրողների թվաքանակի համար: Համաժողովում Հայաստանի պաշտոնական շրջանակների ներկայացուցչի բացակայությունը թերեւս դեր խաղաց, որ մեր երկրի մասին չլինի որեւէ հիշատակում:

 

Իսկ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակին մի անդրադարձ էլ եղավ, երբ համաժողովում հյուրընկալվել էր Մեծ Բրիտանիայի մշակույթի, մեդիայի եւ սպորտի նախարար Էդ Վեյզին, եւ լրագրող Ուիլյամ Հորսլին հիշատակեց, թե ինչ արձագանք ունեցավ, երբ Ադրբեջանում նա հանդիպեց բանտարկված բլոգերներին, եւ մտահոգություն հայտնեց այս կապակցությամբ: «Ես մեծացել եմ ազատական հասարակությունում, որտեղ քննադատությունը կառավարության հանդեպ ծայրահեղ կարեւոր է, եւ երբ քննադատում ես կառավարությանը՝ չի նշանակում, թե քննադատում ես երկիրը»,- ի պատասխան ասաց նախարարը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լոնդոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ խորհին համակրանքը կրող Եվրոպական արժեքներից,՝ ցավոք շուտով երևի կմնա այն մասը, որը
    իր անառակաբարո բարքերով կործանելու է Եվրոպան, և գուցե մի օր ավելի բարձր գնհատենք մեր
    տեղական, հայկական, մաքուր, զուլալ,՝ կենացների և շալլախոյի վրա հիմնված պետական թալանը:
    Մի գուցե մեր մոտեցումը իրոք լինի չարագույնի՝ փոքրագույնը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031