Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջն արդարացի է, լուծումը՝ ոչ

Մայիս 23,2013 15:13

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյանների հայցը՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով:

Եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: Շարունակելով հետամուտ լինել եղբայրների փախստականի կարգավիճակը Հայաստանում վերականգնելու «կռվախնձորին», «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կարենն ու Կառլենը փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան:

Դատական քննություններն անց էին կացվել դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ, եւ հայցը մերժվել էր: Ցանկանալով հաստատել իրենց փախստական լինելու հանգամանքը՝ եղբայրները մերժված ակտը բողոքարկել էին:

Վարչական վերաքննիչ դատարանում բողոքը ներկայացրեց փաստաբան Աշխեն Եսայանը: Դատական նիստն ընթացավ նախագահող դատավոր Արա Բաբայանի եւ դատավորներ Աշոտ Սարգսյանի եւ Հովսեփ Բեդեւյանի մասնակցությամբ: Չնայած այն փաստարկներին, որ բողոքում ներկայացրել էր Աշխեն Եսայանը եւ չնայած այն փաստական հանգամանքին, որ Կարենն ու Կառլենը բռնագագթվել են Ադրբեջանի Հանրապետությունից, հաշվառվել են որպես փախստականներ եւ ունեցել են փախստականի վկայական, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, այդուամենայնիվ, վարչական վերաքննիչ դատարանում տղաների բողոքը մերժվեց ամբողջությամբ եւ վարչական դատարանի կողմից մերժված ակտը թողնվեց օրինական ուժի մեջ:

Խնդիրն այն էր, որ ՄՊԾ-ն, դադարեցնելով Կարենի եւ Կառլենի փախստականի կարգավիճակը, որոշման պատճառաբանական մասում նշել էր, թե եղբայրները ծնվել են Հայաստանում եւ չեն համարվում բռնագաղթված անձինք:

Եղբայրների մայրը՝ Անահիտ Առաքելյանը, շեշտեց, որ նա Կարենին ծննդաբերել է Հայաստանում եւ կրկին վերադարձել Ադրբեջան: Նույն գործընթացը եղել է նաեւ Կառլենի ծննդաբերության ժամանակ՝ Անահիտը Հայաստանում ծննդաբերել է Կառլենին եւ վերադարձել Ադրբեջան, իսկ այդտեղից բռնագաղթվել են Հայաստան 1990 թվականին: Նույն թվականի հունվարի 19-ին դիմել են պետական լիազոր մարմնին ու հաշվառվել որպես փախստականներ: Այդ հանգամանքն էր, որ պետք է ապացուցվեր դատարանում, թե Կարենն ու Կառլենը Հայաստանում ծնվելուց հետո եղել են Ադրբեջանում եւ այնտեղից Հայաստան են բռնագաղթվել ծնողների հետ: Եղբայրներին փախստականի կարգավիճակն անհրաժեշտ է, որպեսզի առաջնահերթ կարողանան ապահովեն իրենց օրինական բնակությունը, իսկ բացի դա, նրանց փախստականի կարգավիճակը փաստացի ապացույցն էր, որ նրանք բազմաբնույթ կորուստներ են ունեցել եւ այդ կարգավիճակով իրենք կարող էին մնալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջ դրված է փոխհատուցման խնդիր: Նրանք Հայաստան են մուտք գործել եւ քաղաքացիություն ձեռք չեն բերել միայն նրա համար, որ մի օր կարող էին իրենց կրած կորստի գնի վճարը պահանջեին: Դատարանում նրանք չկարողացան հաստատել այն փաստացի հանգամանքը, որ իրենք բռնագաղթված անձինք են, եւ Անահիտը հուսալքվեց դատարաններից, քանի որ վստահությամբ էր սպասում, թե կվերականգնեին իր տղաների իրավունքները:

Կարենն ու Կառլենը դեռ վստահ չեն՝ կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան, թե ոչ, քանի որ այդ մասին ունեն իրենց համոզմունքները. «Չգիտենք, թե ինչ անենք՝ դիմենք Վճռաբեկ դատարան, թե ոչ: Կարծում ենք՝ նույն համակարգն է: Պահանջն արդարացի է, իսկ լուծումը՝ ոչ: Մենք ոչ մի դատարանից սպասելիք չունենք»: Այդ մասով եղբայրների մայրը՝ Անահիտ Առաքելյանը, «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նույնպես հայտնեց իր մտատանջությունները. «Մտքերն ինձ հանգիստ չեն տալիս: Ինչո՞ւ հեռանանք մեր երկրից: Գուցե իրենց ուզածն էլ հենց ա՞յդ է…մինչդեռ պետք է մնալ ու պայքարել: Ինչո՞ւ նորից փախստական դառնալ ուրիշ երկրում, չնայած՝ տեսել եմ Եվրոպայում մեզանից ավելի լավ ապրող փախստականների: Այնքան են զզվեցնում մարդկանց, որ հուսահատվեն ու հիասթափվեն: Հայաստանից գնալը միշտ էլ կա, պետք է պայքարենք: Թուրքից պրծանք, հիմա էլ մեր երկրում է մեր պայքարը: Թուրքը ֆիզիկական ու նյութական վնաս տվեց, իսկ հայը՝ բարոյական: Մեզ մնում է ուժեղ լինել եւ պահանջել հարգել մեր իրավունքները»: Այդ ինչուների անհայտությունն է ցավացնում Անահիտին՝ որպես մայր, որ բազմաչարչար փորձություններ է անցել ընտանիքի հետ միասին եւ շարունակում է անցնել՝ սեփական հայրենիքում եւ այդ անպաշտպանության զգացողությունն է, որ ստիպում է նրան ու իր տղաներին՝ լինել էլ ավելի ուժեղ, որպեսզի կարողանան ստանալ իրենց հուզող ամեն հարցի արդիական պատասխանը:

Անահիտը միայնակ մայր է: Ամուսինը՝ Հրանտիկը, մասնակցել է Արցախի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին եւ 1992 թվականին Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի պաշտպանական գործողությունների ժամանակ զոհվել է։ Անահիտը «Զոհված եւ վիրավոր ազատամարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահն է:

Նա ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում հայրենասիրական, բարեգործական ծրագրեր իրականացնի: Նրանց ընտանիքը միասնական է, սիրում ու գնահատում են Հայաստանը, սակայն հերթական հիասթափությունն են ապրում տիրող վերաբերմունքից, որի հետեւանքով չեն կարողանում վերականգնել իրենց խոշտանգված իրավունքները:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031