Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կհնչի վերջին դասի վերջին զանգը. Ինչպե՞ս են նշելու այն շրջանավարտները

Մայիս 23,2013 15:39

Վաղը՝ մայիսի 24-ին, կավարտվի ուսումնական տարին և շրջանավարտները կթևակոխեն կյանքի մի նոր փուլ՝ ավելի բարդ ու ավելի պատասխանատու: Որոշ դպրոցներում առանձին է նշվելու վերջին դասն ու վերջին զանգը, որոշներում էլ՝ միասին, նույն օրը:

Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում, շրջանավարտները վերջին դասն արել են մայիսի 20-ին. «Հավաքվել էինք դասարանում ու յուրաքանչյուրս մեր 12 տարվա երազանքների մասին էինք խոսում, – ասաց շրջանավարտ Մարտին Բաղդասարյանը, – ես, օրինակ առաջին դասարանից ի վեր երազում էի 10-րդ լինել, ու հիմա երազանքս կատարվում է, ես ավարտում եմ դպրոցը»: Այդ օրը շրջանավարտները գնացել են նաև եկեղեցի, ու հետո կրկին դպրոց վերադառնալով՝ շարունակել վերջին զանգի միջոցառման փորձերը:

«Առանձին վերջին դաս չենք անելու, վերջին զանգն ու վերջին դասը նշելու ենք միասին մայիսի 24-ին», – ասաց թիվ 65 ավագ դպրոցի շրջանավարտ Տաթևիկ Մարգարյանը: Պատճառը մեկն է՝ դպրոցում 8 ավարտական դասարան կա, դահլիճն էլ փոքր է, չեն կարող միջոցառում կազմակերպել: Տաթևիկի խոսքով՝ վերջին դասը նշելու են առանց նախորոք պատրաստվածության. «Յուրաքանչյուրս մեր դասարանում կլինենք, ուսուցիչը ամեն մեկիս մի-մի նախադասությամբ կբնորոշի, կշնորհավորի, զանգերը կկախի…», – ասաց նա:

Հայկուհի Սիմոնյանը ևս անհամբերությամբ սպասում է մայիսի 24-ին. «Փոքրիկ միջոցառում ենք կազմակերպել, դա ենք ներկայացնելու, հետո եկեղեցի ենք գնալու, իսկ երեկոյան ամենայն հավանականությամբ հրապարակ կգնանք», – ասաց նա:

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և հույս ունեմ, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ բոլոր դպրոցներն ու դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ՝ ինչպիսի՞ հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը։ Սակայն բոլոր դպրոցները ստացել են շրջաբերական նամակներ, որպեսզի միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպվեն:

Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 24-ին, ժամը 20-ին Երևանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում. «Մենք այդ օրը աշխատում ենք ոստիկանության հետ և նրանք հսկելու են բոլոր միջոցառումները: Վերահսկողությունը  լինելու է նաև մարզերում»,- ասաց նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031