Ամբողջ Հայաստանը՝ ղեկավարությամբ Սերժ Սարգսյանի, թակում է Եվրոպայի դռները՝ համագործակցելու իմաստով եւ պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները:
20 տարի է՝ ապրում ենք ազատ, անկախ երկրում:
Սակայն 19.12.2012թ. վարչական դատարան ներկայացրածս հայցը՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պատասխանող կողմը ներկայացրել է իր մերժումը՝ հիմնավորելով կոմունիստական տոտալիտար ռեժիմի բռնապետական օրենքների հոդվածները:
Իմ հայցի օրինական եւ ժամանակակից պահանջներին պատասխանել է 1970-80-ական թվերի դաժան, անմարդկային տրամադրվածությամբ մեկնաբանություններով:
Կարդացեք նաև
Այսինքն՝ պատասխանողն այդ ժամանակահատվածից անտեղյակ, բնակարանային ֆոնդի ու պատգամավորների տեղական խորհուրդների վերաբերյալ իրավունքներ է հորինում: Պատասխանողը մերժում է հայցս, բայց արդարացնում 1970-80-ականների դահիճներին:
Արդարացնում է այդ թվերի խորհրդարանին ու պատգամավորներին, որոնք իրենց ազգի, հայերի նկատմամբ կայացնում էին որոշումներ ու վճիռներ, որի ուժով Հայաստանի անկախության, հայկական հողերի ու ընդհանրապես ցեղասպանության մասին հիշատակողներին ծեծում, խոշտանգում ու նվաստացնում էին, իսկ ցեղասպանությունը ճանաչել պահանջողներին (ընդհատակյա) ԿԳԲ-ի նկուղներում տանջաքննելուց հետո դատապարտում էին քաղաքական հոդվածով ու ուղարկում էին դաժան գաղութներ՝ որպես ազգի դավաճան:
Պատասխանողը արդարացնում ու հիմք է ընդունում այն խորհրդարանի ու պատգամավորների որոշումները, որի ուժով նախնական կալանքի խցիկում (ԿՊԶ) միանգամայն զոռբայությամբ խցկում էին անմեղ մարդկանց՝ հաշվի չառնելով սեռը եւ տարիքը:
Ով չգիտի, որ այդ ժամանակներում իրավունքի միջոցով բավականին լայն տարածված մեթոդ էր, ինչը ժառանգաբար փոխանցվել է զավակներին ու թոռներին: Ասածներս ոտանավոր չէ, դա պատմությունն է Հայաստանի:
Ինչեւէ, ինչ իրավունքով է պատասխանողն արդարացնում 1970-ական թվերի պատգամավորներին, որոնք անխտիր կոմունիստներ էին եւ որոնք ջախջախիչ պարտություն կրեցին: Պատասխանողն անխղճորեն արդարացնում է 1970 թվերի խորհրդարանական որոշումները ու վճիռները, սակայն համարձակվում է հերքել մեր երկրում վաղուց ի վեր գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որի վերաբերյալ խմբագրել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՀՀ դատավորների միության նախագահ Ալվինա Գյուլումյանը, որտեղ ասված է. «Եվրոպական կոնվենցիան կենդանի փաստաթուղթ է եւ այն մեկնաբանվում է տվյալ ժամանակին համահունչ»: 1950թ. ընդունված այդ իրավական փաստաթուղթը ժամանակի հետ զուգընթաց քայլում է շնորհիվ Եվրոպական դատարանի վճիռների: Յուրաքանչյուր վճռում Կոնվենցիայի այս կամ այն հոդվածը մեկնաբանվում է ժամանակի ոգով: Հետեւաբար, իմ ներկայացրած հայցն ամբողջովին համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի կիրառումներին: Սակայն դրանց հակառակ՝ պատասխանողը առարկում է անհիմն պատճառաբանություններով եւ արդարացնում կոմունիստական օրենքներն ու վճիռները:
Հենց դա կոպիտ խախտում է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, որտեղ ասվում է՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքով: Եթե տվյալ անձը չունի պարտականություններ հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Ինչը ես չեմ ունեցել եւ չունեմ: Պատասխանողը անընդհատ խուսափում է իմ արդարացի հարցերին պատասխանելուց, երբ ես անդրադառնում եմ դատարան ներկայացրածս օրինական եւ փաստացի ապացույցներին:
Ասածս այն է, որ ամոթ է կոմունիստական տգետ ու անմարդկային օրենքները իրագործել ներկա զարգացած մեր երկրում: Եթե կոմունիստներն իմ անունով սեփական տունը որակավորել են «վարձակալական», իսկ մի կով ու մի ոչխար ունեցողին՝ «կուլակ», ապա հիմա դղյակներ ու շքեղ ավտոմեքենաներ ունեցողը սովորական եւ օրինական երեւույթ է:
Իսկ ինչո՞ւ չէ, թող մարդիկ ապրեն գեղեցիկ ու ապահով, բայց ոչ իմ գլխի միակ տանիքը խլեն անօրինաբար:
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ
նախկինում դատապարտված
«Առավոտ» օրաթերթ