Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դոմինգոն «կկոմպենսացնի», ՀՀ նախագահի տիկինն էլ կաջակցի

Մայիս 23,2013 15:03

Օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանը ցանկալի է ոչ միայն հայրենիքում

Քաղաքակիրթ աշխարհում արդեն հայտարարված ներկայացումը ոչ մի պատճառով չի կարող հետաձգվել կամ հանվել: Մասնավորաբար՝ օպերային արվեստում գերաստղերի մասնակցությամբ ներկայացումներին, որոնք համարվում են բացառիկ, մշտապես հրավիրվում են համապատասխան կարգի «դուբլյորներ»: Օրինակ, ժամանակին Պավարոտիին իբրեւ փոխարինող հրավիրվել է Գեղամ Գրիգորյանը, այս տարեսկզբին էլ Վալենսիայի Սոֆիա թագուհու անվան օպերային թատրոնում Վերդիի «Երկու Ֆոսկարները» ներկայացման մեջ Ֆրանչեսկո Ֆոսկարի դերերգի համար Պլաչիդո Դոմինգոյին փոխարինելու է հրավիրվել արտերկրյա թատրոնների ցանկալի հյուր, բարիտոն, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը:

«Առավոտի» հետ զրույցում երգիչը թեեւ հայտնեց, որ Դոմինգոյին փոխարինելու անհրաժեշտություն չի եղել, այնուամենայնիվ, իր խոսքերով՝ «բախտ եմ ունեցել շուրջ երկու ամիս շարունակ օպերային աստղի հետ լինել նույն փորձասենյակում: 24 փորձից 21-ը ես եմ երգել եւ գլխավոր փորձից առաջ մաեստրոն բեմը սիրահոժար տրամադրելով ինձ, ասաց՝ ցանկություն ունեմ քեզ լսելու»: Մեր զրուցակիցը հավելեց, որ իրեն հասած տեղեկություններով՝ Դոմինգոն ասել է, թե «կկոմպենսացնի» հայ երգչի «պարապուրդը»:

Հետաքրքրությանը, թե «մշակութային» ի՞նչ զրույց է ընթացել հայ եւ իտալացի մեծանուն երգչի միջեւ, մեր զրուցակիցն ասաց. «Դոմինգոն նախ հետաքրքրվեց, թե ում մոտ եմ ուսում առել: Տեղեկանալով, որ սովորել եմ Գեղամ Գրիգորյանի ուսուցիչ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, հետո վերապատրաստվել Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ եւ մինչ օրս էլ լսում ու առաջնորդվում եմ նրա խորհուրդներով, մաեստրոն բացականչեց՝ մեծ տենոր է նա, փոխանցիր, որ ես նրան ամուր գրկում ու համբուրում եմ…»:

Վերջերս էլ Գեւորգ Հակոբյանը վերադարձել է Սանկտ Պետերբուրգից: Նրա փոխանցմամբ՝ Միխայլովյան թատրոնում կատարել է Տոնիոյի դերերգը՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում՝ խաղընկեր ունենալով օպերային աստղ Վլադիմիր Գալուզինին: Ներկայացումն էլ ղեկավարել է թատրոնի գլխավոր դիրիժոր Միխայիլ Տատարնիկովը: Հայ երգչի համար անակնկալ է եղել, երբ Տատարնիկովը տեղեկանալով իր երկացանկում տեղ գտած Գրյազնովի դերերգի (Ռիմսկի-Կորսակով՝ «Թագավորի հարսնացուն») մասին, ներկայացման հաջորդ օրը  Գեւորգին Մարիինյան թատրոնի երկու բարիտոնների հետ հրավիրել է հիշյալ դերերգի լսմանը: Արդյունքում՝ Մարիինյանի  գլխավոր դիրիժորն ու ռեժիսորը գեղարվեստական խորհրդի հետ եկել են միահամուռ որոշման, որ աշնանը կայանալիք այդ ներկայացման պրեմիերային բեմ է բարձրանալու հայաստանցի երգիչը: Ավելին, առաջիկայում Գեւորգը հրավեր է ստացել գլխավոր դերերգերով հանդես գալու Պուչինիի «Տոսկա» եւ Վերդիի «Դիմակահանդես» օպերային ներկայացումներում:

Երգչի հետ զրույցից պարզեցինք, որ ճանաչված արտիստի հյուրախաղային գրաֆիկը հագեցած է. հունիսին Կազանի օպերային թատրոնում նա իր թավշյա բարիտոնով կմարմնավորի Նաբուկոյի կերպարը Վերդիի համանուն օպերայում եւ Իտալիայում համարյա նույն ժամանակահատվածում կայանալիք Պուչինիի ու «Կարկալա» փառատոներից ունի հրավեր:

Ռեպլիկին, թե բացակայության ժամանակ, CD չունենալու պատճառով, փաստորեն, չենք կարողանում ըմբոշխնել նրա վոկալ արվեստը, Գեւորգ Հակոբյանը հայտնեց, թե պատրաստվում է առաջին CD-ի թողարկմանը, որում տեղ կգտնեն հայ կոմպոզիտորների 11 ռոմանսները (Սպենդիարյանից, Մելիքյանից, Կոտոյանից, Աբրահամյանից, Միրզոյանից մինչեւ Ամիրխանյան) նվագախմբի ընկերակցությամբ, քանի որ մինչ այժմ դրանք մատուցվել են մշտապես դաշնամուրի նվագակցությամբ: Հավելեց, որ  անդրանիկ  CD-ն թողարկվելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Մեր օպերային թատրոնում իր զբաղվածության մասին էլ փաստելով, որ վերջերս բեմը բարձրակարգ տեխնիկայով վերազինելուց հետո առաջին ներկայացմանը՝ Տիգրանյանի «Անուշում» հանդես է եկել Մոսիի դերերգով,  հույս հայտնեց, թե երազում է՝ թատրոնի խաղացանկը համալրվի նոր բեմադրություններով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գեւորգ Հակոբյանն ու Պլաչիդո Դոմինգոն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031