Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտ-Ֆեստ»-ը բացահայտեց մարզերի տաղանդավոր երիտասարդներին

Մայիս 23,2013 14:59

Ամփոփելով փառատոնի արդյունքները՝ այսպիսի կարծիք հայտնեցին փառատոնի կազմակերպիչները

 Օրերս ավարտված «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնի մրցանակներն արդեն տրված են հաղթողներին, իսկ այսօր հերթը հասել էր փառատոնի  կազմակերպիչներին ու մասնագիտական հանձնաժողովի մի քանի անդամներին՝ կիսվելու փառատոնից ստացած իրենց տպավորություններով:

«Արտ-Ֆեստ»-ի  բացումից առաջ փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանն ասել էր, որ փառատոնի հիմնական նպատակը մայրաքաղաքի եւ մարզերի արվեստով զբաղվող երիտասարդների միջեւ իրական կապ հաստատելն էր:

Այսօր, երբ փառատոնն արդեն ավարտված է, փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի խոսքով, իրենք հասել են իրենց նպատակին, այսինքն՝ փառատոնի միջոցով կապ է ստեղծվել  մայրաքաղաքի ու մարզերի երիտասարդների միջեւ, ինչպես նաեւ ի հայտ են եկել տաղանդավոր երիտասարդներ, որոնք ապրում են մարզերում:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, ով նույնպես ընդգրկված էր մասնագիտական հանձնախմբում, կարեւորեց  այն փաստը, որ փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ինքնարտահայտվելու հնարավորություն էր տվել:

«Այդ փորձն արվեց, եւ դա շատ գնահատելի է»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ

Ինքը կուզենար՝ հաջորդ փառատոների ընթացքում ավելի շատ մեծ թվով երիտասարդներ մասնակցեին:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանը նկատեց, որ փառատոնը լավ էր կազմակերպված, եւ հանձնախմբի անդամների որոշումների վրա ոչ մի ճնշում չգործադրվեց:

«Մասնակիցները գտնվում էին հավասար դաշտում: Ոչ մի ճնշում չեղավ, ոչ մի ծանոթ-բարեկամ: Ընտրեցինք այն, ինչ պետք է ընտրեինք»,- ասաց Ա. Հեքեքյանը ու

նշեց, որ ինքը կուզեր՝ փառատոնի մրցանակակիրների ստեղծագործությունները ցուցադրվեն Հայաստանի հեռավոր մարզերում եւս:

Նկատենք, որ փառատոնում թատերական արվեստի ոլորտում «Ոսկե» մրցանակակիր չեղավ: Այս հանգամանքը տիկին Հեքեքյանը պատճառաբանեց նրանով, որ փառատոնին ներկայացված թատերական ներկայացումները այնքան էլ բարձր որակի չէին: Ըստ մասնագիտական հանձնախմբի անդամի, շատ կարեւոր է ավելի բարձր նշաձող սահմանել, որպեսզի երիտասարդները հետագայում ավելի լուրջ պատրաստվեն փառատոնին:

Իսկ ռեժիսոր Հայկ Օրդյանը, խոսելով փառատոնի կինոարվեստի ոլորտում ներկայացված գործերի մասին, նշեց, որ ինքը հաճելիորեն զարմացած է:

«Ինձ շատ հետաքրքիր անակնկալ էր սպասվում: Այսօր մարզերի երիտասարդները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում ապրող երիտասարդներից»,- ասաց ռեժիսորը՝ նշելով, որ փառատոնին ներկայացված խաղարկային ֆիլմերն ավելի շատ էին:

Մասնագիտական հանձնախմբի անդամը նաեւ նկատեց, որ երիտասարդներն

երիտասարդական շնչով չեն ապրում:

Aravot.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում երիտասարդական շնչով չապրել:

Հ. Օրդյանը, խոստովանելով, որ պարզաբանումը երկար կտեւի, այնուամենայնիվ, ասաց. «Կյանքին նայելու այդ գունավոր երանգը ես չտեսա»:

Ըստ ռեժիսորի՝ երիտասարդները կյանքին նայում են 50 տարեկան մարդու աչքերով եւ իրենց խնդիրները չեն ներկայացնում երիտասարդական ոճով:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031