«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ հաստատվեց, որ կարմիր գրիչով միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկներն են եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի՝ ԿԸՀ-ում և Վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը: Նա այնուհետև ասաց, թե վերահաշվարկի ինստիտուտը միակ ճանապարհն է, որով հանրությունը ընտրություններից հետո կարող էր ծանոթանալ՝ որքանով են ընտրությունների արդյունքների վրա ազդել ընտրախախտումները: Այնուհետև ներկայացրեց, որ վերահաշվարկից հետո իրենց ձեռք բերված փաստերը ԿԸՀ են ներկայացրել, այնուհետև դիմել ՀՀ վարչական դատարան, որ վիճարկեն ԿԸՀ այն պնդումը, թե ընտրախախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Բարև Երևանը» պնդում է, որ ընտրախախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և Լ. Պետրոսյանը դա ապացուցում է փաստերով, որոնք իրենց ձեռքի տակ են: Մասնավորապես նա նշեց. «Գրանցամատյանների պատճեններն ենք պահանջել: Արդյունքում պարզվեց, թե ընտրախախտումների մասին ինչ գրառումներ են կատարվել և ինչ արձանագրություններ կազմվել: Օրինակ՝ այդ գրառումներից պարզ է դառնում, որ հատկապես ՀՀԿ-ից միաժամանակ նույն ընտրատեղամասում եղել են երկու-երեք վստահված անձինք: Ուստի վստահված անձի ինստիտուտի միջոցով նրանք վերահսկողություն են իրականացրել ընտրությունների վրա: Մյուս բացահայտումը տեղի ունեցավ դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ: Օրինակ՝ կար մի կազմակերպություն՝ «Կյանք» կոչվածը, որը հազարից ավելի դիտորդ էր հավատարմագրել: Եվ ինչ աստիճան պիտի լինի դիտորդական կազմակերպության կապերը կուսակցության հետ, որ գրանցամատյաններում դիտորդի անվան դիմաց գրել են դիտորդ՝ ՀՀԿ-ից կամ դիտորդ՝ ԲՀԿ-ից»:
Լ. Պետրոսյանը նշեց, որ իրենք 10 օրվա ընթացքում իրենց ունեցած բոլոր փաստերի հիման վրա դիմելու են ոստիկանություն և ՀՔԾ և ամեն սխալ լրացված գրանցամատյանի վերաբերյալ հետամուտ են լինելու, որ վարչական տուգանքները մուծվեն, ինչի արդյունքում Լ. Պետրոսյանը կարծում է, որ պետբյուջե մուտք կլինի մոտ 200 հազար դոլար: Մյուս կողմից էլ՝ Լ. Պետրոսյանը նշեց, թե իրենց այս քայլով նաև մեկ այլ կարծրատիպ են կոտրում ու մանրամասնեց. «Մեր երկրում կա մի վստահություն, որ երբ ընտրությունների արդյունքները ամփոփվեցին, ուրեմն վերջացավ: Մեր այս քայլով եթե հաջողվի նաև այդ վստահությունը կոտրել, դա արդեն կարող ենք արդյունք համարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ