Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի հարցերից չորսը վերաբերել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։ Գործադիրը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և սուբսիդավորման մարման ժամկետները։ Նշված հարցերը կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը (տե՛ս առանձին)։
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ արծարծված բացահայտումներին, որոնք վերաբերում են ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին։ ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների ղեկավարները ներկայացրել են ստուգման արդյունքների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, հաշվետվության մեջ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Ամփոփելով քննարկումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։ Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ։ Կառավարության անունից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վերահսկիչ պալատի անձնակազմին` կատարած աշխատանքի համար։ Երկրորդը` հանձնարարվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին, որպեսզի բոլոր պարզաբանումները, բացատրությունները, որ տրվեցին նախարարությունների կողմից, տեղադրվեն կառավարության կայքէջում։ Եվ երրորդ, որպեսզի մենք պատրաստ լինենք հրապարակային քննարկմանը և թե ինչ ձևաչափով և ինչպես պետք է հանրությանը ներկայացվեն կատարված և կատարվելիք աշխատանքները»։
Ընդունվել է Կենտրոնական բանկի հաշվետվությունը
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
– ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի և ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ պատասխանել և պարզաբանում տալ խնդրո առարկայի վերաբերյալ վերջերս հնչած հրապարակային քննադատությանը,
– համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թթ. միջոցառումների ցանկին։
Կառավարությունն իր նիստում հաստատել է երկրաբանական տեղեկության հանձնման կարգը, սահմանել ազգային գրադարանային հավաքածու ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը։
Գործադիրը խթանում է հերթական ներդրումային ծրագիրը
ՀՀ կառավարությունը «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. մայիսի 30-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս, հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։ 2013 թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։
Կբարելավվեն սպայական անձնակազմի կենցաղային պայմանները
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով վերոնշյալ ոլորտների բնականոն ու անխափան գործունեության խիստ կարևորությունը պետության, հասարակության և անձի անվտանգության պահպանման տեսանկյունից։ Հաջորդ որոշմամբ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ։
Բնակմակերեսով են ապահովվում անապահով անձինք
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել մոտ 63 մլն դրամ Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգումը և կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու նպատակով։ Շենքի շահագործումով կլուծվի մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 45 մանկատների շրջանավարտների և սոցիալապես անապահով այլ անձանց բնակելի մակերեսով ապահովելու հարցը։
Երկու այլ որոշումներով կառավարությունն Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա N7 և Մոլդովական 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 23 ընտանիքներին սեփականաշնորհել է իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը հստակեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամանակ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմնի գործառույթները. դրա շնորհիվ լիազոր մարմինն արդյունավետ մասնակցություն կարող է ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրային պաշարի օգտագործման և բաշխման գործընթացին։
Կիրականացվի կադրային ճկուն քաղաքականություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որն ընդունելու դեպքում միասնական քաղաքականություն կիրականացվի հանրային ծառայության կազմակերպման ոլորտում։
Կառավարության հավանությունն է ստացել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով բացառապես անվճար հիմունքով իրականացվող ատամնաբուժական գործունեության հարկման համակարգն է։
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Մասնավորապես, առաջարկվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, որում նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև մի շարք այլ դրույթներ։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Համագործակցում են ԱՊՀ անդամ երկրները
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակներում վեց համաձայնագրի և արձանագրության կնքման առաջարկություններին։ Փաստաթղթերը վերաբերում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, պաշտոնական վիճակագրության, միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառներին և ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կանոնադրության ստեղծմանը։
Նիստում համաձայնություն է տրվել Ազատ առևտրի գոտու մասին 2011 թ. հոկտեմբերի 18-ի Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև այն կիրառելու արձանագրության կնքման առաջարկությանը։
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ Երևանում գտնվող «Որսորդմիություն» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտ) արտադրության արտոնագիր (արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Զովունի համայնքում)։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու` ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թ. աշնանային զորակոչ։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ