Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց տալու մշակույթը

Մայիս 23,2013 14:19

«Դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք ու տականք, եւ մարդկությունը պետք է հնարավորինս շուտ ազատվի ձեր նման սուբյեկտներից»: «Ինչո՞ւ ձեզ չեն ձերբակալել»: «Ինչո՞ւ ձեր դեմ քրեական գործ չի հարուցվել»: Ի՞նչ եք կարծում, սրանք հարցե՞ր են: Ձեւական, քերականական տեսակետից՝ այո: Բովանդակային տեսակետից՝ ոչ, որովհետեւ, որքան հասկանում եմ, հարցի նպատակը տեղեկատվություն ստանալն է կամ դիմացինի կարծիքը իմանալը: Բայց վերոհիշյալ դեպքերում նման նպատակ չի դրվում, այսպիսի ձեւակերպումները իրականում գնահատող դատողություններ են, որոնք քողարկված են հարցի շղարշի տակ, քանի որ առիթը, այսպես ասած՝ «ձեւաչափը» հարցուպատասխանն է:

Այդպես են երբեմն հարցազրույց վերցնում լրագրողները՝ մանավանդ, երբ նրանց նպատակն է ոչ թե տեղեկատվություն հաղորդելը, այլ սեփական կամ գործատուի նախաձեռնությամբ ինչ-որ մեկին սպիտակացնելը կամ սեւացնելը, եւ այդ դեպքում լրագրողների հարցերն ավելի երկար են լինում, քան պատասխանները: Այդպես են շատ հաճախ թոք-շոուների ժամանակ հարց տալիս դահլիճում ներկա հանդիսատեսները. նրանց ցանկացած հարց սկսվում է մոտավորապես այսպես՝ «հայ ժողովուրդը դժվարին պատմական ճանապարհ է անցել»: Այստեղ կա, հավանաբար, սեփական էրուդիցիան դրսեւորելու ձգտումը: Այդպես են փողոցում ինձ դիմում անծանոթ մարդիկ. «Մի բան հարցնեմ, հա՞: Դուք «վերեւների» հետ շատ եք շփվում: (Այո, օրուգիշեր իշխանավորների հետ քեֆ եմ անում- Ա. Ա.): Հույս կա՞, որ էս երկիրը մի օր կդզվի»: Հարց տվողին, բնականաբար, բացարձակապես չի հետաքրքրում՝ հույս կա, թե չկա, եւ ավելի քիչ է հետաքրքրում իմ կարծիքը դրա մասին: Նրան կարեւոր է ներկայացնել իր սեփական եւ «էս խեղճ ժողովրդի» սոցիալական բողոքը:

Հարց տալը, մի խոսքով, նույնպես մշակույթ է, որը նախ՝ պահանջում է մտքի որոշակի կազմակերպվածություն (հարցի ընթացքում թեմայից չշեղվեու համար), այնուհետեւ՝ որոշակի հետաքրքրասիրություն եւ, ի վերջո, այն «կանխավարկածը», որ աշխարհում կարող են լինել քեզնից ավելի խելացի եւ բանիմաց մարդիկ: Այդ երեք բաղադրիչները մեր հասարակական մտքին ակնհայտորեն պակասում են: Ահա այդպիսի տպավորություն եմ ես ստացվել պատգամավորներ-նախարարներ հարցուպատասխանից: Այստեղ կային հարցը հայտարարություն դարձնելու բոլոր մոտիվները, որոնք արդեն նշվել են՝ գումարած պատգամավորների ձգտումը հարցը հագեցնել հնարավորինս շատ մեղադրանքներով:

Սակայն իրենց խոսքը ավելի չոր եւ նպատակաուղղված դարձնելու խնդիր ունեն ոչ միայն պատգամավորները: Նույն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանի բավականին կարճ եւ կոնկրետ հարցին ի պատասխան՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սկսեց թղթով կարդալ նախօրոք գրված խիստ քնարական տեքստ, որն առանձնապես կապ չուներ պատգամավորի հարցի հետ եւ փոխարենը պարունակում էր մեղադրանքներ՝ «կարկուտը շահարկողների» հասցեին:

Հարգելի քաղաքական գործիչներ, աշխատեք զտել ձեր խոսքը՝ մաքրելով այն «քնարական զեղումներից»: Այդպես ավելի հասկանալի կդառնաք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարցը ճիշտ ձևակերպելու հնարքներին և մշակույթին տիրապետելու համար,նախևառաջ անհրաժեշտ է գոնե ծանոթ լինել մայրենի լեզվին:Ենթադրվում է,որ այդ գործի վարպետները պետք է լինեին դերասանները,լրագրողները ,փաստաբանները և առավել ևս պատգամավորները:Սակայն, վերամբարձ խոսքով ասած՝ ավա՜ղ:Իսկ հիմա հիշենք,թե ինչպես են հրապարակային ելույթներում իրար հետ շփվում նշվածներից ՝ ցանկացածը:Նրանք իրենց մտքերը մեզ են հաղորդում կամ առօրեական խոսակցական լեզվով (որ ,,տուպոյ,, ունկնդիրը հասկանա) կամ էլ խիստ վերամբարձ՝բարոյախրատական ոճով (հատուկ՝ իր մակարդակի ,,ինտելեկտուալների,, համար):Ասում են,ավելի ճիշտ,դա այդպես էր.առաջներում մարդիք թատրոն էին հաճախում գրագետ խոսք լսելու և սովորելու համար: Տեսեք,ինչպես ենք մենք շփվում միմյանց հետ առօրա կյանքում:Մեր՝հատկապես երիտասարդ սերունդը խոսելու կուլտուրա չունի, իսկ բառապաշարը սահմանափակվում է հայտնի ֆիլմի Эллочка-Людоедка-ի լեզվական բագաժով: Եվ որտեղից ունենա,եթե ոչ դպրոցում և ոչ էլ ԲՈՒՀ-երի մեծ մասում ,,Ճարտասանություն,,առարկան գոյություն չունի:( Չգիտեմ,ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս առարկան դասավանդում են թե ոչ. դատելով եղածից,երևի ոչ):Նրանք նույնիսկ ծանոթ չեն քաղաքավարության տարրական կանոններին:Իսկ մեր պատգամավորների հարցազրույցնեե՜երը,դա առանձին,ընդարձակ թեմա է:

  2. Maxim says:

    Ամեն ինչ ասված է, բայց էլի կրկնեմ, որ երկիրը գտնվում է,՝ անարակաբարո մարդկանց ձեռքում:

  3. Նանա says:

    Հարգելի պարոն Աբրահամյան

    Կարծում եմ` ժամանակն է լրջորեն զբաղվել և մտորել ժողովրդին մտածելու մշակույթ սովորեցնելու հարցի շուրջ: Մամուլում թե փողոցում, սոց.կայքերում թե ընկերների շրջապատում…համատարած գռեհկություն է…Միայն վթարներ, ռեպլիկներ, կամ…հիշոց հիշեցնող երկխոսություններ…Կարդալդ չի գալիս…Մինչդեռ ամեն ինչ սկսում է այդտեղից…Եվրոպայում քաղաքականության մեջ անգամ կան հատուկ մասնագետներ, ովքեր զբաղվում են պոզիտիվ մթնոլորտ ապահովելու իրական ծրագրեր մշակելու գործով: Գուցե հրավիրեք պատկան մասնագետների` համապատասխան ծրագիր մշակելու, քննարկումներ անցկացնելու նրանց, ովքեր ծանոթ են թեկուզ քվանտային հոգեբանության ուսմունքին…Օր օրի կենցաղը խեղդում է մարդուն, իսկ Մարդը` խեղդվում է անթթվածին ու հակամարդկային մտքերի մթնոլորտում…

  4. Gibindus says:

    Նախ նորից կրկնում եմ` արտերկրներում (գոնե հեռավոր ասիական, որտեղ ստուգում եմ) կայքը շատ վատ է բացվում: Շատ հաճախ, “կարդալ ավելին” սեղմելուց հետո ժամերով պտտվում է: “Բա, Ժոռն է ասում ա լավ ա” կամ նմանատիպ պատասխաններ մի տպագրեք: Հանձնարարեք ադմինիստրատորներին`թող ուղղեն: Կարծում եմ, հարցը հստակ եմ ձևակերպել:
    Իսկ ինչ վերաբերում է “Հարգելի քաղաքական գործիչներ, աշխատեք զտել ձեր խոսքը…” մտքին: Հստակ հարց եմ տալիս,` դուք պնդու՞մ եք, որ պատահական մարդուն կարելի է նշանակել “քաղաքական գործիչ”, հե՞տո զբաղվել նրա նախնական կրթությամբ:

  5. Spartak says:

    Հարց տալու մշակույթ, վատ ձևակերպում չէ:Նանա, հո՞ չենք կարող սա պահանջել հասարակութ- յան յուրաքանչյուր անդամից:Պատկերացրու որքան տհաճ կլինի՝ բոլորը խոսում են ծայրահեղ գրական և կուլտուրական:Չի լսվի:Այ, ուրիշ բան, երբ լրագրողն է պատրաստվում հարցուպատաս- խանի:Հարց տալու մշակո՞յթ է,երբ լրագրողը մոտենում է հավաքված չինովնիկներին ու զրույցի հրավիրում:Մերժվում է:Նորից է մոտենում ու այնքան, միչև որ ծնվում է սկանդալը:Միայն սկան- դալ՝ ուրիշ ոչինչ:ԵՎ մի քանի օր շարունակ համացանցը ողողվում է սկանդալային պատմությամբ: Ահա լրագրողի ուզածը:Կամ՝ ի՞նչ կարիք կա անընդհատ մոտենալ այն չինովնիկին ու օլիգար- խին, ումից լուրջ պատասխանի ակնկալիք չունես:Աշխատանքի եք գնում՝ աշխատեք լրջորեն:Թող չթվա՝ դասեր եմ տալիս, ցանկությունս է ամեն ոք իր գործում պրոֆեսիոնալ լինի: Իսկ, Մաքսիմ,ի՞նչ կապ ունի բարձրացվող թեման ,,անառ/ր/ակաբարո,, ձևակերպանդ հետ:Ամեն ինչ իր տեղում է դիպուկ և հետաքրքիր…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031