Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության օժանդակությունն Արմավիրի մարզին կլինի էական և հասցեական. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

Մայիս 23,2013 13:44

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից չորսը նվիրված է եղել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանը: Մասնավորապես, որոշումներ են կայացվել հակակարկտային կայանների քանակն ավելացնելու, տուժած համայնքներին համակողմանի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշված հարցերը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Արմավիրի մարզում օգնություն ցույց տալու հարցը մտած է օրակարգ:

Առաջարկում եմ սկսել օրակարգի 26-րդ հարցից, և ես կզեկուցեմ այդ հարցը: Երեկ ուշ երեկոյան մենք փոխվարչապետի և գյուղատնտեսության նախարարի հետ գտնվում էինք Արմավիրի մարզում: Մեզ հետ էր նաև Կենտրոնական բանկի նախագահը և փորձեցինք ամփոփել այս տասը օրվա ընթացքում կատարված աշխատանքները: Իսկապես աննախադեպ կարկուտ է տեղացել մայիսի 12-ին, և հետևանքներն էլ բազմաթիվ տնտեսությունների համար շատ ցավալի են: Շուրջ 17 հազար հեկտար հողատարածությունների վնաս է հասցված, ընդ որում` 46-ից 23 համայնքներում 100 տոկոսով բերքին վնաս է հասցված: Խնդիրը բաժանվում է երեք մասի` խաղողի այգիներ, պտղատու այգիներ և բանջարաբոստանային տնտեսություն:

Խաղողի այգիների առումով շուրջ երեք տարվա օժանդակության կարիք են ունենալու գյուղացիական տնտեսությունները: Այգիների, պտղատու ծառերի վերականգնման համար երևի թե մեկ-երկու տարի, իսկ բանջարաբոստանային տնտեսությունները մենք երևի ավելի արագ կարող ենք վերականգնել: Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսություններն ունենալու են ֆինանսական խնդիրներ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու առումով, հարկային պարտավորությունները, ջրի վճարները: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց հետ այսօր առնչվում են մեր գյուղացիները: Այստեղ հենց մենք պետք է օժանդակենք, օգնենք մեր գյուղացիական տնտեսություններին: Ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, որ այսօր հաստատի կառավարությունը, իր մեջ ներառում է հետևյալ կետերը. ընդ որում, այն, ինչ ձեզ ներկայացնում եմ, հարգելի գործընկերներ, քննարկվել է մարզպետարանում համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, և այն կետերն ու մոտեցումները, որ ձեզ ներկայացնում եմ, ստացել են նաև նրանց հավանությունը:

Առաջին հարցը վերաբերում է հողի հարկին: Մենք պայմանավորվեցինք, որ հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում. 22 համայնքները, որտեղ ահռելի մեծ վնասներ են հասցվել և շուրջ 100 տոկոս կորուստներ ունենք, մենք ամբողջությամբ հատուցելու ենք հողի հարկի վճարները: Մնացած 24 համայնքներում, որտեղ  կորուստները կազմում են 20, 30, 50 տոկոս, մենք պայմանավորվեցինք, որ համայնքի ղեկավարներն աշխատելու են գյուղացիական տնտեսությունների հետ և մեզ ներկայացնելու են ցուցակներ: Եթե այդ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների կորուստները  100 տոկոս են, նրանց նույնպես  100 տոկոս հատուցելու ենք հողի հարկը, եթե 50 տոկոս են, մենք 50 տոկոսը կհատուցենք, 50 տոկոսն իրենք կվճարեն: Այսինքն` 22 համայնքում 100 տոկոս, մնացած 24-ում որոշ դեպքերում` 100 տոկոս, որոշ դեպքերում` 50 տոկոս` ըստ կորուստի աստիճանի: Այստեղ խոսքը մոտավորապես 200 մլն դրամի մասին է:

Երկրորդ օժանդակության խնդիրը վերաբերում է ջրի վճարներին: Այստեղ գումարներն ավելի մեծ են, 530 միլիոնից ավելի գումարի մասին է խոսքը: Պայմանավորվածությունը նույնպես հետևյալն է. 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսություններն ստանալու են մեր կողմից 100 տոկոսանոց աջակցություն` 22 համայնքում անմիջապես, 24 համայնքում նույն սկզբունքով. մինչև 50 տոկոս տուժածների դեպքում մենք 50 տոկոսը կհամաֆինանսավորենք, իսկ 50 տոկոսից ավելի տուժածների դեպքում ամբողջությամբ կֆինանսավորենք, ընդ որում ցուցակները մեզ ներկայացնելու են իրենք, և դա լինելու է հրապարակային, որպեսզի այդ համայնքներում ժողովուրդը տեսնի, որ իսկապես, ովքեր որ տուժել են, հենց նրանք էլ ստանում են այդ օգնությունը, որովհետև համայնքներում կան սեփականատերեր, որոնք չեն մշակում իրենց հողերը կամ ասենք, գտնվում են արտերկրում, նրանք գույքահարկից կամ հողի հարկից, բնականաբար, տվյալ պարագայում չեն ազատվելու, հողի հարկը վճարելու են: Բայց այն մարդիկ, ովքեր ապրում են իրենց հողի վրա, մշակում են իրենց հողը և ունեն ֆինանսական դժվարություններ, մենք նրանց օգնելու ենք:

Երրորդ խնդիրը, որ բարձրացնում են գյուղացիները, հետևյալն է. եթե մենք հիմա նրանց օգնում ենք, որպեսզի նրանք ոտքի կանգնեն և իրենց տնտեսությունը բարձրացնեն, անհրաժեշտ է, որպեսզի նրանք վստահ լինեն, որ ապագայում պաշտպանված կլինեն կարկուտներից: Այդ տեսակետից մենք նաև մասնագետների հետ խորհրդակցեցինք և այս մեկ շաբաթվա ընթացքում ամփոփեցինք արդյունքները: Արդյունքները հետևյալն են. հակակարկտային կայանները, իհարկե, 100 տոկոսով չեն երաշխավորում, իսկ նման դեպքերում ընդհանրապես անհնարին է, որ դրանք լինեն էֆեկտիվ, բայց միջին ուժգնության կարկուտների պարագայում դրանք 60 տոկոսով արդյունավետ են, և գյուղացիները, համայնքի ղեկավարները նույնպես դա հավաստիացնում են, որովհետև նախկինում էլ եղել են կարկտահարության դեպքեր, և համակարգերն աշխատել են էֆեկտիվ: Բայց, որպեսզի այդ ռիսկերը մենք ամբողջական կարողանանք կառավարել և նվազեցնել, անհրաժեշտ է, որպեսզի մենք Արմավիրի մարզում կառուցենք երկրորդ պաշտպանողական շերտը` մոտավորապես 50 հակակարկտային կայան, յուրաքանչյուրը շուրջ 6.2 – 6.3 մլն դրամ արժողությամբ, և մենք այսօր այս ծրագրում ներառում ենք այդ կետը, որ կհատկացնենք 350 մլն դրամի չափ գումար` մոտավորապես նախատեսելով, որ դա իր մեջ ներառում է 50 հակակարկտային կայանների տեղադրում, ինչպես նաև այդ հակակարկտային կայանները միասնական ռադիոլոկացիոն ցանցով ծածկելու խնդիրն ենք լուծելու, որպեսզի աշխատի միասնական համակարգ։ Միևնույն ժամանակ, մենք երեկ խորհրդակցության ժամանակ համաձայնություն ենք ձեռք բերել, որ այն համայնքները, որոնք ունեն իրենց սեփական հակակարկտային կայանները, վերջիններս նրանց որոշումներով նույնպես կմիանան   միասնական ցանցին, քանի որ այսօր դրանք միացված չեն, և նրանք ինքնուրույն են որոշում, երբ է պետք կրակել այդ կայաններից և շատ հաճախ այդտեղ ունենում ենք խնդիր, որովհետև այս երկու պաշտպանական շերտերն արդյունավետ են, եթե գործում են միասնական ցանցի մեջ, և դրա համար մենք այսօր նույնպես մեր ծրագրի մեջ մի կետ ենք նախատեսում, որ կհատկացնենք այդ գումարները և ձեռք կբերենք 50 հակակարկտային կայան։

Չորրորդ հարցը վերաբերում էր առևտրային բանկերի տոկոսադրույքներին, ինչպես նաև ժամանակահատվածներին, որ պետք է տրամադրվեն գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն։ Պարոն Ջավադյանը տվեց մանրակրկիտ բացատրություններ, պատասխանեց բոլորի հարցերին և պայմանավորվածությունն այն է, որ բոլոր տնտեսությունների հետ լինելու է անհատական աշխատանք, որովհետև վարկերի ծավալները, ժամկետայնությունը, գումարները, գրավադրված առարկաները տարբեր են և բոլոր, իհարկե, առևտրային բանկերի կողմից օգնություն է տրամադրվելու՝ անհատական բանակցային գործընթացների միջոցով։ Մեր այսօրվա որոշման մեջ մենք նաև մի կետ ենք ներառում, որը վերաբերում է կառավարությանը։ Մենք խոստացել ենք գյուղացիներին, որ նրանց արտարժույթային վարկերը կփոխարկենք դրամային վարկերի և մենք դրա համար Կենտրոնական բանկին կտրամադրենք դրամային միջոցներ՝ մեր վարկային միջոցներից, որ այսօր ունեինք Կենտրոնական բանկի մեր հաշիվներում և այդ կետը նույնպես ներառված կլինի մեր ծրագրում։

Միևնույն ժամանակ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Արմավիրի մարզի մեր պատգամավորները հանդես եկան նախաձեռնությամբ, որ կբացվի հիմնադրամ և մասնավոր անձինք հատկացումներ կկատարեն այդ հիմնադրամին, որպեսզի առավել անապահով տնտեսություններին օգնություն ցուցաբերվի։ Մենք խոստացանք, որ նաև կառավարության անդամները մասնակցություն կունենան, իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն այդ հիմնադրամին, ինչպես նաև կոչ կանենք մեր բոլոր գործընկերներին, մեր քաղաքացիներին, ովքեր ի վիճակի են օգնելու տուժած տնտեսություններին, նույնպես հատկացումներ անեն այդ հիմնադրամին։ Տեղյակ եք, որ նաև Ազգային Ժողովի նախագահը, մի շարք պատգամավորներ հատկացումներով հանդես եկան, և առաջին ֆինանսական օժանդակությունը մենք ցույց կտանք անձամբ հիմնադրամին։

         Մեզ հետ էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որովհետև խոսք էր գնում նաև սոցիալական օգնության մասին, քանի որ կան ընտանիքներ, որոնց վիճակն այս աղետալի կարկտից հետո կտրուկ վատացել է, և նրանք ֆինանսական օժանդակության կարիք ունեն և, բնականաբար, դա նշանակում է, որ եթե այդ ընտանիքները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, նրանք պետք է ստանան նաև սոցիալական օժանդակություն օրենքով սահմանված կանոնների համաձայն։

         Հաջորդ խնդիրը, որ բարձրացվում էր, ապահովագրության խնդիրն էր։ Մենք քննարկեցինք մեր համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ և գտանք ոչ նպատակահարմար այդ ուղղությամբ աշխատանքների առումով, քանի որ ապահովագրական համակարգի ներդրումը ենթադրում է, որ նրանք պետք է պարտավորություն ստանձնեն ամեն ամիս կատարել ապահովագրական վճարներ, այն պարագայում, երբ նրանք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունեն, իսկ ապահովագրությունը դա բավականին ծախսատար գործառույթ է և կարող է արդյունավետ լինել, եթե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսությունը ներդնի ապահովագրական համակարգ, ինչն էլ լինելու է բավական ծախսատար։ Այնպես որ դա այսօրվա խնդիր չէ։

         Հարգելի գործընկերներ, սրանք են այն հիմնական կետերը, որոնք ներառված են այսօրվա մեր կառավարության ծրագրի մեջ, որը վերաբերում է Արմավիրի մարզին օգնություն ցուցաբերելուն։

Առաջարկում եմ այս ծրագրին հավանություն տալ և հանձնարարել ֆինանսների նախարարին, որպեսզի արդեն աշխատեն համապատասխան գերատեսչությունների՝ գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի հետ, որպեսզի ճշգրտեն հնչեցրած թվերը և ձևակերպումները»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031