Այսօր Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե համաձա՞յն է ընդդիմության այն գանահատականներին, որ այս կառավարությունը ձախողվել է եւ դրա համար այս ծրագիրը չպետք է արժանանա իրենց հավանությանը: Նա պատասխանեց. «Այս երեք օրվա ընթացքում այդ հարցի պատասխանը ես իմ ելույթում, իմ գործընկերները հստակ տվեցինք: Մեր գնահատականները անցած 5 տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր բացթողումները, մեր սխալները, ձեռքբերումները մանրակրկիտ ներկայացրել ենք մեր ժողովրդին: Ներկայացրել ենք հաշվետվությամբ, հրապարակային՝ ձեր միջոցով: Ես կիսում եմ ձեր այն տեսակետը, որ մեր գնահատականների հետ կան անհամաձայններ, եւ դրա համար էլ կա հնարավորություն, որ անհամաձայնների կարծիքը հասցնենք ժողովրդին, ձեր անհամաձայնությունները հայտնեք մեզ: Դա նորմալ եմ համարում»:
Հարցին՝ ընդդիմադիրների քննադատություններից ի՞նչ եզրակացություն արեցիք եւ ում հետ եք համագործակցելու՝ նա պատասխանեց, որ բոլորի հետ էլ պատրաստ է. «Եթե ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկություններով, տեսլականներով ապագայի, մենք պատրաստ ենք վերցնել այն, ինչը որ մեր պատկերացումներով մեր երկրի համար ճիշտ է: Եթե մեր ընդդիմությունը մշտապես հանդես գա այդպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս դրանից կշահենք, որովհետեւ անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ: Այս տեսակետից կարեւոր է, որպեսզի լինի երկխոսություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ