Երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավաստմամբ, «Ծածկած շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:
Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Ծածկած շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին