Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսեց Լավրով-Մամեդյարով հանդիպման, Ղարաբաղյան գործընթացի վրա հնարավոր անդրադարձի մասին: Նրա խոսքով` «Հասարակությանը մտահոգեց Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ խոսվում էր ստատուս քվոյի մասին, սա մեզ մոտ սուր ընկալվեց, բայց այստեղ արտառոց բան ես չեմ տեսնեւմ, քանի որ Ռուսաստանը լինելով համանախագահ երկիր, միանշանակ պետք է իր սկզբունքներն արտահայտեր: Ճիշտ է ցանկալի կլիներ, որ մեր ռազմավարական դաշնակիցը նուրբ վարվեր, ինչը չէր հանգեցնի շահարկումների»:
Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, Գալստյանն ասաց, որ հայկական կողմը միշտ արտահայտել է, որ մադրիդյան սկզբունքները դա վերջնական չէ, բնականաբար պետք է հաշվի առնել այս առիթով Նալբանդյանի հնչեցրած տեսակետները, ինչպես նաեւ՝ փոխարտգործնախարարինը:
Խոսելով տարածքների մասին, քաղաքագետն ասաց, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, Արցախի անվտանգությունը պետք է ստանա միջազգային երաշխիք եւ հավասար լինի ՀՀ-ին:
Քաղաքագետը նաեւ հավելեց` «Համանախագահները պատրաստ են օգտագործել հարմար առիթը՝ նորից իմպուլս հաղորդելու գործին, ամեն դեպքում միտում կա վերականգնել բանակցությունների գործընթացը: Չարաբաստիկ մադրիդյան սկզբունքները վերջնական չեն: Դժվար է պատկերացնել տարածքներ զիջելու հարցը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ