Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ԲՀԿ-ի որոշման գաղտնիության պատճառը. կո՞ղմ, թե՞ դեմ` կառավարության ծրագրին

Մայիս 23,2013 12:38

Այսօր ԱԺ-ում քվեարկության կդրվի կառավարության ծրագիրը: Անցած օրերի ընթացքում այն բուռն քննարկումների առիթ տվեց: Մասնավորապես ծրագրին դեմ արտահայտվեցին ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: Նրանց ելույթներից պարզ դարձավ, որ այդ խմբակցությունները դեմ են քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին:

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` քանի որ մի քանի ժամ է մնում կառավարության ծրագրի քվեարկությանը, ուստի իրենց որոշումը նո՞ւյն է մնացել, դե՞մ են քվեարկելու ծրագրին: Նա պատասխանեց. «Որոշումը նույնն է: Իհարկե, դեմ ենք: Ես երեկ ներկայացրել եմ ֆրակցիայի կարծիքը. այս ծրագիրը ընդհանրապես համարժեք չէ պետությունում ստեղծված իրավիճակին, եթե դրան գումարենք վերջին շրջանի սոցիալական լարվածության տարբեր օջախները, որոնք կարող են լինել անկառավարելի և սոցիալական բունտ առաջացնել, ապա այս իրավիճակին համարժեք ծրագիր պետք էր ընդունել, բայց այս ծրագիրը ընդհանրապես համարժեք չէ այդ իրավիճակին: Ինչ վերաբերում է Ա. Արզումանյանին և Խ. Քոքոբելյանին, ապա նրանք մեր խմբակցությունից չեն և նրանց մասին ոչինչ ասել չեմ կարող: Մենք երեքով` Զ. Փոստանջյանը, Թ. Պողոսյանը և ես դեմ ենք քվեարկելու կառավարության ծրագրին»:

Մինչ այս պահը հայտնի չէ ԲՀԿ-ի որոշումը, և իշխանական դաշտից հաճախ կարծիքներ ու տպավորություններ են հնչում, թե ԲՀԿ-ն իր կոնկրետ դիրքորոշումը ցույց չտվեց կառավարության ծրագրի մասին: Ուստի ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք` իրենք դե՞մ, թե՞ կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ որևէ լիազորություն չունեմ հայտնելու քվեարկության վերաբերյալ մեր որոշման մասին: Քվեարկության պահին կտեսնեք: Իսկ տպավորությունները թողնում եմ տպավորությունների հեղինակներին և տերերին: Միշտ ասում ենք` հանրության տպավորությունները ԲՀԿ-ի ու ԲՀԿ գործելաոճի վերաբերյալ թող որ գոյանան միայն մեր փաստացի գործողությունների արդյունքում»: Հարցրինք` ինչո՞ւ է ԲՀԿ-ի որոշումը գաղտնի պահվում: Պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Դուք լսեցիք իմ պատասխանը: Ես որևէ այլ բան ավելացնել չեմ կարող»: Նաև հետաքրքրվեցինք` ո՞րն է կառավարության ծրագրի մասին Տ. Ուրիխանյանի անձնական կարծիքը և ինչո՞ւ նա իր կարծիքը հրապարակային չհնչեցրեց: Տ. Ուրիխանյանն ասաց. «Ես բազմիցս իմ կարծիքն ասել եմ այս կառավարության կազմի և գործելաոճի,  անցած տարիների ընթացքում կատարած և չկատարածների և սպասելիքների մասին: Հենց այս վայրկյանին Ձեզ հետ խոսելիս ես հրապարակային ելույթ եմ ունենում և 24-ժամյա հրապարակային ելույթներ եմ ունենում այն ամբիոնից, որը կոչվում է  ԶԼՄ-ներ և  ավելի հասանելի ամբիոն գտնել հնարավոր չէ»: Մեր հստակեցմանը, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից նա ելույթ չի ունենում կառավարության ծրագրի մասին, պարոն Ուրիխանյանը կարճ պատասխանեց. «Ուզում եք ինչ-որ բանում  ինձ բռնացնե՞լ: Թողեք որ ԱԺ պատգամավորն իր իրավունքների, պարտականությունների շրջանակներում  իրականացնի իր լիազորությունները, այլ ոչ թե Ձեր ցանկությունների շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ուրիխանը՝ ինչպես միշտ հարցերին պատասխանում է ինչպես՝ այլմոլորակային:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031