Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թշնամական վերաբերմունք «ոչ հայրենասիրական» թեմաների հանդեպ

Մայիս 23,2013 12:31

«Ազատություն» ռադիոկայան. Քվեներ գնելու եւ ընտրողներ վրա ճնշում բանեցնելու համատարած դեպքեր 

Ներկայացնելով փաստաթուղթը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին ասել է, որ մարդու իրավունքները համաշխարհային արժեք են եւ սահման չեն ճանաչում։

«Առաջնորդները, միջազգային համայնքը, քաղաքական ղեկավարները պետք է ստանձնեն միլիոնավոր մարդկանց իրավունքները ճանաչելու պատասխանատվությունը», – հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարը։

Զեկույցի հայաստանյան բաժնում ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ին հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Խոսքի եւ հավաքների ազատությունն ընտրությունների ժամանակաշրջանում հիմնականում չի խոչընդոտվել, սակայն դիտորդները արձանագրել են «քվեներ գնելու եւ ընտրողների վրա ճնշումներ բանեցնելու համատարած դեպքեր»։

Խոսքի ազատությունը չի սահմանափակվել, սակայն հանրությունը թշնամանքով եւ որոշ դեպքերում նույնիսկ բռնություններով է արձագանքել «ոչ հայրենասիրական» կամ «հակաազգային» որակում ստացող կարծիքներին, ինչը երբեմն տեղի է ունեցել ոստիկանության եւ տեղական իշխանությունների աջակցությամբ։

Իշխանությունները որոշ դեպքերում պատկան հետաքննություն չեն իրականացրել եւ հրապարակավ ու միանշանակ չեն դատապարտել տեղի ունեցածը։

Հարձակումներ կինոփառատոնի կազմակերպիչների վրա

Զեկույցում այդ առումով նշվում է 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում ադրբեջանական կինոնկարների ծրագրված փառատոնը, որի կազմակերպիչները բիրտ հարձակումների են ենթարկվել եւ, ի վերջո, ստիպված չեղյալ են հայտարարել միջոցառումը։

Ֆիզիկական բռնության է ենթարկվել Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար եւ փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը։

Ապրիլի 16-ին է՛լ ավելի թշնամական մթնոլորտում ձախողվել է այդ փառատոնը Վանաձորում անցկացնելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի փորձը։

Մոտ երկու հարյուր մարդ` ուսանողներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ, քաղաքական կուսակցությունների ակտիվիստներ նախ հավաքվել են գրասենյակի մոտ, ապա ներխուժել, ավերել սարքավորումները, քարեր եւ հավկիթներ նետել մարդկանց վրա, միջադեպի ընթացքում գրասենյակի աշխատակիցներից մեկը վնասվածք է ստացել։

Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ դեպքի վայրում գտնվող ոստիկանները չեն միջամտել եւ կարգուկանոն չեն ապահովել` չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան նրանց դիմել է օգնության խնդրանքով։

Միջադեպից հետո մի կին տուգանվել է քարեր նետելու համար, բայց ոչ մի լիարժեք քննություն չի կատարվել, իսկ իշխանությունները չեն դատապարտել տեղի ունեցածը։

Մայիսի 8-ին հարձակման է ենթարկվել համասեռականների հավաքատեղիի համբավ ունեցող մի սրճարան, երկու ձերբակալվածներին գրավի դիմաց ազատ են արձակել, քաղաքական գործիչներից մի քանիսը աջակցություն են հայտնել գրոհի կազմակերպիչներին։

Անմարդկային վերաբերմունք բանտերում

Կտտանքների կանխարգելման եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 3-ին հրապարակել է զեկույց, որում ասվում է, թե 2011 թվականին Հայաստան կատարած այցից հետո երկրում գրեթե ոչինչ չի փոխվել, հանձնարարականները չեն կատարվել, բանտերում ծայրաստիճան վատ կացություն է, իսկ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկվածների պայմանները կարելի է որակել որպես «անմարդկային վերաբերմունք»։

Հայաստանի չորս պարտություն դատարանում

Զեկույցում նաեւ նշվում է, որ կրոնական հայացքների պատճառաբանությամբ զինծառայությունից խուսափող ավելի քան 30 տղամարդ անցած տարեվերջի դրությամբ պահվել է բանտերում։ Այլընտրանքային ծառայության հարցերը զինվորականներն են տնօրինում։

Նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը «Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործում մեղավոր է ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը վճռել է, որ հանրապետությունը ոտնահարել է Եհովայի վկաներից 17-ի իրավունքները։ Դա նմաօրինակ չորրորդ վճիռն է։

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031