Նա կամովին վերադարձրել է յուրացրած 5 միլիոն դրամը
Մայիսի 16-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանը Սեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Աննա Մելիքյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(« Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով») , նրան դատապարտել է 5 տարի ազատազրկման եւ կիրառելով Հ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որոշել պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 4 տարի ժամկետով փորձաշրջան՝ նրան պարտավորեցնելով չփոխել մշտական բնակության վայրը: Աննա Մելիքյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Հայփոստ» ՓԲԸ «Սեւան» մասնաճյուղի Լճաշենի փոստային բաժանմունքի տնօրեն, օգտագործելով պաշտոնական դիրքը՝ 2012թվականի դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրացման միջոցով հափշտակել է իր վստահությանը հանձնված ընդհանուր առմամբ 5 միլիոն 177 հազար 810 դրամ գումարը , որից՝ Լճաշենի կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման համար նախատեսված 3 միլիոն 607 հազար 830 դրամը, նպաստառուների վճարման համար նախատեսված 108 հազար դրամը, պատվովճարների վճարման համար նախատեսված 6 հազար դրամը, բաժանմունքում քաղաքացիների կողմից որպես կոմունալ վարձավճարներ մուծված 1 միլիոն 383 հազար 570 դրամը եւ կոմերցիոն ապրանքների վաճառքից գոյացած 72 հազար 230 դրամը: Դատարանը Աննա Մելիքյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել մեղայականով ներկայանալը, անկեղծորեն զղջալը եւ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը՝ 5 միլիոն 177 հազար 810 դրամը, ամբողջովին կամովին հատուցելը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ