Ինչպե՞ս են ազդում վերջին թանկացամները կառավարության անդամի ընտանիքի վրա, արդյո՞ք նրանց աշխատավարձը, որը, հիշեցնենք, 300 հազար դրամ է, բավարարում է նրանց։
Այն, որ հատկապես բյուջետային աշխատողները եւ թոշակառուները առանց դրսից ստացած տրանսֆերտների կամ կողմնակի եկամուտների չեն կարող «ծայրը ծայրին հասցնել» իրենց ծիծաղելի ու նվաստացնող աշխատավարձով ու թոշակով, հանրահայտ ճշմարտություն է։ Իսկ ինչպե՞ս են ապրում հայրենի կառավարության անդամները։ Երեկ մեր հարցերին պատասխանել է կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
– Պարոն Բեգլարյան, վերջին թանկացումները ձեր ընտանիքի բյուջեի վրա ինչպե՞ս են ազդել, նկատե՞լ եք այդ թանկացումները։
– Թանկացումներ կնկատվեն գազի թանկացումից հետո։
Կարդացեք նաև
– Մինչեւ գազի թանկացուճները այլ թանկացումներ են եղել, խոսքն այս մասին է, օրինակ՝ դուք գիտե՞ք կաթն ինչ արժե։
– Չէ, գիտե՞ք, մեր տան առեւտուրը անում է տիկինս։ Ընդհանրապես ես երեխա ժամանակվանից չեմ սիրում առեւտուր անել։ Թույլ կտա՞ք ես հետաքրքրվեմ, հետո այդ պատասխանը տամ։ Գիտե՞ք, ես որ ռեստորան եմ գնում, մենյուն նայած չկամ։
– Նույն ռեստորանում վճարելիս, թանկացումը չեք նկատո՞ւմ։
– Չէ, գիտե՞ք, իմ համար շատ այլ արժեքներ կան։ Ես քիչ փող սիրող մարդ եմ։ (Մեր ծիծաղից հետո հավելում է): Հավատա։
– Լավ, ձեր կինը թանկացումներից չի բողոքո՞ւմ։
– Այսօր ճշտեմ, վաղը կասեմ։
– Այսինքն ստացվում է, որ այս վերջին թանկացումներից ձեր ընտանեկան բյուջեն էական վնաս չի կրել։
– Այսօր ճշտեմ, վաղն ասեմ։ Իրոք, նենց հարցեր եք տալիս, ես չեմ հետաքրքրվել, իմ կինն էլ բողոքավոր չի ու երեւի եթե տենց բաներ կան, հաստատ իր վրա Էլ է ազդում, մեր բյուջեի վրա էլ է ազդում, բայց որ իմ հոգեվիճակը թողնի հանգիստ ու ինձ չանհանգստացնի, չի բողոքում։
– Պարոն Բեգլարյան, շատերն են այն կարծիքին, որ Հայաստանում սոցիալական բունտ չի կարող լինել, դուք ասում եք, որ գազի թանկացումը կարող է ազդել տրանսպորտի գնի վրա եւ այդպես շարունակ։ Այդ ամենն էլ չի կարո՞ղ բերել սոցիալական բունտի։
– Գիտե՞ք, ես չեմ հավատում, որովհետեւ մեր ազգը շատ արժանապատիվ ազգ է ու մեր ազգը երբեք, երբեք այդպիսի բան չի անի։ Մեր ազգն ավելի շատ արդարության կողմնակից է, միշտ արդարության պահանջի կրողն է, քան թե սոցիալական վիճակի։ Այսօր ավելի շատ գնահատելու արժեքներ կան, օրինակ, անկախ պետություն, անկախ հայ մարդ, ազատ մարդ, արդարադատություն, հավասարություն, այ դրա կրողներն ենք մենք։
Հիշեցնենք, Գագիկ Բեգլարյանը քաղաքականություն է եկել բիզնեսից, ինչն այդպես չէ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեպքում։
– Պարոն Թովմասյան, վերջին թանկացումները դուք կոնկրետ զգո՞ւմ եք։
– Կախված վերջինը որը նկատի ունեք։
– Բոլոր վերջին թանկացումները, օրինակ դուք գիտե՞ք՝ կաթն այսօր ինչ արժե։
– Կաթն արժե 380 կամ 400 դրամ։
– Սխալվեցիք, 420 դրամ։
– Չէ, էդ դուք թանկ խանութներից եք առեւտուր անում։
– Ձեր ընտանեկան բյուջեի վրա չեն անդրադառնո՞ւմ թանկացումները։
– Անդրադառնում են։
– Օրինակ, վերջին թանկացումները ինչպե՞ս են անդրադառնում կառավարության անդամի վրա։
– Վերջին չգիտեմ, բայց ես երեկ չէ առաջին օրն եմ կաթ գնել, գնել եմ 380 դրամով։
– Ո՞ր խանութից եք գնել, պարոն Թովմասյան։
– Մեր տան մոտի։ Դուք գնում եք թանկ սուպերմարկետներ, դրա համար այնտեղ թանկ է։ Է՞լ ինչի գինն է հետաքրքրում, ասեք։ Երեկ պոմիդորը գնել եմ կամ 650 կամ 700 դրամով, երեւի նույն գինն էր նաեւ վարունգը, էլ ի՞նչ ասեմ։
– Իսկ օրինակ ձմոանը, դուք ինչքա՞ն գազի վարձ եք վճարում։
– Բնակարանս 90 քմ է, ձմռանը մինչեւ 40 հազար դրամ, ամռանը իջնում է, մինչեւ 5-10 հազար։
– Եւ նախարարի աշխատավարձը՝ 300 հազար դրամ է չէ՞, հանգիստ բավարարո՞ւմ է նորմալ ապրելու համար։
– Դժվար է ասել, հանգիստ բավարարում է, թե ոչ, այնքան է, որքան է։ Դուք կարող եք իմ գույքի եւ եկամուտների հայտարարագիրը տեսնել։ Սոված չեմ մնում։
– Իսկ ի՞նչ եք կարծում, եթե գազը թանկանա ու շղթայական ռեակցիայով դա ազդի նաեւ մյուս ապրանքների գների վրա (հարցը կիսատ է մնում):
– Կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ մեր երկրում աշխատավարձերի աճը պետք է առաջանցիկ լինի գներից եւ երբ հայտարարում ենք նվազագույն աշխատավարձի բարձրացում, դրանից հետո հայտարարում ենք տեղական ողջ աշխատավարձերի վերանայում, այսպես պարբերաբար այդ բարձրացումները լինում են։ Դուք առաջիկայում տեսնելու եք ոչ միայն նվազագույն աշխատավարձի, այլեւ մյուս բոլոր աշխատավարձերի բարձրացում, այդ թվում նաեւ նախարարի աշխատավարձի բարձրացում, ավելի շատ բարձրացում, քան գնաճն է։
– Ես հենց դա էի ուզում ասել, աշխատավարձը որքան բարձրանում է, այնքան գները ավելի կատաղի են բարձրանում։
– Եթե իմ աշխատավարձը դառնա 600 հազար դրամ, կաթի գինը, հուսամ, 800 դրամ չի դառնա։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում