Բեռլինից դեպի Բրյուսել արագընթաց ավտոմայրուղու վրա, որով ուղեւորվում էր «Դոյչե վելե ակադեմիայի» հրավերով Գերմանիայում գտնվող լրագրողների մեր խումբը, խցանման հանդիպեցինք: Նավիգացիոն համակարգի շնորհիվ տեղեկանալով, որ խցանումը ձգվում է մոտավորապես 25 կմ, քանի որ մոտավորապես 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վրա շինարարական աշխատանքներ են գնում, մեր վարորդը որոշեց շրջանցել այդ խցանումը: Բայց մինչ այդ արդեն հասցրել էինք 30-40 րոպե խցանման մեջ լինել, մինչեւ գտանք, թե որտեղից կարելի է դուրս գալ արագընթաց ճանապարհից: (Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների՝ Գերմանիայում բոլոր ճանապարհներն անվճար են ու հրաշալի վիճակում)” Շրջանցելու համար աջ մտանք, հասանք մոտակա քաղաքը, որտեղից հետո դուրս եկանք եւ կրկին մտանք արագընթաց ճանապարհ, արդեն անմիջապես շինարարական աշխատանքների սկիզբը: Թե որքան հավելյալ վառելիք ծախսվեց այդ շրջանցման համար եւ խցանման մեջ կանգնելու համար՝ դա հարցի մի կողմն է:
Բայց վերադառնանք մեր արագընթաց ավտոմայրուղուն: Երբ հասանք շինարարական աշխատանքներն ազդարարող հատվածին, պարզվեց, որ խցանման հիմքն այն էր, որ ճանապարհի չորս շարքերից երեքը փակ էին: Եվ մեքենաները ստիպված էին մի շարքով գնալ՝ 120 կմ/ժամ թույլատրելի արագության փոխարեն էլ այստեղ, բնականաբար, թույլատրվում էր շատ ավելի քիչ՝ 60, տեղ-տեղ էլ մինչեւ 30 կմ/ժամ արագություն: Ճանապարհի այն հատվածները, որոնք փակ էին՝ շինարարական նպատակներով, ուղղակի փայլուն վիճակում էին, եւ ոչինչ չէր ազդարարում, որ այդտեղ ինչ-որ բան է կատարվում: Մոտավորապես երեք կիլոմետր անցնելուց հետո տեսանք մեկ տրակտոր եւ մեկ փորատող մեքենա, որոնք չէին աշխատում, քանի որ երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ը, Գերմանիայում ոչ աշխատանքային էր: Մեր վարորդն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, շաբաթ եւ կիրակի օրերն էլ այդ տեխնիկան չի աշխատել եւ ոչ մի շինարարություն չի իրականացվել: Նորից կրկնեմ, որ ավտոմայրուղու ողջ հատվածում, որտեղ ճանապարհի երեք գիծը փակ էին, ճանապարհների վիճակը ուղղակի փայլուն էր:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Կարդացեք նաև
Միայն մի քանի վիճակագրական տվյալներ. Գերմանիայի ճանապարհային խցանումները այդ երկրին արժենում են տարեկան 15-16 մլրդ եվրո: Երկրի տնտեսությանը այդ խցանումների արդյունքում հասցված վնասը կազմում է նրա 3,2 տրիլիոն եվրո կազմող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) մոտավորապես 0,05 տոկոսը: Սակայն որոշ փորձագետներ նշում են, որ այլ հաշվումներով այդ վնասը հասնում է տարեկան 20 միլիարդ եվրոյի:
1990 թվականից մինչ այժմ Գերմանիայում խցանված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմել է 400 հազար կիլոմետր՝ այդ երկարությամբ կարելի էր կամուրջ գցել Երկրից մինչեւ Լուսին: Ըստ այլ հաշվարկների էլ՝ գերմանացի բոլոր վարորդները միասին տարեկան խցանման մեջ կանգնում են 535 հազար տարի: Գերմանիայի ողջ բնակչությունը 82 մլն մարդ է կազմում, եթե այդ տարիները հավասարապես բաշխվի նրանց բոլորի վրա, ապա յուրաքանչյուր գերմանացի տարեկան 2,4 օր խցանման մեջ է կանգնում: Մեզ մեկ ժամն էլ բավական էր:
Խցանումների պատճառները մի քանիսն են՝ հսկայական բեռնատարները, եղանակային պայմանները՝ ձյուն, հորդառատ անձրեւ, մառախուղ եւ այլն, ճանապարհաշինական աշխատանքները եւ վթարները:
Մեր գերմանացի ուղեկիցը պատմեց, որ երբեմն այդ խցանումների ժամանակ ուղղակի անհնար է լինում գիծը փոխել եւ շրջանցել խցանված ճանապարհը: Եթե ինչ-որ վթար է եղած լինում, ապա փակվում են չորս կամ երեք շարքանի արագընթաց մայրուղու միանգամից բոլոր շարքերն էլ այնքան ժամանակ, մինչեւ ամեն ինչ կարգավորվի: Դա կարող է տեւել մի քանի ժամ: Այդ մի քանի ժամվա ընթացքում մարդիկ ստիպված են լինում նստած մնալ իրենց մեքենաներում: Մեր ուղեկցորդուհին հիշեց, որ նախորդ տարի նման խցանման ժամանակ իր հետ էին իր երկու անչափահաս տղաները, որոնք բնական կարիքներ են ունեցել սպասելու ընթացքում. «Բախտներս բերեց, որ մոտս դատարկ շշեր կային»,-կատակեց մեր ուղեկցորդուհին: «Իսկ եթե ավելի լուրջ կարիք ունենայի՞ն»՝ հարցին նա պատասխանեց, որ դատարկ տոպրակներ էլ ունեին….
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ Ֆրենկ Լեոնհարդի /AFP/Getty Images
Ես որոշ ժամանակ աշխատել եմ Գերմանիայում և համամիտ եմ Ձեր մտքերի հետ, սակայն մի հարցում չեմ համաձայնվի. անտեղի տեղը չեին կատարի աշխատանքներ, ինչ որ պրոբլեմ եղել է: Այո, հանգստյան օրը երբեք չեն աշխատի, աշխատանքից դուրս մի րոպե ավել չեն աշխատի, ինչ որ բան ես տալիս վերանորոգելու 3 շաբաթ հետո կվերադարձնեն / նույնիսկ եթե հայտնվի, որ չնչին անսարքությունն էր/ և այլն: Բայց ԱՆՏԵՂԻ ՏԵՂԸ փորեն, ատկատներ անեն՝ ՈՉ, վաղ թե ուշ դա կիմացվի: Այնտեղ օրենքը գործում է: Միգուցե չաթից դուրս բյուրոկրատ են, բայց ամեն ինչ օրենքով է:
Նունե ջան, անշուշտ անտեղի չէր, ես նման բան չեմ ասել: Ասածս այն էր, որ երեք օր երթեւեկությունը կանգնեցել, այդքան վնաս պատճառել արտաքինից չերեւացող պատճառի համար՝ աբսուրդ է: Եվ վերջապես, չեմ կարծում, որ երեք կիլոմետրից ավելի վնասվածք կար, գուցե մի քանի հարյուր մետր, կարելի էր ընդամենը այդքան մասը փակել՝ գոնե շաբաթ-կիրակիի համար: Իրենց տված օգուտը պատճառած վնասի հետ թերեւս անհամամեմատելի էր: Բյուրոկրատական եւ չինովնիկական քաշքշուկին առնչվել ենք եւս մի քանի անգամ՝ դա հանգեցնում է անասելի դանդաղկոտության եւ անիմաստ վատնման՝ էներգիայի, ժամանակի եւ այլ ռեսուրսների:
Աբսուրդը անձրևի տակ անորակ ասֆալտ փռելն է, որ մի տարի հետո քայքայվում է, իսկ Գերմանական ճանապարհաշինարարնեն որոշակի նորմեր ունեն, ժամկետներ, որը անցնելու հետո միայն իրավունք ունեն ճանապարհն բացեն օգտագործման համար, եթե համոզված են, որ արված աշխատանքներն լիարժեք են․․․
Այլ կերպ ասած, գերմանական որակի էությունը կայանում է նրանում, որ եթե ինչ որ բան արվում է, ապա դա ստուգվում ու վերաստուգվում ու փորձարկվում է բազմակի անգամ մինչև մասսայական արտադրության ու օգտագործմա թույլատվություն․․․
Անկասկած դա հանգեցնում է ավելորդ ծախսերի ու ինքնարժեքի թանկացման, բայց հետագայում դա իրեն արդարացնում է քանի որ ազանց երկմտանքների կարելի է 20-30-50 տարի օգտագործել առանց տարակուսանքի, որ կքանդվի, կբլի, չի աշխատի․․․
Երևի բյուրակրատական քաշքշուկի պատճառով է՞ այդ երկիրը այդպիսին: Երանի թե մենք էլ այդ բյուրակրատական քաշքշուկից մի քիչ ունենայինք: