Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ընտանիքը հրաժարվում է առերեսվել Անիի նախկին ոստիկանապետի որդու հետ

Մայիս 22,2013 23:35

Այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությանը ներկայացել էր ընդամենը մեկ վկա` Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ  Եսայանը: Նա վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից, իսկ դատակոչված  մյուս վկաները, մասնավորապես  Անիի նախկին ոստիկանապետի կինն ու դուստրը, ինչպես նաեւ Վարդան  Ղուկասյանի ընտանքը` մեծ եղբայրը Գեւորգ Ղուկասյանը, նախկին քաղաքագլուխն ու նրա դուստրը` Մանյան դատարան չէին ներկայացել: Դատախազը միջնորդեց  բերման ենթարկել նախկին ոստիկանապետի ընտանիքին, տուժողի շահերի պաշտպանն էլ իր հերթին ելույթ ունենալով հայտարարեց. «Միջնորդում ենք  դատարանին` անկախ անուն –ազգանունից, սեռից, գույնից,  մաշկի տեսակից  բերման ենթարկել այն բոլոր վկաներին, ովքեր կհրաժարվեն դատարան ներկայանալ»: Այս միջնորդությանը միացավ նաեւ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը,  ով հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատարանը բերման չի ենթարկում  Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքին: Դատավորն ասաց, որ նրանք դատարան են  հրավիրվելու վաղը, եթե չգան , նոր բերման կենթարկեն: Փաստաբանը սակայն առարկեց`նշելով, որ դատարանը տեւական ժամանակ է` նույն պատասխանն է  տալիս: Դատավոր Մարտին  Սարոյանը փաստաբանին ներկայացրեց Ղուկասյանների գրավոր պատասխանը դատարանին, որով նրանք տեղեկացրել են, թե չեն կարող գալ դատարան ու  առերեսվել նախկին ոստիկանապետի որդու` Հարություն  Սարգսյանի հետ, վերջինս իրենց կգցի հոգեկան ծանր սթրեսի մեջ եւ խնդրել են դատարանին  որպես հիմք  ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները: Լուսինե Սահակյանը միջնորդեց  դատարանին անմիջապես բերման ենթարկել նրանց, քանի որ նրանք  առհասարակ են հրաժարվել  դատարան ներկայանալ , եւ չեն գա նաեւ վաղը:  Սակայն  դատավորն ասաց, որ այդ հարցը կքննարկեն վաղը: Դատախազը Լուսինե  Սահակյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ դատարան չեն ներկայացել նախկին ոստիկանապետի կինն ու դուստրը: Փաստաբանը տեղեկացրեց , որ կնոջ ոտքը կոտրվել է, առողջությունը կտրուկ վատացել է, վաղը եւս չեն գա դատարան: Դատախազը միջնորդեց բերման ենթարկել  դստերը: Դատարանը որոշեց վաղը բերման ենթարկել  Անիի ոստիկանապետի դստերը `Մելանյա Սարգսյանին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031