Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին եւս որպես վկա կհրավիրվեն դատարան

Մայիս 22,2013 23:05

Այսօր այս մասին  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում   ակնարկեց  Անիի նախկին ոստիկանապետի որդու`  Հարություն Սարգսյանի  փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`27-ամյա Կարեն  Եսայանի     սպանության մեջ:

 

Իսկ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին  դատարան որպես վկա  հրավիրելու պատճառն այն է, որ սպանված Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ Եսայանը,  նրան գրավոր դիմում է  հղել` հանցագործության մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնելով, որը սակայն դեռ անպատասխան է մնացել: Ռազմիկ Եսայանը ոստիկանապետին տեղեկացրել է,  թե  Հարություն Սարգսյանը, նստելով իր որդու մեքենան, նրա տարել-սպանել է, իսկ դեպքի վայրից  մարդասպանին հետ է բերել Լյովա անունով մի անձնավորություն` «Ժիգուլի» մակնիշի մեքենայով: Այսօր ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը Ռազմիկ Եսայանին հարցնում էր, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը: Ի պատասխան, վկան պնդում էր այդ մասին գնալ ու հետաքրքրվել մարզային ոստիկանապետից, քանի որ բոլոր տվյալները նրան է  հաղորդել:

 

Ըստ Ռազմիկ Եսայանի, ինքը  չի կարող բարձրաձայնել այդ ամենը, քանի որ մտածում է մարդկային կյանքերի մասին: Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց դռնփակ դատական նիստ անցկացնել , քանի որ Ռազմիկ  Եսայանի վկայությունը կարող է բացահայտել իրական հանցագործներին, սակայն   դատարանը մերժեց :Լուսինե  Սահակյանը  դատարանին հայտնեց, որ իր հաջորդ միջնորդությունը լինելու է Կարեն Բաբակեխյանին դատարան հրավիրելը: Նշենք, որ   Կարեն Եսայանի հայրը Լուսինե  Սահակյանին ասում էր . «Հարգելի Լուսինե,  ես իմացել եմ, որ դուք պրոֆեսիոնալ փաստաբան եք, բայց իզուր եք փորձում արդարացնել մարդասպանին, դա ձեզ չի հաջողվելու»:Լուսինե Սահակայնն էլ  պատասխանեց, որ եթե պարզվի իր պաշտպանյալը  առնչություն ունի մարդասպանության հետ, անմիջապես կհրաժարվի նրա շահերը պաշտպանելուց: «Ես ասում եմ առնչություն», -շեշտեց Լուսինե Սահակյանը:

 

Այուհետ վկային սկսեց հարցեր տալ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը : Վերջինս  հարցրեց. «Դուք պնդում եք, որ ե՞ս եմ ձեր տղային  սպանել,  նա ի՞նչ էր արել ինձ, որ սպանեի»: Ռազմիկ Եսայանն ասաց. «Դու պիտի պատասխանես քո հարցին,  երեւի վատ էիր զգացել, որ  աղջկան չեն տվել»: « Իսկ ո՞վ է ասել Ձեզ, որ ես ձեր հարսի հետ  ամուսնանալու մտադրություն եմ ունեցել, ես շփվե՞լ եմ, ճանաչե՞լ եմ ձեր հարսին», շարունակեց ամբաստանյալը: «Հարցն  էն ,որ դու 100 մետրի  վրա ռիսկ չես արել մոտենալ Մանյային, մեքենայի միջից ես հետեւել», պատասխանեց վկան: «Մանյայն ո՞վ է»,-արձագանքեց ամաբաստանյալը`շարունակելով . «Եթե ես չեմ ճանաչում, ի՞նչ խանդ են բերել-դրել, Թումանյանի հեքիաթն է» : Այնուհետ ամբաստանյալը հայտարարեց, որ վկան սուտ է խոսում` մեջբերելով իր հետ ոստիկանությունում ունեցած  զրույցից հատվածներ: «Դե երդում կեր տղայիդ գերեզմանով, որ  ես էդպիսի բան եմ ասել»,-  առաջարկեց Հարություն Սարգսյանը, որն էլ առիթ դարձավ վիճաբանության, ճչոցների, փոխադարձ անարգանքի, տեղից բարձրանալով ամբաստանյալից   պատիվ էր պահանջում նաեւ Կարեն Եսայանի մայրը : Երկար ժամանակ  դատական նիստը շարունակել չէր հաջողվում:

 

Վիճաբանաության առիթ դարձավ նաեւ այն, որ ամբաստանյալը ակնարկում էր, թե տուժող կողմը 12 միլիոն դրամ գումար է  պահանջել: «Ես քաղհայց եմ ներկայացրել, բա ի՞նչ պիտի անեի, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս ուրիշ բան դարձնելու, մարդ էս աստիճանի լկտի չի կարող լինել», տեղից բացականչեց  Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը: Ամբաստանյալը իր հերթին էր ճչում , թե մարդասպանը Ռազմիկ Եսայանն ու նրա կինն են, ինքը կապ չունի մարդասպանության հետ ու խորհուրդ էր տալիս  գտնել իրական մարդասպանին: «Ձենդ ճիճու, տղուս թափած ամեն կաթիլ արյան  համար պատասխան պիտի տաս, դու  նրա ոտքի տակի ցեխը չարժեիր»- շշպռում էր Ռազմիկ Եսայանը: Դատական նիստի ավարտին բոլորը` այդ թվում եւ դատավոր Մարտին Սարոյանը արդեն գերհոգնած էին, վատացած: Նիստը կշարունակվի վաղը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031