Լրահոս
Օրվա լրահոսը

Դստեր փեսացուին սպանելով` վրեժ են լուծել Վարդան Ղուկասյանի՞ց (ֆոտոշարք)

Մայիս 22,2013 20:34

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  դստեր փեսացուի`  27-ամյա Կարեն  Եսայանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ  մեղադրվում է Անի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարությունը:

 

Այսօրվա դատական նիստը ամենալարվածն էր  բոլոր նախորդներից: Այսօր ժամը 14.00-ից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը` ժամը 18.00-ը  վկայություն տվեց իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ Եսայանը, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Վկան մերթ հուզվում էր, մերթ բորբոքվում, մերթ  անպատվում ու լեզվակռվի մեջ էր մտնում ամբաստանյալի` Հարություն Սարգսյանի հետ: Ռազմիկ Եսայանը դատարանում հայտարարեց, որ ինքը 100 տոկոսով համոզված է,  որ «մարդասպանը, ոճրագործը» Հարություն Սարգսյանն է, սակայն նա գործել է ոչ թե  միայնակ, այլ` խմբով: «Իր վարքագծից, տեսքից երեւում է, որ հենց նա է մարդասպանը: Իմանալով, որ տղայիս նշանդրեքը մարտի 12-ին է, մարդասպանների խումբը պլանավորեց, կազմակերպեց նրա սպանությունը: Մինչ այդ էլ, նա «Նեո» արծաթագույն մակնիշի «Մերսեդեսով» հետապնդել  է մեր ընտանիքին, անընդհատ կանգնել է կնոջս խանութի մոտ, կնոջս մոտ կասկած է առաջացել, թե ո՞վ է սա, էդ ինչքա՞ն բենզինի փող ունի, որ անընդհատ պպտվում է այդտեղ: Հարցրել է  տղայիս,  տղաս էլ ասել է` ի՞նչ իմանամ մամ ջան:

 

Մի անգամ էլ Երեւան էինք գնում,  այդ նույն մեքենան դեմներս կտրեց, ասի` էս ի՞նչ ձեւի է վարում, հենց ինքն էր ղեկին,  իրա լկտի հայացքը մեջս տպավորվել է, ինչպես որ մարդասպանն է նայում զոհին, նույն ձեւի ինքը նայեց մեզ: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց այս տղան երբ գտնվել է կագեբեի խցում, զանգահարել է ,թե օգնեք ինձ դուրս գամ, կասեմ ով է  մարդասպանը, ինչպես է պլաանավորվել: Հանցագործությունը կատարվել է հանցագործ կլանի կողմից` վաղօրոք պլանավորված», -հայտարարեց Կարեն  Եսայանի հայրը: Նա նաեւ ասաց, որ սպանելով իր տղային` ամենայն հավանականությամբ փորձել են վրեժ լուծել Վարդան Ղուկասյանից: «Հայրը 2-3 անգամ գնացել է Ղուկասյանից թույլտվություն վերցնի, որ նրա որդին ու Ղուկասյանի դուստրը հանդիպեն, ու քանի որ Վարդան Ղուկասյանը արհամարհական է  վերաբերվել, դրա համար էլ էս մարդասպանը իրա խառնվածքով որոշել է վրեժխնդիր լինել:

 

Մեր ընտանիքը   բարի մարդկանցով է շրջապատված, մենք թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում միշտ շփվել ենք բարի մարդկանց հետ: Մեր ընտանիքը  ոչ մի ընտրությունների, ոչ մի քաղաքական իրադարաձության հետ  կապ չի ունեցել, ոչ մի գործարքի մեջ չենք մտել, նման հարցերով ոչ մեկին չենք բարեւել, դրա համար էլ իմ կասկածը իմ խնամիների հետ է կապված, որ մերժել են աղջկա ձեռքը»,-ասաց Ռազմիկ Եսայանը: Նա նաեւ ասաց, որ Վարդան Ղուկասյանի դստերը, բացի իր տղայից, նաեւ նախարարներից մեկի տեղակալն է ուզել, սակայն անուն  չհրապարկեց: Նրա վկայությունից քիչ անց ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցնում էր, թե կոնկրետ ո՞ր նախարարի տեղակալի մասինէ խոսքը, սակայն Ռազմիկ Եսայանը  ասաց, որ ինքը լսել է եւ բամբասանքները չի կարող որպես փաստ հրամցնել:

 

Որդեկորույս  հայրը անչափ զայրացած էր դատախազության եւ նախաքննական մարմնի գործողություննրից: Նա պնդում էր, որ իր որդուն սպանողի արարքը պիտի որակվի որպես առանձնապես դաժան սպանություն, քանի  որ նրան, բարոյական ու ֆիզիկական ճնշման ենթարկելով,   տարել են  քաղաքից դուրս, աբրեսով աչքը թափել են: «Գազանն  անգամ նման բան չէր անի, ինչո՞ւ սպանեցին անմեղ տղայիս, ի՞նչ էր արել, ԱՄՆ-ից եկել էր Գյումրի` սուրբ նպատակի համար, իր սիրած աղջկան հետ միավորվելու»: Այս անգամ դատին ակտիվորեն  միջամտում էր նաեւ ամբաստանյալ  Հարություն Սարգսյանը, ով անչափ վրդովվում ու պատիվ էր պահանջում, երբ իրեն Ռազմիկ Եսայանը անվանում էր մարդասպան:

 

Ու սկսվում էր մի աննկարագրելի բառապաշարով վիճաբանություն, ճչոցներ, որը երկար ժամանակ էր պահանջվում վերջ դնելու: Դատարանի կարգադրիչները այսօր անչափ լարված էին.  Ռազմիկ Եսայանը, նյարդերին տեղի տալով,  մի քանի անգամ փորձեց մոտենալ ամբաստանյալին , նրան մի կերպ էին զսպում: Այսօր լարված էին նաեւ դատախազը, ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը: Րոպեն մեկ վերջիններս  բողոքում էին մեկը մյուսի դեմ` դատարանից պահանջելով սանկցիա կիրառել դիմացի կողմի նկատմամբ: Ռազմիկ Եսայանը նաեւ ասաց, որ ամբաստանյալի հայրը` Անիի նախկին ոստիկանապետը սուտ է խոսել` անցած դատական նիստին դատարանին ցուցմունք տալով, թե իր օգնությամբ է Ռազմիկ Եսայանը ԱՄՆ մեկնել: «Տո ասա դու ո՞վ ես, ես  մարզպետարանի բաժնի պետ եմ եղել, հերիք չէ  սուտ վկայություններ տաս դատարանին», -նեղվեց Ռազմիկ Եսայանը:

 

Նա  նաեւ դժգոհեց, որ ոստիկանները միայն ցավակցողի դերում են, բայց իրականում նորմալ բացահայտումներ  չեն արել, չեն բացահայտել, թե ո՞վ  է  Հարություն Սարգսյանի հետ սպանել իր որդուն: Նա դատարանին խնդրում էր հետ ուղարկել գործը  նախաքննական մարմնին նոր հետաքննություն անցկացնելու համար: «Էս տղան սպանության մեջ կա ու կա, մնում է բացահայտել  մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին, էնպես են արդարացնում,   քիչ է մնում մարդասպանին սարկավագ կոչեն, հայրն էլ հայտարարում է, թե պիտի ապաստան խնդրի  Աբրբեջանից, իսկական ձեր տեղն է», -ասաց Ռազմիկ Եսայանը: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանը իր հերթին նրան հակադարձեց` ասելով թուրքը դու ես, մի վիճաբանություն էլ այս թեմայով ծավալվեց:

 

Որդեկորույս  հայրը նաեւ հայտարարեց, որ ինքը տեսանյութերով տեսել է, որ Հարություն Սարգսյանն է ավտոլվացման կայանում  հետապնդել իր որդուն, գիտի նաեւ, որ Հարություն Սարգսյանը, նստելով իր որդու մեքենան, տարել, նրան սպանել է , իսկ Հարությունին ոճագործության  վայրից վերադարձրել է Լյովա անունով  մի անձնավորություն`« ժիգուլի»    մակնիշի մեքենայով: Այս մասին Ռազմիկ  Եսայանը գրություն է հղել Շիրակի  մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին` նրան տրամադրելով այդ մարդու  ամբողջական տվյալները:

 

Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031