«Ոչ գազի թանկացմանը», «ՀայՌուսգազարդ` հայաթափման խթանիչ», «Ոչ ապազգային իշխանությանը», «Ոչ գազի թանկացմանը ոչ մի տոկոսով» եւ այլ կարգախոսներ պարունակող պաստառներով վանաձորցիները բողոքի էին դուրս եկել
Առաջիկայում գազի գնի հնարավոր թանկացման մասին լուրերը Վանաձորի Արցախ պուրակ էին բերել մի խումբ քաղաքացիների: «Ամեն ինչը թանկանում է` գազը, լույսը, էս երկրում ամենաէժանը մարդն է, 5 տարի հետո Վանաձորում մարդ չի մնալու,եթե հինգ հազար մարդ էլ լինի, ես կուրախանամ»,-ասում է գազի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:
«Գազի գնի թանկացումը իր հետեւից կբերի մյուս ապրանքատեսակների գների աճին, ներառյալ որոշակի առումով նաեւ ծառայությունների մատուցման գների աճը: Ներկա վիճակում ժողովրդի սոցիալական վիճակը բավականին լարված է, արդյունքը կլինի այն, որ կհայտնվենք ուղղակի քաոսային դժոխքում: Կառավարությունը ներկայացնում է, որ իբր քայլեր է կատարում աշխատավարձերի բարձրացման տեսքով, ես կուզեի հարց տալ կառավարությանը` գործազուրկների թիվը մեծ է, եւ այն մարդիկ, ովքեր չեն օգտվում աշխատավարձի բարձրացումից, նրանց վիճակը ի՞նչ պիտի լինի: Երբ աշխատավարձի բարձրացման թվերը ներկայացվում են, դրանք սպասվող, ակնկալվող գնաճի հետ չեն համընկնում: Ողբալի վիճակ է».-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Վանաձորի մեկ այլ բնակիչ Հովհաննես Ղազարյանը:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման երիտասարդ ակտիվիստների նախաձեռնած բողոքի ակցիան սկսվեց Արցախ պուրակից, ապա մարդիկ երթով շարժվեցին դեպի Լոռու մարզպետարան:
«Ակցիան քաղաքացիական նախաձեռնություն է: Գազի աննորմալ թանկացում է, այդ ձեւի գին աշխարհի մակարդակով անգամ չկա: ՀՀ-ում ընտանիք չկա, որին այդ ցավը, այդ խնդիրը չհուզի: Այս ամենը գալիս է նրանից, որ իշխանությունը լեգիտիմ չէ, կառավորությունը նույն անողնաշարավորների հավաքածուն է: Այս կառավարությունից որեւէ լավ սպասելիք չկա: Գործող ընտրական օրենսգրքով Հայաստանում լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել, դեռ ընտրությունը չավարտած ՌԴ նախագահը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, հետեւանքն էլ սա էր»,- լրագրողների հետ զրույցում նկատում է «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը:
Երթի մասնակիցների պահանջով ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս հանդիպեց քաղաքացիներին` խոստանալով ժողովրդի մտահոգությունը ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ