Մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Թմրամիջոցների եւ թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հետ:
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների լայն շրջանակ:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն «REITOX» թմրամոլության եւ թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման եւ Հայաստանում թմրամոլների սոցիալական վերականգնողական կենտրոնի բացման հարցերի շուրջ: Բացի սրանից, տեխնիկական աջակցություն կցուցաբերվի թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ՀՀ պետական մարմիններին: Փորձի փոխանակում, վերապատրաստում եւ վերաորակավորում կիրականացվի այս ոլորտում ներգրավված ուժային կառույցների աշխատակիցների համար:
Կարդացեք նաև
Արթուր Բաղդասարյանը մասնակցել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: ԱԱԽ քարտուղարը իր ելութում մասնավորապես նշել է. «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկի համաձայն հաստատվել է «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման պետական եւ հասարակական կառուցակարգերը, ապահովել դրանց արդյունավետ գործառնությունը։ 2010 թվականին ստեղծվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով»` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ, ում վերապահվել է Ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը: Ներկայումս մշակման փուլում է ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության ծրագրի նախագիծը:
Կարելի է փաստել, որ արդեն նկատվում են կատարված հետեւողական աշխատանքի դրական արդյունքները` 2012 թվականին Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1139 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1525-ի դիմաց: Նվազումը կազմել է 386 դեպք կամ 25,3%: Հանցագործությունների քանակի նվազման միտումը շարունակվում է նաեւ 2013 թվականի անցած ժամանակահատվածում»:
Արթուր Բաղդասարյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող մի շարք երկրների` Ֆրանսիայի, Իտալիայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, ինչպես նաեւ ԵՄ հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված են Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հանդիպումները Պորտուգալիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, որից հետո նա կվերադառնա Հայաստան: