«Տարին մեզ համար հոբելյանական է. բոլոր միջոցառումները կլինեն ավանդական և նվիրված են ՀՀ ԳԱԱ 70–ամյակին: Ավանդական է նաև հանրապետական գիտական նստաշրջանը»,- այսօր այս մասին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում Ջահուկյանական ընթերցումներ հանրապետական գիտական նստաշրջանի ընթացքում ասաց ՀՀԳ բաժանմունքի ակադեմիկոս Յու. Սուվարյանը:
ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը հիշելով Գևորգ Ջահուկյանին ասաց. «Մեծերի մասին խոսելը բարդ է: Գևորգ Ջահուկյանը լեզվաբանությունում առաջատար է: Նրա առաջին աշխատանքը վերաբերել է մեթոդիկային: Մեր ասպիրանտները դժգոհում են, որ իրենց պաշտպանությունները ուշ են հրատարակվում կամ չեն հրատարկվում, մինչդեռ Ջահուկյանի «Խ. Աբովյանը» երկերի լիակատար ժողովածուն հրատարկվում է 7 տարի անց»:
Պրն. Հովհաննիսյանը հիշեց նաև, որ Ջահուկյանը բառարան գրել չէր սիրում. «Ես շատ կցանկանայի, որ նրա բառարանը արտասահման չհասներ, քանի որ այն այնպես չեղավ, ինչպես պետք էր: Թե ինչու բառարանը այդ տեսքով և պարունակությամբ եղավ ոչ ոք չգիտի և այս մասին շատ խոսել չեմ ցանկանա»:
Բանասիրական գիտությունների թեկնածու Առաքելյան Կարինեն նստաշրջանի ընթացքում ներկայացրեց առարկայահասկացական և գնահատողական բառաշերտերը Գևորգ Ջահուկյանի բանաստեղծական գրքում, իսկ բանասիրական գիտությունների թեկնածու Անահին Գալստյանն անդրադարձավ լեզվաբանական տերմինների գործածության սխալներին և հարակից այլ հարցերին, ընդհուպ մինչև շտեմարաններում սխալներին և բացթողումներին, որը ներկաների կողմից քննարկման առիթ հանդիսացավ:
Ողջ նստաշրջանի ընթացքում հայոց լեզվին նվիրված 41 զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ի եւ այլ գիտական եւ կրթական կառույցների լեզվաբաններ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ