Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ՞ու են լռում ՀՀ բնապահապանության նախարարությունն ու ոստիկանությունը

Մայիս 22,2013 17:02

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում են ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին

 Ս. թ. մայիսի 3-ին գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարին, կապված դեռևս անցյալ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում կատարված բնապահպանական խախտումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Մեր դիմելու նպատակն էր պարզել, թե ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում իրականացվել են արդյո՞ք տեսչական ստուգումներ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում թույլ տրված բնապահպանական խախտումների բացահայտման և բնության հասցված վնասի հաշվարկման ուղղությամբ,  և եթե իրականացվել են, ապա մեզ տրամադրել այդ ստուգումների արձանագրությունների պատճենները:

 

Մեր գրավոր դիմումին պատասխանելու ժամկետը լրացել է դեռևս ս. թ. մայիսի 13-ին, սակայն զարմանալիորեն ՀՀ բնապահպանության նախարարությունն առ այսօր լռում է և չի պատասխանում մեր կողմից իրեն ուղղված այդ հարցերին:

Բանն այն է, որ 2012թ օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ն «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք էր մտցրել ծանր տեխնիկա, վնասել և աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր ու վնասել շրջակա միջավայրը (https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L9cfKZGXDNE):

Ավելորդ չենք համարում նշել, որ այդ ամենի մասին ոչ միայն նշված չի եղել այդ ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերում, այլ ընդհակառակը, նշված է եղել որ հիշյալ տարածքում չկան բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ծառահատումների կարիք չկա, քանի որ ՀԷԿ-ի խողովակաշարը անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ:

Այս մասին բազմաթիվ ահազանգեր են եղել ինչպես Գետահովիտ գյուղի բնակիչների, այնպես էլ բնապահպանների ու զանգվածային լրատվական միջոցների կողմից: 2013թ. հունվարի 11-ին մեր նախաձեռնությունների կողմից հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ ոստիկանությանը: Ցավոք, առ այսօր ոչ մի  պետական մարմին որևէ էական քայլ և միջոցներ չի ձեռնարկել այս հարցերի լուծման ուղղությամբ:

Շրջակա միջավայրին հասցված վնասն առ այսօր գնահատված չէ, ոչ ոք պատասխանատվություն չի կրել կատարված անօրինականությունների համար, ՀՀ ոստիկանությունն արդեն չորս ամիս է` հետաքննություն է անցկացնում, Հայանտառ ՊՈԱԿ-ը «տեղյակ» չէ, որ իր անտառտնտեսությունում բազմաթիվ ծառեր են ոչնչացվել, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն, արհամարհելով տեղի բնակչության կարծիքը և մեր մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները, 26.03.2013թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն է տվել «Իջևանի» արգելավայրի տարածքում կառուցվող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված աշխատանքային նախագծի վերաբերյալ:

Հարց է առաջանում` արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը, իրավապահ մարմիններն ու պետական այլ լիազոր մարմինները նույն կերպ կվերաբերվեին, եթե այդպիսի բացահայտ խախտումներ կատարողը լիներ մի հասարակ քաղաքացի կամ գյուղացի, այլ ոչ թե պետական էշելոններում ինչ-ինչ հովանավորչություն ունեցող ընկերություն:

Այս գրությունն ուղղված Ձեզ ընդունեք, որպես հանցագործության մասին հաղորդում և քայլեր ձեռնարկեք անգործություն ցուցաբերած պաշտոնատար անձանց և շրջակա միջավայրին անդառնալի վնաս պատճառած ընկերության պատասխանատուներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031