Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից խաղ էր` միջազգային լսարանի արձագանքը ստուգելու համար». Սարգիս Ասատրյան

Մայիս 22,2013 16:42

Մայիսի 3-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական կայքը անդրադարձ էր կատարել «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագծին, որով խիստ սահմանափակումներ է նախատեսվում ոչ միայն Ադրբեջանի, այլև օտերկրյա քաղաքացիների համար: Ըստ «ԱՊԱ»-ի, փաստաթղթի 7-րդ հոդվածում նշված էր. «Ադրբեջանի քաղաքացիները (բացառությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին մասնակցող կառույցների ներկայացուցիչների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և Միլի Մեջլիսի կողմից համապատասխան թույլտվություն ստացած անձանց), որոնք կհամագործակցեն Հայաստանի պետական և ոչ պետական կառույցների, դատական և օրենսդիր մարմինների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, պետական և մասնավոր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հետ, քրեական պատասխանատվության կենթարկվեն»:

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն անդրադառնալով այս թեմային ասաց. «Զարմանալին այն է, որ այս տեղեկությունը եղել է կայքում դեռ մայիսի 3-ից, բայց դրա շուրջ լայնածավալ և բուռն քննարկումը նոր է լինում: Անգամ համացանցով շփումը կարող էր քրեորեն պատժելի համարվել, սակայն, օրեր անց, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կայքում պաշտոնապես հերքվում է օրինագծի առկայությունը` համարելով, որ նման բան գոյություն չունի, անգամ մամուլի ծառայությունը խորհուրդ է տալիս որևէ լուր տարածելուց առաջ համաձայնեցնել և կապվել իրենց հետ»:
Ըստ բանախոսի ` միշտ էլ Ադրբեջանում դե ֆակտո այս օրենքը կիրառվել է, պարզապես քրեական պատասխանատվության չեն ենթարկվել մարդիկ, այլ հատուկ ծառայությունների կողմից վերահսկողություն է իրականացվել:
Ասատրյանի խոսքով` այս ամենն ընդամենը խաղ էր` միջազգային լսարանի արձագանքը ստուգելու համար, ինչպես նաև ուներ դերակատարություն ներքին լսարանի վրա. «Ալիևը ընտրություններից առաջ ունի լսարանին որևէ գաղափարի շուրջ ինչ-որ ձևով համախմբելու միտում և սա էլ այդ դեպքերից մեկն էր: Ցավոք, այսօր ակտիվությամբ մենք զիջում ենք Ադրբեջանին, թե’ դիվանագիտական, և թե’ քաղաքական-քարոզչական ասպարեզներում»:
Վերջինիս փոխանցմամբ` եթե հետագայում Ադրբեջանում որոշվի նման օրինագիծ ընդունել, ապա կփորձեն այդ մասին շատ չհրապարակել, ու եթե ընդունվի նմանատիպ օրինագիծ, ապա որոշ ադրբեջանցի փորձագետների դիտարկմամբ, այն կբացառի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հավանականությունը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031